Մարտի 10-ին Մոսկվայում կայացել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ՌԴ իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ։
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպմանն անդրադարձ է արվել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցությանը, պարբերական խորհրդատվությունների անցկացմանը, քննարկվել են հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը ստորագրել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև 2016-2017թթ. խորհրդակցությունների ծրագիրը, որով նախատեսվում է առաջիկա երկու տարիների ընթացքում ԱԳՆ-ների միջև անցկացնել միջազգային, տարածաշրջանային խնդիրների, տեղեկատվական ապահովման, հյուպատոսական և այլ հարցերի վերաբերյալ շուրջ երեք տասնյակ խորհրդակցություններ։
Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում է գտնվում նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում: Երեկ կայացել է Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին, առկա խնդիրներին և այդ գործընթացն առաջ մղելու հնարավորություններին վերաբերող հարցեր:
Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ «Հայաստանը հաստատապես աջակցում է Սիրիայի հարցով Ռուսաստանի դիրքորոշմանը»:
Civilnet











