Գլխավոր Լրահոս

Արաքսի այն ափին՝ բերք ու բարիք, այս ափին՝ Սառը պատերազմի փշալար

Արաքսի այն ափին՝ բերք ու բարիք, այս ափին՝ Սառը պատերազմի փշալար

Լուսանկարը՝ Արմեն Հակոբյանի:

Ապրիլի 23-ին հայ-իրանական սահմանի երկայնքով՝ Ագարակ քաղաքից, հասա մինչև Նռնաձոր գյուղը, նախկին՝ Նյուվադին, ապա կրկին վերադարձա Ագարակ: Ես առաջին անգամ էի անցնում Հայաստան-Իրան սահմանի ողջ երկայնքով: Հայ-իրանական սահմանային Ագարակ քաղաքից մինչև Միջնավան (նախկինում՝ Մինչևան, Զանգելանի շրջան)՝ մինչև Արցախ-Իրան սահմանային կետը, մոտ 40 կիլոմետր է: Ճանապարհի որոշ կիլոմետրեր քայլում էի՝ ավելի լավ զգալու և հասկանալու տարածքը:

Հայաստան-Իրան սահմանի վրա իմ ուշադրությունը հատկապես գրավեց այն իրողությունը, որ Արաքսի պարսկական ափը թաղված էր կանաչի, բերքատու այգիների ու բարիքի մեջ, մինչդեռ հայկական ափը, բացի փշալարերից դուրս հողակտորները, հիմնականում անմշակ է ու լքված:

Իրանական կողմից փշալար չկա ու չի եղել: Արաքսի աջ ափ կարելի է հանգիստ մոտենալ, չկան սահմանապահներ, իսկ եթե կան, ապա տեսանելի չեն: Մինչդեռ հայկական կողմից չես կարող մոտենալ Մայր Արաքսի ջրերին, քանի որ պահպանվում են Սառը պատերազմի ժամանակները հիշեցնող փշալարերն ու դիտաշտարակները:

1992-ին Հայաստանը Ռուսաստանի հետ համաձայնության է եկել և կնքել համապատասխան փաստաթղթեր, համաձայն որոնց, ինչպես Հայաստան-Թուրքիա, այնպես էլ Հայաստան-Իրան սահմանը հսկում են հայ-ռուսական համատեղ սահմանապահ ուժերը:

Հայաստանը և Իրանը համարվում են բարեկամ երկրներ: Անշուշտ, սահմանները պետք է հսկվեն նաև բարեկամ երկրների միջև: Սակայն արդարացվա՞ծ է անկախության 25-րդ տարում անգամ ունենալ փշալար և սահմանը հսկող հայ-ռուսական համատեղ ուժեր: Եթե անգամ՝ այո, ապա վաղուց ժամանակն է, որ հայ գյուղացին, հայ մշակը հնարավորություն ստանա ազատ կերպով օգտագործել Արաքսի հայկական ափի բարեբեր հողակտորները:

Ինչո՞ւ կարելի է պարսիկներին, բայց չի կարելի հայերին: Հատկապես, երբ Հայաստանը այնքան շատ կարիք ունի բերք տվող հողի:

Բացի այդ, ինչո՞ւ մենք անկախության 25-րդ տարում անգամ հնարավորություն չունենք մոտենալու Մայր Արաքսի ափին, ջրերին:

Ես չեմ ասում՝ Russians go home, քանի որ դա լրագրողի ասելիք չէ և գուցե ամենալավ, ամենաճիշտ ասելիքը չէ:

Բայց ժամանակն է, որ Հայաստան-Իրան սահմանը այլևս չհիշեցնի մեզ Խորհրդային Միության ժամանակները, Սառը պատերազմի ժամանակները:

Հայաստան-Իրան սահմանում ես ուզում եմ ինձ զգալ որպես ազատ, անկախ, ինքնիշխան պետության քաղաքացի:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում