Վարդգես Գասպարի. անզորության «վիրուսը»

Վարդգես Գասպարին (լուսանկարը՝ aravot.am-ից):
Դատարանը ոստիկանության քննիչի քավորությամբ Վարդգես Գասպարիին ուղարկել է հոգեբուժարան փորձաքննվելու։ Խնամք եմ ասել։ Ընդհանուր առմամբ հասկանալի է. եթե ԱԺ-ում չես, ինչպես Առաքել Մովսիսյանը կամ Մհեր Սեդրակյանը, եթե կառավարությունում չես, ինչպես, ասենք, Հրանուշ Հակոբյանը կամ Գագիկ Բեգլարյանը, եթե «անկախ» հանձնաժողովներում չես, ինչպես, ասենք, Արտակ Շաբոյանը կամ Ռոբերտ Նազարյանը, եթե «անկախ» գործարար չես, ինչպես Ռուբեն Հայրապետյանը կամ Գագիկ Ծառուկյանը, եթե մարզպետ չես, ինչպես Սուրիկ Խաչատրյանը կամ Հովիկ Աբովյանը, ուրեմն պիտի հոգեբուժարանում լինես։
Իսկապես, ու՞ր խցկես մարդուն, որը չի ծեծում, չի ստում, չի քծնում, չի հնազանդվում, չի բռնաբարում, չի գողանում, եթե ոչ՝ հոգեբուժարան։ Հոգեբուժարանը հենց նրա տեղն է։ Եթե մարդը Սամվել Ալեքսանյանի երեսին բղավում է հանցագործ,- այդ բյուրեղյա, ինտելեկտուալ մարդու հասցեին, որը դեռեւս ոչ մի օղի չի կեղծել, որը կրծքով է դեմ կանգնել մենատնտես լինելու պետական արտոնությանը,- ուրիշ որտե՞ղ կարելի է տեսնել այդ մարդուն, իհարկե՝ հոգեբուժարանում։ Գասպարին իրեն պետք է հաշիվ տար այդպիսի բաների համար։ Հետաքրքիր է, թե ինչ անհեթեթ անգրեսիայով է իշխանությունը գրոհում անօգնական մարդկանց վրա։ Պատգամավոր մարդը միկրոֆոնի առջեւ խոստանում է գլխատել ու բռնաբարել Սեյրան Օհանյանի խաթրին կպնողին ու դեռ շարունակում է հարցազրույցներ տալ։ Մենք չգիտենք, թե նա ինչպես է իր բնակության «զոնայում» լուծում հարցերն ու կոնֆլիկտները, բայց մարդը հայտ է ներկայացնում մեզ տեղեկացնելու, որ իր «արսենալում» բռնաբարությունն ու գլխատելը կա ու կա։ Իսկ հոգեբուժարանում Գասպարին է։ Իշխանությանն, իհարկե, կարելի է հասկանալ: Նրա գործը ոչ միայն մարդկանց «խելագարի» պիտակ կպցնելն է, այլեւ խելագարեցնելը: ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի կինը նախորդ երկու տարիներին ոչ մի եկամուտ չի ունեցել, հայտարարագրերը լռում են այն մասին, որ նա գոնե մեկ դրամի եկամուտ է ունեցել: Բայց կինը ձեռք է բերել 70 հազար դոլար արժողությամբ արտասահմանյան մակնիշի ավտոմեքենա։ Խելագարվելու բան է՝ եկամուտը զրոյական, գնված մեքենան՝ Ռենջ Ռովեր։
Մարդու իրավունքների նոր պաշտպանը անուն առ անուն գիտի Հայաստանում հետապնդվող մարդկանց, նրանք բոլորը Սերժ Սարգսյանի իշխանության հատկապես քաղաքական, շեշտում եմ, հատկապես քաղաքական հակառակորդներն են, որովհետեւ ոչ նրան փող են պարտք, ոչ էլ Սարգսյանն է նրանց պարտք։ Իսկ պաշտպանը ցրում է լրագրողներին, թե ընթացակարգեր են պետք նրանց գործերը հասկանալու։ Ցրում է, որովհետեւ իրեն ասել են՝ մենք ճշմարտության հարց չենք լուծում, մենք խելագարացնելու հարց ենք լուծում: Ու ինքը գիտի, որ չի պատասխանելու քաղբանտարկյալներ ունենալու մասին ոչ մի հարցի: Որովհետեւ մարդիկ, որոնք էսօր-էգուց հոգեբուժարանի դուռը պիտի գնան, նրանց ինչի՞ն է պետք ճշմարտությունը: Դուք կարծում եք, որ Գասպարին լուրջ սպառնալի՞ք է այս իշխանությանը: Մարդ է, որ պայքարի իր մեթոդներն ունի, ընդ որում՝ շատ չեզոք, պայմանականորեն ասած, քաղաքական հորիզոնականություն է ընդունում ցանկացած ավազակի հետ առերեսվելիս: Որպեսզի այլ բան չանի: Մի անգամ խորհրդարանի մուտքի մոտ պառկելու փոխարեն Սամվել Ալեքսանյանի երեսին բղավեց հանցագործ, այս գործարարի թիկնապահն անմիջապես պառկեցրեց: Եվ շատ կոպիտ: Ու պատասխան չտվեց: Որովհետեւ վերականգնեց «պատմական արդարությունը»: Բայց իշխանությունը Գասպարիով զբաղվելով ցույց է տալիս, որ զգոն է: Որ բոլորի հետեւից գնալու է: Ու գնում է: Հո միայն Սուրիկ Խաչատրյանի ձեռքերին ազատություն տալով չէ: Այդ ձեռքերը բոլորի հետեւից չեն հասնի: Վարդգես Գասպարին տեսլականներ չի հրապարակել, նա պարզապես համաձայն չէ այս իշխանությունների հետ: Գասպարին սովոր չէ շուռ տված իրականությանը: Ուրեմն, նրանով պետք է զբաղվել:
Տեղյա՞կ եք՝ Սուրիկ Խաչատրյանը նշանակվել է Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահ: Իսկ Գասպարին հոգեբուժարանում է: Իսկ Գասպարին հացադուլի եւ ջրադուլի մեջ է: Իսկ Գասպարիի խցակիցները երկու օրում հասցրել են ծեծել եւ նվաստացնել նրան:Տեղյա՞կ եք՝ Սուրիկ Խաչատրյանը նշանակվել է Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահ: Իսկ Գասպարին հոգեբուժարանում է: Իսկ Գասպարին հացադուլի եւ ջրադուլի մեջ է: Իսկ Գասպարիի խցակիցները երկու օրում հասցրել են ծեծել եւ նվաստացնել նրան: Այս ամենը Հայաստանի պատմության գուցե վաղը ոչ մի տող չարժեցող մասն է: Որովհետեւ, կասկած չկա, Սուրիկ Խաչատրյանը մի օր կգտնի իր համապատասխան խուցը, Գասպարիի քննիչը կասի, թե ով իրեն հուշեց էդ ծեր մարդուն ուղարկել հոգեբուժարան փորձաքննվելու, Միհրան Պողոսյանի կինը կասի, թե ինչ փողերով է գնել իր Ռենջ Ռովերը, ոչ միայն կասի: Ամուսնուն կուղարկի պատասխան տալու: Բոլորը պատմելու են ամեն ինչ: Իսկ հիմա ի՞նչ է անում իշխանությունը, ինքը ապականել է բոլոր ընկալումները՝ խորհրդարան, նախագահ, կառավարություն, գործարարություն, անկախ հանձնաժողովներ, լրատվամիջոցներ, նույնիսկ՝ բանտեր, հիմա ուզում է զբաղվել հոգեբուժարաններով, որոնք հիվանդանոցներ են հոգեկան խնդիրներ ունեցողների համար: Ինքը զբաղվում է բոլոր ընկալումները փչացնելով, որպեսզի իրեն հասնող չլինի: Ինքը Գասպարիին ուղարկում է հոգեբուժարան, թեկուզ ժամանակավոր, թեկուզ փորձաքննության անվան տակ, թեկուզ ի վերջո նրան մեղսունակ ճանաչելով, բայց այն բանի համար, որպեսզի վաղը, երբ այդ մարդը բողոքի, բոլորս հիշենք, իմանանք, որ «դե հիվանդի մեկն է», նրա պայքարն ի՞նչ պետք է լինի: Գուցե որպեսզի Գասպարին նստի ու մտածի՝ իսկ եթե թողնեմ փախչեմ էս երկրի՞ց: Գասպարին այս պետությունն անզորության վարակի զոհ դարձնելու կարեւորագույն «վիրուսներից» է, նրա միջոցով պետք է հասկանանք, որ տարբերակ չունենք սրանցից ազատվելու: Փոքր դրվագ է, բայց աղմուկն իրենք կապահովեն:
Մհեր Արշակյան










