Կառավարության մարտի 17-ի նիստին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել ցածր ջերմաստիճանի հետևանքով առաջացած և հնարավոր խնդիրների մասին:
Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, նշվել է, որ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության կանխատեսումների համաձայն՝ ցրտահարություն էր սպասվում անցյալ գիշեր, այսօր և վաղը:
Ըստ Սերգո Կարապետյանի` այս գիշեր բացասական ջերմաստիճան է գրանցվել Զվարթնոցի և նրա հարակից մի քանի համայնքներում: Նա տեղեկացրել է, որ այսօր և վաղը սպասվում է ավելի ցածր ջերմային ռեժիմ, և հորդորել է գյուղացիական տնտեսություններին շարունակել իրականացնել ավանդական եղանակով պաշտպանության միջոցները (ծխապատում և կորիզավոր պտղատու այգիների ոռոգում)` կորուստներից խուսափելու, դրանք նվազեցնելու համար:
Նախարարը նշել է, որ դեռևս հնարավորություն չկա գնահատելու կորուստները. դա պարզ կլինի առաջիկա 2-3 օրերի ընթացքում: Սերգո Կարապետյանը հայտնել է նաև, որ բարձրադիր գոտիներում՝ Թալինի տարածաշրջանում, Բաղրամյանի տարածաշրջանում, Վայոց ձորի բարձրադիր գոտիներում, Կոտայքի մարզի բարձրադիր գոտիներում, ծիրանենիները դեռևս չեն ծաղկել, և այնտեղ ցրտահարություն լինել չի կարող:
Ցրտահարության հետևանքով հնարավոր կորուստները կանխելու, մեղմելու նպատակով վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ ջուր մատակարարել բոլոր այն հողօգտագործողներին, որոնք կդիմեն:
Այսօր առավոտյան Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել էր, որ այս գիշեր ցրտահարություններ են գրանցվել հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում Արարատյան դաշտում: Նա նշել էր, որ մարտի 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության տարածքին մոտենում է հզոր անտիցիկլոն, անտիցիկլոնի պայմաններում ակնկալվում է եղանակի լիարժեք պարզեցում, որի արդյունքում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի նվազում ևս 2-4 աստիճանով:
Civilnet











