Հայաստանի համար գազի գնի լրացուցիչ իջեցման ուղղությամբ բանակցություններ են ընթանում. այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը՝ հավելելով, որ գազի 165 դոլար գինը գործում է մինչև 2016թ. ապրիլի 1-ը:
«Երբ վերջնական պատկերը լինի, միանգամից կտեղեկացնենք հանրությանը վերջնական լուծումների և պայմանավորվածությունների մասին»,- ասել է Յոլյանը:
Ապրիլի 1-ից 1000 խմ գազի դիմաց կրկին 189 դոլար վճարելու հավանականության մասին հարցին ի պատասխան էներգետիկայի նախարարն ասել է. «Չեմ կարծում»:
Նախարարի խոսքով` Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ չէր նախատեսվում այդ մասին որևէ փաստաթուղթ ստորագրել. հետևաբար խոչընդոտներ չկան, գործընթացը բնականոն ընթացքի մեջ է:
2015թ. ռուսական կողմը Հայաստանի համար 1000 խմ գազի դիմաց 189 դոլար սակագինն իջեցրել է 165 դոլարի:
Օրերս Ռուսաստանը Հայաստանի համար գազի 165 դոլար արտոնյալ սակագնի ժամկետը երկարացրել է մինչև 2016թ. առաջին եռամասյակի ավարտը:
Civilnet











