Այսօր գործող իրավական դաշտի պայմաններում Եվրասիական տնտեսական միության երկրներից ավտոմեքենա ներմուծելու դեպքում ՀՀ-ում վճարվում է ԱԱՀ. մինչև 2017թ. հունվարի 1-ն անցումային ժամանակաշրջան է սահմանվել, իսկ 2017թ. հունվարի 1-ից արդեն ԵՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծելու դեպքում ԱԱՀ չի վճարվի հարկային մարմնին: Այս մասին փետրվարի 24-ին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:
ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան փետրվարի 8-ին Մոսկվա-Երևան-Աստանա տեսակամրջի ժամանակ Հայաստանի իշխանություններին մեղադրել էր քաղաքացիներից ապօրինի գանձումներ կատարելու մեջ: Նա հայտարարել էր, որ երբ Հայաստանի իշխանությունները 20 տոկոս ավելացված արժեքի հարկ են գանձում ԵՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձանցից, դա հակասում է միության իրավապայմանագրային դաշտին:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը, ի պատասխան Վալովայայի այս հայտարարության, ասել էր, որ այստեղ որևէ շեղում կամ բացթողում չկա, ամեն ինչ արվել է պետական բյուջեի շահերից ելնելով` իրավական տողին, տառին համապատասխան: «Անցումային դրույթներով մենք այդ իրավունքն ունենք և այն պահպանելու ենք: Դա մեր եկամտային կարևորագույն հոդվածներից մեկն է, եթե նայենք ԵՏՄ-ի օրենսդրությունը, ապա կարգավորումների մեջ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի խախտում չի արել»,- ասել էր Ալավերդյանը:
Civilnet











