Ինչպես ապականել Տիգրան Համասյանի համերգը

Ո՞վ չգիտեր, որ այնտեղ ապրում են ոչ միայն անօթեւանները, այլեւ այնտեղ ապրելն ապրել չէ: Հավասարների Հայաստանում վատ կյանքը, անտանելի կյանքն ամենամեծ ողբերգությունը չէ, ամենամեծ ողբերգությունը՝ երբ ինքդ «մասնակից» ես ուրիշի լավ կյանքին: Այսինքն, առանց քո վատ կյանքի, իրենը լավ չէր լինի, երբ անմխիթարության օղակն ինքդ չես սեղմում քո վզին, այլ՝ ուրիշը, որին դու «սնել» ես: Ո՞վ չգիտե, որ Գյումրին մխիթարություն չճանաչող միակ «բնակավայրը» չէ: Ու՞մ տեսանելի չէր այդ միջավայրը, որտեղ նվագում է Տիգրան Համասյանը: Բոլոր նրանք, ովքեր պետք է տեսնեին այդ ամենը, ապրում են մեր հաշվին: Եվ Համասյանի այս արարքը նրանց չորս ոտքով բերում է այստեղ՝ Գյումրիի այս «դանթեական» ծակը, որպեսզի Աստծո եւ մարդկանց առաջ ապահովագրեն երկու ոտքը: Երկու Հայաստաններից այս միակում բազում օլիգարխներ մկան աշխուժությամբ կարող են մտնել, ողբալ ու դուրս գալ, կարող են գումար թողնել, կարող են հիշել իրենց անօթեւան մանկությունը: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը կարող է ուղեղի կես աշխատանք չպահանջող «վաստակած» գումարը թողնել, նկարահանվել, անպայման նկարահանվել ու գնալ, գրկել իր թոռներին: Որովհետեւ իր համար էն մյուս Հայաստանը «Նոյյան տապան» է, ողբը՝ ողբ, կարեկցանքը՝ կարեկցանք, բայց փրկվել պետք է: Համասյանը գնացել է, որ հիշեցնի՝ դուք տոնի զգացողությամբ եք սպասում Ջրհեղեղին, տղերք: Էս մարդիկ գալիս են, որպեսզի հիշեցնեն, որ փրկվողն իրենք են: Համասյանն ասում է՝ ես Ջրհեղեղը հետաձգում եմ: Ընդհանուր առմամբ անպտուղ զորություն է, որովհետեւ իրենք էդ Ջրհեղեղը կարող են «ручной» իրականացնել:
Այս պատմության մեջ սարսափելին Տիգրան Համասյանի «դերն» է: Որովհետեւ Բալասանյանն ի՞նչ է հասկանում երաժշտությունից: Բալասանյանն ի՞նչ է հասկանում որեւէ առաքելությունից ընդհանրապես: Ինչպես քրիստոնեությունից չեն հասկանում ու բարեգործության են գնում տեսախցիկներով: Տղերք, որեւէ ներդրում միշտ արվում է ցավի մեջ, որովհետեւ մխիթարությունը ցավի մեջ է: Իսկ ցավը հենց անօթեւանությունը չէ, մի կտոր հացի պակասը չէ, ցավը էկզեկուցիան է, երբ էդ մի կտոր հացը ուտում եք նրանց աչքի առաջ: Ավելին, երբ էդ մի կտոր հացի փողը ողբացողներից է վերցված: Դուք ուրիշի հացով եք սարքել ձեր Տապանը:
Ցավն այն է, որ դուք «Աստված» ունեք: Ու այստեղ է, որ Համասյանի դերը դառնում է «սարսափելի»: Որովհետեւ դուք ծլում եք անօթեւանի կողքին Տիգրան Համասյանի ակցիայի առիթով, իսկ ձեր «Աստծո» անունը Սերժ Սարգսյան է, անուն, որը Համասյանի Աստվածը չէ: Թեպետ ես չեմ հասկանում, թե ինչ «հրաշքով» ու ընկալումով է Տիգրան Համասյանը Գյումրիի քաղաքապետ Բալասանյանից վերցնում քաղաքապետի ոսկե մեդալը: Կամ, առնվազն, ինչու՞ չի մերժում: Էդ մեդալը Բալասանյանի Տապանի բարձունքից Տիգրան Համասյանի բարձունքը հավաքագրելն է: Իսկ էդ տնակները նո՞ր են ծլել: Բալասանյանը չպե՞տք է հաշիվ տար դրա համար: Դա ի՞նչ մեդալ է, ՀԱԿ-ի միտինգներին չնվագելու, ընդհանրապես քաղաքական ներկայացվածություն չունենալու՞: Տիգրան Համասյանը մտել է ուրիշ Հայաստան, որտեղ հենց Սամվել Բալասանյանի, նրա քաղաքական թիմի անբարոյականությունն է վխտում անօթեւան ընտանիքների անօգնականության տեսքով: Համասյանը պետք է իմանար, որ ցանկացած ոսկե մեդալ տեսադաշտ է փակում, եթե այն մրցութային հիմունքներով չեն վաստակել: Բալասանյանը մեծ երաժշտի ձեռքն է փորձել խոթել փակ տեսադաշտը, որն իրենն է: Այս բարեգործական ակցիան ազնիվների, գուցե բազում ցավերով համախումբ մարդկանց ներգրավվածությունն է:
Չեմ ասում, թե ակցիան պետք է հագեցվեր իշխանությանն ուղղված մեղադրանքներով, չեմ ասում, թե իշխանությունն իրավունք չունի գումար տալու: Բայց երբ անօթեւանի տան հարցը լուծվում է բարեգործական ակցիայով, եւ իշխանությունն այստեղ դեր ունի, նշանակում է, մենք ողորմածությունը դարձնում ենք անհուսության հուսալի երեսը, նշանակում է, մենք իշխանությանը ժամադրում ենք ողորմածության մեջ: Մինչդեռ իշխանության ձեւավորման սկզբունքի մեջ այս ժամադրությունը չկա, ձեւավորման սկզբունքի միակ ժամադրավայրը քվեատուփն է: Եթե այնտեղ ժամադրությունը չի կայանում, իշխանությունը կարող է խցկվել իմ ու Տիգրան Համասյանի մտահղացումների, գործողությունների եւ հաջողությունների արանքը: Բալասանյանն ու իր նմանները էս ակցիայի մեջ են հայտնվում, որպես ժողովրդյան դրսեւորվող ողորմածությունը իրենց ազդեցության գոտում պահող ժանդարմներ: Իրենք էստեղ են գալիս, որպեսզի մեր մեջ բթացնեն Տապանի մասին իմացությունը, մինչեւ բարով-խերով կմնա միայն Տապանը:
Մհեր Արշակյան










