Ազգային ժողովը մարտի 16-ին առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է Եվրասիական տնտեսական միության երկրներից ներկրվող մեքենաների համար ավելացվաց արժեքի հարկ չգանձելու մասին օրինագիծը:
Օրինագծին կողմ է քվեարկել 107 պատգամավոր:
ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան փետրվարի 8-ին Մոսկվա-Երևան-Աստանա տեսակամրջի ժամանակ Հայաստանի իշխանություններին մեղադրել էր քաղաքացիներից ապօրինի գանձումներ կատարելու մեջ: Նա հայտարարել էր, որ երբ Հայաստանի իշխանությունները 20 տոկոս ավելացված արժեքի հարկ են գանձում ԵՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձանցից, դա հակասում է միության իրավապայմանագրային դաշտին:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը, ի պատասխան Վալովայայի այս հայտարարության, ասել էր, որ այստեղ որևէ շեղում կամ բացթողում չկա, ամեն ինչ արվել է պետական բյուջեի շահերից ելնելով` իրավական տողին, տառին համապատասխան: «Անցումային դրույթներով մենք այդ իրավունքն ունենք և այն պահպանելու ենք: Դա մեր եկամտային կարևորագույն հոդվածներից մեկն է, եթե նայենք ԵՏՄ-ի օրենսդրությունը, ապա կարգավորումների մեջ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի խախտում չի արել»,- ասել էր Ալավերդյանը:
Անցումային ժամանակաշրջան էր սահմանված 2017թ. հունվարի 1-ը, սակայն կառավարությունը փետրվարի 25-ի նիստին լրացուցիչ կարգով հավանություն տվեց ԵՏՄ երկրներից ՀՀ ֆիզիկական անձ հանդիսացող ՀՀ քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման անցումային դրույթները վերացնելու վերաբերյալ օրինագծին:
Civilnet











