Գլխավոր Լրահոս

Ընտրական օրենսգրքի փոփոխությունը պետք է պարտադրել Բաղրամյան պողոտայում

Ընտրական օրենսգրքի փոփոխությունը պետք է պարտադրել Բաղրամյան պողոտայում

Նոր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները դարձել են քաղաքական օրակարգի թիվ մեկ թեման: Իշխանություններն այս փուլում փորձելու են օրենսգրքի շուրջ հանրային բովանդակային քննարկման պատրանք ստեղծել, քաղաքական ու հասարակական կեղծ կոնսենսուսի հասնել և լեգիտիմացնել նոր Ընտրական օրենսգիրքը: Ներկայացված փաստաթղթում ներառված չէ որևէ մեխանիզմ ընտրությունների որակի ու թափանցիության բարձրացման ուղղությամբ: Գործող ընտրական օրենսգրքում առկա սողանցքներն ու բացթողումները, որոնք ընտրակեղծիքների մեքենային հնարավորություն էին տալիս արդյունավետ աշխատել, պահպանվել են առաջարկված նախագածում:

Գաղտնիք չէ, որ Հայաստանում ընտրություններ կեղծելու հիմնական գործիքներ են ընտրողների ցուցակների հետ մանիպուլյացիաները՝ տարատեսակ դրսևորումներով՝ լցոնումներից մինչև կրկնակի քվեարկություն: Իհարկե, կիրառվում են ընտրակեղծարարության այլ մեթոդներ, սակայն վերոհիշյալ երկուսը ընտրակեղծիքի մեքենայի հիմնասյուներն են: Եթե օրենսդրական մակարդակով վճռական հարված չի հասցվել այս հիմնասյուներին, ավելորդ է խոսել թափանցիկ ու արդար ընտրությունների մասին:

Ընտրական օրենսգրքի նախագծում կոսմետիկ փոփոխություններն ու ճռճռան ձևակերպումները հիմք չեն կարող լինել ընտրությունների նկատմամբ հանրային վստահության բարձրացման համար: Ներկայացված փաստաթուղթը պարզապես հարմարեցված է նոր Սահմանադրության պահանջներին պետական իշխանության մարմինների ձևավորման համատեքստում: Սակայն ոչ մի էական քայլ արված չէ գոնե օրենսդրական մակարդակում ընտրակեղծիքների մեքենան կանգնեցնելու ուղղությամբ: Միայն այն հանգամանքը, որ իշխանությունն ամեն գնով հրաժարվում է ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակը հրապարակելուց, արդեն իսկ խոսում է, որ իշխանությունը քաղաքական կամք ու պատրաստակամություն չունի 2017թ. թափանցիկ ու արդար ընտրական գործընթաց կազմակերպելու: Իհարկե, այդ ցուցակների հրապարակումը երաշխիք չէ, որ ընտրությունները իդեալական կանցնեն, սակայն կարևոր երաշխիք է, որը լավ նախապայման կլինի իշխանությունների հետ լուրջ երկխոսություն սկսելու համար:

Նոր Ընտրական օրենսգրքով իշխանությունը փաստացի ընտրական գործընթացների կազմակերպման գործում ստատուս քվոյի պահպանման հայտ է ներկայացնում: Այսինքն՝ հնարավորություն ընտրությունները հերթական անգամ կեղծելու ու իշխանություն բռնազավթելու:

Քանի որ խորհրդարանում հնարավոր չէ տապալել Ընտրական օրենսգրքի նախագիծը, շահագրգիռ քաղաքական ուժերը համախմբվելուց և հենց Բաղրամյան պողոտայում օրենսգրքի տապալաման ուղղությամբ հրապարակային պայքար մղելուց բացի, այլ տարբերակ չունեն:
Այն քաղաքական ուժերը, որոնք շահգրգռված են ստատուս քվոյի փոփոխությամբ, պետք է փորձեն տապալել նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը: Եթե օրենսգրքում չեն ներառվում ընտրակեղծիքների մեքենան կազմալուծելուն միտված մեխանիզմներ, ապա ներկայացված նախագիծը բարելավելու շուրջ հանրային քննարկումներին մասնակցելն ու կոսմետիկ փոփոխությունների առաջարկով հանդես գալը ոչ այլ ինչ է, քան նոր Ընտրական օրենսգրքի լեգիտիմացում: Նոր Սահմանադրության ընդունմանը նախորդած հանրային քննարկումների փորձը թարմ է մեր հիշողություններում:

Քանի որ խորհրդարանում հնարավոր չէ տապալել նախագիծը, շահագրգիռ քաղաքական ուժերը համախմբվելուց և հենց Բաղրամյան պողոտայում օրենսգրքի տապալաման ուղղությամբ հրապարակային պայքար մղելուց բացի, այլ տարբերակ չունեն: Հազարավոր համակիրներով շրջապատել Ազգային ժողովի շենքը, հրապարակային ճնշման միջոցով թույլ չտալ ընտրակեղծիքների մեքենայի համար կանաչ լույս վառող Ընտրական օրենսգրիքի ընդունումը: Հաջորդ քայլերով էլ պարտադրել Ընտրական օրենսգրքի արմատական փոփոխություն: Օրինակ, ներկայացված օրենսգրքին ընդդիմացողների կողմից քաղաքական տեսակետից գրագետ քայլ կլիներ այլընտրանքային ընտրական օրենսգրքի մշակումը, որի մեջ ամփոփված կլինեն այն հիմնական սկզբունքներն ու մեխանիզմները, որոնք թույլ կտան հնարավորինս թափանցիկ ու արդար ընտրություններ անցկացնել:

Համաձայնություն տալ նոր Ընտրական օրենսգրքի նախագծին՝ թեկուզև կոսմետիկ փոփոխություններով, նշանակում հավանություն տալ Սերժ Սարգսյանի վարչակազմի կողմից հերթական անգամ իշխանության բռնազավթման ճանապարհային քարտեզին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում