Կառավարությունը 4900 եվրոյին համարժեք դրամ կհատկացնի արդարադատության նախարարությանը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)` ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացրած վճռի պահանջները կատարելու համար: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 25-ի նիստի օրակարգում:
Խոսքը «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործի մասին է: Նշված գործով որոշումը ՄԻԵԴ-ը կայացրել էր 2015թ. հոկտեմբերի 20-ին:
Անահիտ Սաղաթելյանը 2004թ. նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով հեռացվել էր Գեղարքունիքի մարզի դատարանում դատավորի պաշտոնից: Աշխատանքից ազատման հրամանագրի օրինականությունը Սաղաթելյանը վիճարկել էր Հայաստանի դատարաններում, սակայն անարդյունք, ապա դիմել էր ՄԻԵԴ:
Եվրադատարանը վճռել էր, որ Հայաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը (Արդար դատաքննության իրավունք), և ՀՀ կառավարությանը պարտավորեցրել էր հայցվոր Անահիտ Սաղաթելյանին վճարել 3600 եվրո՝ հասցված վնասի համար, ինչպես նաև 1300 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում:
Civilnet











