Գլխավոր Լրահոս

Հայտնի են «Ավրորա» մրցանակի չորս հավակնորդների անունները

Հայտնի են «Ավրորա» մրցանակի չորս հավակնորդների անունները
The New York Times թերթը հրապարակել է «Ավրորա» մրցանակի չորս հավակնորդների անունները: Մրցանակի հավակնորդ է Մարգարիտ Բարանկիցեն (Marguerite Barankitse), որը «Մեյսոն Շալոմ» որբանոցն է հիմնել՝ 1990-ականների Բուրունդիի, Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում տեղի ունեցող էթնիկ զտումներից երեխաներին փրկելու համար: Մյուս հավակնորդը դոկտոր Թոմ Քաթինան է (Tom Catena)՝ Նյու Յորքի արվարձան Ամստերդամից: Նա ութ տարի առաջ հիմնադրել է բարեգործական հիվանդանոց  Սուդանում պատերազմից ջլատված Նուբայի լեռներում՝ լինելով միակ բժիշկը կես միլիոն բնակչություն ունեցող տարածքում: Մրցանակի երրորդ հավակնորդը Սայիդա Ղուլամ Ֆաթիման է (Syeda Ghulam Fatima), որը ղեկավարում է «Հարկադիր աշխատանքից ազատագրության ճակատ» կազմակերպությունը Պակիստանի Լահոր քաղաքում, որը չքավոր աշխատողներին օգնում է ազատվելու պարտքի բեռից: «Ավրորա» մրցանակի չորրորդ հավակնորդը Տոգոյից հոգևորական Բեռնարդ Կինվին է (Bernard Kinvi): Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում հարատև ընթացող քաղաքացիական հակամարտության ընթացքում կաթոլիկ այս հոգևորականի ղեկավարած առաքելությունը մահացու հետապնդումից շուրջ հազար մուսուլմանի է փրկել, հիմնականում՝ կանանց և երեխաների: «Ավրորա» մրցանակի (The Aurora Prize for Awakening Humanity) Ընտրող հանձնաժողովի համանախագահներն են Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը և օսկարակիր դերասան ու բարերար Ջորջ Քլունին։ Հանձնաժողովի անդամներն են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը և Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը։ «Ավրորա» մրցանակը հիմնել են գործարարներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, ինչպես նաև Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը: Մրցանակն Ավրորա Մարդիգանյանի անունն է կրում, որը Հայոց ցեղասպանության տարիներին երեխա էր, երբ հոր և եղբայրների սպանության ականատեսը դարձավ։ Հաղթահարելով բոլոր վտանգները՝ նա ողջ մնաց և աշխարհին պատմեց 1915թ. տեղի ունեցած վայրագությունների մասին։ Մրցանակի հիմքում ինչպես Ավրորայի փրկությունն է, այնպես էլ վերապրումի ու խիզախության հազարավոր անհայտ դրվագներն են, որ եղել են 100 տարի առաջ և կան այսօր։ Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին «Ավրորա» մրցանակը շնորհելու է դափնեկրին 2016թ. ապրիլի 24-ին, Երևանում։ Դափնեկիրն ստանալու է 100 000 դոլարի պարգև և հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1 միլիոն դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած  կազմակերպություններին։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում