Եվրասիական տնտեսական միության երկրներից ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման անցումային դրույթները կվերացվեն. համապատասխան որոշմանը կառավարությունը հավանություն է տվել այսօրվա նիստին:
Հարցը նիստի օրակարգում ընդգրկված չի եղել. այն քննարկվել է արտահերթ կարգով` վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ:
«Այս ամսվա ընթացքում հանրային քննարկման առարկա է դարձել Եվրասիական տնտեսական միության երկրներից մեր քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման խնդիրը: Խնդիրը Եվրասիական տնտեսական միության համար նոր չէ. Ղազախստանում ևս գործել է նման անցումային սահմանափակում: Խնդիրը նոր չէ նաև մեր տնտեսական քաղաքականության օրակարգում ընդգրկվածության տեսակետից: Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ կառավարությունն անընդհատ և ակտիվ քննարկումներ է ունեցել Եվրասիական տնտեսական միության իր գործընկերների հետ՝ առևտրի հիմնական խոչընդոտ հանդիսացող ԱԱՀ-ի անկատար մեխանիզմների վերացման ուղղությամբ: Հարցը քննարկելով ՀՀ նախագահի հետ՝ մենք որոշել ենք վերանայել այս ոլորտը կարգավորող օրենսդրությունը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում և հավանություն է տվել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը համարվել է անհետաձգելի:
***
ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան փետրվարի 8-ին Մոսկվա-Երևան-Աստանա տեսակամրջի ժամանակ Հայաստանի իշխանություններին մեղադրել էր քաղաքացիներից ապօրինի գանձումներ կատարելու մեջ: Նա հայտարարել էր, որ երբ Հայաստանի իշխանությունները 20 տոկոս ավելացված արժեքի հարկ են գանձում ԵՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձանցից, դա հակասում է միության իրավապայմանագրային դաշտին:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը, ի պատասխան Վալովայայի այս հայտարարության, ասել էր, որ այստեղ որևէ շեղում կամ բացթողում չկա, ամեն ինչ արվել է պետական բյուջեի շահերից ելնելով` իրավական տողին, տառին համապատասխան: «Անցումային դրույթներով մենք այդ իրավունքն ունենք և այն պահպանելու ենք: Դա մեր եկամտային կարևորագույն հոդվածներից մեկն է, եթե նայենք ԵՏՄ-ի օրենսդրությունը, ապա կարգավորումների մեջ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի խախտում չի արել»,- ասել էր Ալավերդյանը:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը Ազգային ժողովում երեկ հայտարարել էր, որ մինչև 2017թ. հունվարի 1-ն անցումային ժամանակաշրջան է սահմանվել, և ԵՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծելու դեպքում ԱԱՀ չի վճարվի հարկային մարմնին 2017թ. հունվարի 1-ից:
Civilnet











