Կեղծ ազգայնականությանը և կեղծ ժողովրդավարությունն օգտագործվում են որպես իշխանության պահպանման կամ վերարտադրման գործիքներ:
Մարտի 24-ին Երևանում կայացած «Անալիտիկոն» ամսագրի փետրվար ամսվա «Ազգայնականություն. երեկ, այսօր, վաղը» խորագրով թեմատիկ համարի հանրային քննարկման ժամանակ անդրադարձ եղավ նաև կեղծ-ազգայնականությանը և կեղծ ժողովրդավարությանը, որոնք դիտարկվեցին որպես իշխանության պահպանման կամ վերարտադրման գործիքներ։
Այս առումով ընդգծված հումորով խոսվեց Հանրապետական կուսակցության՝ իբր թե նժդեհյան գաղափարախոսության և ՀՅԴ-ի ազգային-համազգային-ազգայնական էության ու այս երկուսի արտառոց սիմբիոզ-կոալիցիայի մասին։ Ինչպես նշեց մասնակիցներից մեկը՝ վերլուծաբան Սերգեյ Քամալյանը, իրականում իշխանությունների համար ընդունելի է ցանկացած գաղափար ու գաղափարախոսություն, որը կարող է նպաստել իրենց վերարտադրմանը։ Պատահական չէ, որ երբ միջազգային այս կամ այն կազմակերպության այս կամ այն գնահատականը ձեռնտու է լինում իշխանավորներին, նրանք իսկույն ևեթ խոսում են միջազգային համահնչունության և համամարդկային արժեքների կարևորության մասին, բայց ահա երբ այդ գնահատականներն անբարենպաստ են լինում իրենց համար, ահազանգում են ազգային արժեքներին ու ազգային հոգեկերտվածքին սպառնացող վտանգների մասին ու իրենց մերժողական կեցվածքը բացատրում ազգային կամ տեղական առանձնահատկություններով։ Ահա թե ինչու առնվազն լուրջ չէ գաղափարական հենք որոնել նրանց գործունեությունում, առավել ևս՝ ազգային-ազգայնական գունավորում տալ դրան։ Անձնական-խմբային-կուսակցավերնախավային-կլանային էությունն ավելի բնորոշ է մեր քաղաքական դաշտին։
Միով բանիվ, քննարկման մասնակիցները համակարծիք էին, որ հայաստանյան քաղաքական դաշտում իրապես կա ազգայնական հենքին խարսխված քաղաքական ուժի կարիք։ Սակայն կարևոր է նաև, թե ինչ ենք հասկանում «ազգայնական» ասելով։ Նշվեց, որ «ազգայնականություն» հասկացությունը հաճախ կապվում է ծայրահեղ պահպանողականության, ժողովրդավարական և ազատական արժեքների ժխտման, հակաարևմտյան և հակաարդիական դիրքորոշումների հետ: Ընդ որում, այս մտայնությունը հաճախ կիսում են ոչ միայն ազգայնականության քննադատները, այլև իրենց ազգայնական համարողներից շատերը: «Անալիտիկոն» ամսագրի փետրվարյան համարի «Ինչու պետք է կործանվեր Ավստրիան. ազգայնականությունը և ազատական արժեքները» վերտառությամբ իր հոդվածում վերլուծաբան Միքայել Զոլյանը, մինչդեռ, նշում է.
«Միշտ չէ, որ ազգայնականությունը եղել է պահպանողական, միշտ չէ, որ այն նայել է դեպի ետ և վախեցել ապագայից: Ընդհակառակը, այն ժամանակ, երբ ազգայնականությունը ձևավորվում էր որպես քաղաքական գաղափարախոսություն և քաղաքական շարժում, այն տրամագծորեն հակառակ դիրքերում էր: Սովորաբար համարվում է, որ որպես քաղաքական գաղափարախոսություն ազգայնականությունը մուտք է գործել իրական քաղաքականության դաշտ ֆրանսիական հեղափոխության տարիներին: Ազգայնական գաղափարները սերտորեն կապված էին ֆրանսիական հեղափոխության բերած մյուս քաղաքական սկզբունքների հետ: Պատահական չէ, որ ազգայնականության գաղափարների ձևավորումը հաճախ կապում են Լուսավորականության դարաշրջանի մտածողների, մասնավորապես Ժան Ժակ Ռուսոյի հետ։ Թերևս Մահաթմա Գանդիի մասին խոսելիս մեր ժամանակակիցները դժվար թե նրան բնութագրեն իբրև «ազգայնական», սակայն իրականում նրա ղեկավարած Հնդկաստանի ազգային կոնգրեսի գաղափարախոսությունը միանգամայն տեղավորվում էր այս հոսանքի շրջանակներում»:
Այսինքն, ամենևին էլ պարտադիր չէ, որ ազգայնականությունը լինի ատավիզմին ազգակից ինչ-որ բան կամ պարզապես բրածո։ Առավել ևս՝ կառուցվի սեփական գերազանցության և այլատյացության վրա։
Իսկ որո՞նք են հայկական ազգայնականության առանձնահատկությունները։ Ամսագրի նույն համարում տպագրված իր «Հայկական ազգայնականությունը» Հայաստանի ներսում և նրանից դուրս» հոդվածում լրագրող Դավիթ Ստեփանյանը գրում է, որ «հայկական ազգայնականության» ամենաճշգրիտ սահմանումը տվել է հայտնի հայ պետական և զինվորական գործիչ՝ «Ցեղակրոն» շարժման ղեկավար Գարեգին Նժդեհը։
«Նժդեհն ազգային անհատապաշտությունը բնութագրում էր որպես սեփական ցեղի ոգուն հավատարիմ մնալու, իր պատմական տեսակի կատարելագործմանը և ազատության պաշտպանությանն ազգի արդար ձգտման դրսևորում։ Նժդեհը ոչ մի դեպքում ազգային անհատապաշտությունն այլ ազգերի նկատմամբ ազգային գերազանցության միջոց չէր դիտում, պնդելով, որ հայ ազգի պես փոքր ազգերի պարագայում ազգայնականությունը շովինիզմի կամ ֆաշիզմի հետ ընդհանուր ոչինչ չունի՝ բացառապես հանդիսանալով ազգի և նրա ինքնության պահպանման միջոց»։
Ինչ վերաբերում է անհատապաշտությանը, ապա սա ևս բավականին հետաքրքիր թեմա է։ Նշվեց, որ հայկական ազգայնականությունը երբեք մարդակենտրոն չի եղել, հայրենասիրությունը մարդասիրության-հայասիրության հետ սերտ առնչություններ չի ունեցել, այլ խարսխված է եղել մարդու-անհատի նվիրական-մատաղացու սիրո վրա։ Հանուն հայրենիքի։
Իսկ հանուն մարդո՞ւ։
Այնպես որ, փնտրվում է ազգայնական-մարդակենտրոն քաղաքակիրթ քաղաքական ուժ։
Գեղամ Բաղդասարյան
«Անալիտիկոն» ամսագրի գլխավոր խմբագիր
Գեղամ Բաղդասարյան











