Լուսանկարում (ձախից՝ աջ)՝ Նուբար Աֆեյան, Ջորջ Քլունի, Ռուբեն Վարդանյան, Վարդան Գրեգորյան:
«Ավրորա» մրցանակի (The Aurora Prize for Awakening Humanity) ընտրող հանձնաժողովի անդամները Նյու Յորքում որոշել են մրցանակի հավակնորդների անունները, տեղեկացնում է «Ավրորա»-ի կայքը:
«Թեկնածությունները դիտարկվել են հավակնորդների գործունեությունը ներկայացնող փաստական նյութերի հիման վրա՝ կարևորելով ցուցաբերած խիզախությունը, նվիրվումն ու տվյալ համայնքի վրա դրական ազդեցությունը»,- ասված է տարածված հաղորդագրությունում:
«Մեծ պատիվ է գնահատել մարդկանց կյանքը փրկելու համար այդքան զոհողությունների գնացած բացառիկ այս անհատականությունների գործը,– ասել է Ընտրող հանձնաժողովի անդամ և 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը,- իբրև Ընտրող հանձնաժողովի անդամ՝ ես մեծ բավականություն եմ զգում, որ մարդասիրության այն ոգին, որի շնորհիվ 100 տարի առաջ այդքան հայ է փրկվել, ապրում է մինչ օրս։ Դրա լավագույն վկայությունն առաջադրված թեկնածուների ծանրակշիռ գործն է»։
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահներն են Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը և օսկարակիր դերասան ու բարերար Ջորջ Քլունին։ Հանձնաժողովի անդամներն են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը և Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը։
Մրցանակն Ավրորա Մարդիգանյանի անունն է կրում, որը Հայոց ցեղասպանության տարիներին երեխա էր, երբ հոր և եղբայրների սպանության ականատեսը դարձավ։ Հաղթահարելով բոլոր վտանգները՝ նա ողջ մնաց և աշխարհին պատմեց 1915թ. տեղի ունեցած վայրագությունների մասին։ Մրցանակի հիմքում ինչպես Ավրորայի փրկությունն է, այնպես էլ վերապրումի ու խիզախության հազարավոր անհայտ դրվագներն են, որ եղել են 100 տարի առաջ և կան այսօր։
Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին «Ավրորա» մրցանակը շնորհելու է դափնեկրին 2016թ. ապրիլի 24-ին, Երևանում։ Դափնեկիրն ստանալու է 100 000 դոլարի պարգև և հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1 միլիոն դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին։
Civilnet











