Սիրիան միրգ-բանջարեղենի կանոնավոր մատակարարումներ է սկսել Ռուսաստան, որոնք կոչված են մասնակիորեն փոխարինել թուրքական արտադրանքը. հունվարից դրա ներմուծումը Ռուսաստան արգելված է, գրում է ռուսական «Կոմերսանտը»:
Պարբերականը գրում է, որ ներմուծողը «Ադիգ Յուրաք» ընկերությունն է, որի արտադրանքն արդեն առաքվում է «Ֆուդ-Սիթի» առևտրի կենտրոն, բանակցություններ են ընթանում Ռուսաստանի մանրածախ առևտրի խոշորագույն ներկայացուցիչների հետ:
Ինչպես «Կոմերսանտին» պատմել է ընկերության գլխավոր տնօրեն Ասլան Փանեշը, անցյալ շաբաթ Նովոռոսիյսկի նավահանգիստ է հասել մթերքի երկրորդ խմբաքանակը՝ մոտ երեք հազ. տոննա նարինջ, կիտրոն, թուրինջ, լոլիկ և կաղամբ:
Սիրիական կողմը Ռուսաստան մատակարարումներ սկսելու պատրաստակամություն է հայտնել 2015թ. դեկտեմբերին. այն ժամանակ գործարար Ամջադ Դուբան ռուսական պարբերականներից մեկի հետ զրույցում պատմել էր, որ պատրաստ է Ռուսաստանին մատակարարել ցիտրուսայիններ Լաթաքիայից: Սակայն մինչև վերջերս Սիրիայից մատակարարումները կրել են փորձնական բնույթ և եղել են փոքրաքանակ:
Ինչպես պատմել է Ասլան Փանեշը, կես տարուց Սիրիայում սկսվելու է փաթեթավորման համար արդի նյութի արտադրություն, ինչն ընկերությանը թույլ կտա շաբաթական Ռուսաստան ներկրել 3-4 հազ. տոննա միրգ-բանջարեղեն:
«Մտադիր ենք ներկրման ծավալները հասցնել շաբաթական մինչև 5 հազ. տոննայի»,- «Կոմերսանտը» մեջբերում է Փանեշին:
***
Այս տարվա հւնվարից արգելվել է թուրքական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը Ռուսաստան: Դա տեղի է ունեցել Սիրիայում Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչ ինքնաթիռի խոցումից հետո. միջադեպը մեծապես սրել է ռուս-թուրքական հարաբերությունները:
ՌԴ Բանջարեղեն արտադրողների ազգային միության տվյալներով՝ 2015թ. Ռուսաստն է ներկրվել մոտ 2,6 մլն տոննա բանջարեղեն: Խոշորագույն ներկրողներն էին Չինաստանը, Թուրքիան, Իսրայելը, Եգիպտոսը, Ադրբեջանն ու Մարոկկոն:
2015թ. Ռուսաստան ներկրված ցիտրուսայինների ծավալը գերազանցել է 1,5 մլն տոննան, որից 34 տոկոսը բաժին է ընկել Թուրքիային, 16 տոկոսը՝ Եգիպտոսին, 13 տոկոսը՝ Մարոկկոյին:
Civilnet











