Գլխավոր Լրահոս

Քրդերը մտադիր են Սիրիայի հյուսիսում դաշնային համակարգ հաստատել

Քրդերը մտադիր են Սիրիայի հյուսիսում դաշնային համակարգ հաստատել

Հյուսիսային Սիրիայի քրդերը մարտի 16-ին հայտարարել են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում դաշնային համակարգ հիմնելու մտադրության մասին: Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, քրդերը հայտարարել են այն բանից հետո, երբ դուրս են մնացել Սիրիայի հարցով Ժնևում ընթացող բանակցություններից:

Մարտի 16-ին «Ժողովրդավար դաշնային համակարգ Ռոժավայի համար» խորագրով համաժողովին, որին մասնակցել է ավելի քան 200 պատվիրակ, քննարկվել է հյուսիսային Սիրիայի դաշնայնացման հարցը: Քննարկմանը մասնակցել են ինչպես քրդերը, այնպես էլ նրանց վերահսկողության տակ գտնվող տարածքներում բնակվող այլ ազգեր՝ հայեր, ասորիներ, արաբներ, թուրքմեններ:

Պաշտոնական հայտարարության հրապարակումն ակնկալվում էր երեկ, սակայն հետաձգվել է «տեխնիկական պատճառներով», այդ թվում՝ պայմանավորված արաբական և ասորական համայնքների հետևյալ պահանջով՝ պետք է երաշխիք տրամադրվի առ այն, որ դաշնայնացումը չի ենթադրի անջատում Սիրիայից:

Համաժողովի մասնակիցները նաև կանխատեսել են ՄԱԿ-ի հովանու ներքո ընթացող բանակցությունների ձախողում, որոնց չեն մասնակցում Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն կուսակցության» (PYD) ներկայացուցիչները:

Համաժողովի կազմակերպիչներից Ալդար Խալիլը Reuters-ին ասել է, որ «ժողովրդավարական դաշնային համակարգը լավագույն տարբերակն է»:

Չնայած քուրդ ներկայացուցիչների հավաստիացումներին, որ դաշնայնացումը չի ենթադրում Քրդստանի անջատում Սիրիայից, այդուհանդերձ, համաժողովի արդյունքում կայացրած որոշումը լարվածություն է մտցրել միջսիրիական բանակցություններում:

Այսպես՝ Ժնևում սիրիական կառավարության պատվիրակության ղեկավար Բաշար ալ Ջաֆարին հիշեցրել է, որ դաշնայնացման հարց ժնևյան օրակարգում չկա:

Քրդական հարցի սրացման ֆոնին Մոսկվան կոչ է անում որքան հնարավոր է արագ ներգրավել քրդերին Ժնևի հանդիպումներում: Եվրամիությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը երեկ իր հիասթափությունն է հայտնել այն առթիվ, որ քրդերը դուրս են մնացել բանակցություններից:

«Եվրոպայում մեր բազմաթիվ գործընկերներ կիսում են մեր մտահոգությունը այն հարցում, որ բանակցային գործընթացի զգալի հատվածը (նկատի ունեմ քրդերին) դեռ դուրս է մնում դրանից: Պատճառները քաջ հայտնի են: Ժնևում առաջընթացին զուգընթաց այդ ասպեկտը դառնալու է է՛լ ավելի սուր՝ հարուցելով Թուրքիայի դժգոհությունը»,- ասել է Չիժովը:

Իսկ Անկարան արդեն հայտնել է իր դժգոհությունը՝ հյուսիսային Սիրիայի դաշնայնացման պլանը համարելով անընդունելի:

«Սիրիայի միասնությունն ու տարածքային ամբողջականությունը հիմնարար է մեզ համար: Բացի այդ, միակողմանի որոշումները չեն կարող ուժ ունենալ»,- Hurriyet Daily News-ին ասել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնյաներից մեկը:

Թուրքիան PYD-ն համարում է Քրդստանի աշխատավորական կուսակցության [PKK, ահաբեկչական կառույց է հռչակված Թուրքիայում - ՍիվիլՆեթ] ճյուղավորումը: Մինչդեռ PYD-ն և դրա ռազմական թևը՝ «Ժողովրդական պաշտպանության ուժերը»՝ YPG-ն, Սիրիայում «Իսլամական պետության» դեմ կռվող ամենաարդյունավետ ուժերից են, որոնց հետ համագործակցում է ԱՄՆ-ը:

Մարտի 16-ին սիրիական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ ռուս-ամերիկյան համատեղ ջանքերը քննարկել են ՌԴ և ԱՄՆ արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին: «Կոմերսանտը» գրում է, որ Լավրովը Քերիին հավաստիացրել է՝ ՌԴ օդային-տիեզերական ուժերի դուրսբերումը Սիրիայից բարենպաստ մթնոլորտ է ստեղծում ժնևյան բանակցություններում:

TASS գործակալության աղբյուրների տվյալներով՝ մարտի 22-ին Ջոն Քերին կայցելի Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարի ՌԴ բարձր ղեկավարության հետ: ԱՄՆ պետքարտուղարը լրագրողներին ասել է, որ Մոսկվա է մեկնում քննարկելու այն հարցը, թե ինչպես կարելի է առաջ տանել քաղաքական գործընթացը Սիրիայում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում