Գլխավոր Լրահոս

Խաչը

Խաչը

Ի՞նչ է Խաչը։ Ենթադրենք ես քաղցկեղ ունեմ։ Ես կես քիմիաթերապիայի փող չունեմ։ Ես նույնիսկ նախնական սովորական դեղերի փող չունեմ։ Ինքս, իհարկե, ոչ մեկից ոչ մի լումա չեմ ուզի։ Բնականաբար, իմ հիվանդությունը ենթադրում է դրամահավաք։ Ու ես կարող եմ կանխել այդ դրամահավաքը։ Բայց գուցե ապրելու ջանքը հաղթի։ Գուցե մարդիկ նույնիսկ չնայեն իմ չեմուչումին։

Բայց ովքե՞ր պետք է մասնակցեն այս դրամահավաքին։ Ենթադրվում է, որ ես որոշակի հեղինակություն ունեմ։ Դե, ասենք, հաստատ մի 500 հոգի ինձ կճանաչի, կլինեն պետական պաշտոնյաներ, նաեւ՝ գործարարներ, որոնք կշտապեն «ներդրում» կատարել իմ առողջության վրա։ Գուցե բոլորովին անծանոթ մարդիկ նույնպես միանան իմ՝ ոչ այնքան շարքայինի, փրկությանը։ Գուցե։ Եվ գուցե ես իսկապես առողջանամ։ Այս առողջությունն արդեն հաշվետու է բոլորին, ովքեր «ներդրում» են կատարել։ Անծանոթները, սովորական քաղաքացիներն առանձնապես չեն էլ շտապի հռչակել իրենց դերն իմ վերածնության մեջ։ Բայց ես, ի՞նչ արած, առանձնապես կծու եմ իմ հրապարակումներում եւ իմ «փրկությունն» արդեն ենթադրում է կծվության սասանում։ Չէ՞ որ գործարարների եւ պետական պաշտոնյաների կատարած «ներդրումը» պետության ներդրումը չէ իմ առողջության վրա։ Հայաստանում պետությունը նման «ներդրումների» մեջ չկա։ Հիմա տեսեք։ Ես ուզում եմ գրել, ասենք, հանրապետության առաջին փեսա Միքայել Մինասյանի՝ պետական իշխանությունը յուրացնելու խարդավանքներով լի ուղիների մասին։ Ինչ-որ մեկն իմ ականջին շշնջում է՝ գիտե՞ս, մարդը 10 հազար դոլար է փոխանցել քո հաշվին, երբ դու ճանկռում էիր մահվան դռները։ Մինասյանին հանգիստ թողեցինք։ Ինքը պետությունը չէ, ինչպես ես պետությունը չեմ։ Այսինքն, ինքը պետությունը չէ այն իմաստով, որ թեպետ իր փողերը պետության փողերն են,- որովհետեւ Հայաստանում ուրիշ փող չկա, որովհետեւ պաշտոնում հնարավոր է գողանալ միայն պետության փողերը,-բայց իմ վրա «ներդնելու» նախաձեռնությունն անձնական է։ Նշանակում է, մարդն  անձնական «ներդրում» է կատարել։ Վատիկանն անգամ այստեղ չի համոզի, որ ձախ ձեռքը չպիտի իմանար, թե ինչ է անում աջը։ Անցանք Սամվել Ալեքսանյանին։ Մարդու կեղծած օղին ինչ-որ մեկի համար կյանք է արժեցել։ Նստում ես գրելու։ Գալիս է մեկ ուրիշը՝ Իսրայելի ուռուցքաբանական ինստիտուտին այդ մարդն անձամբ փոխանցել է 12 հազար դոլար, որ «քեզ լավ նայեն»։ Դե հիմա կտրեք ձեռքս։ Գոնե իմ մասով Սամվել Ալեքսանյանը հուր հավիտյան վաստակեց իր «ինդուլգենցիան»։ Ու այսպես, շարունակ՝ Հովիկ Աբրահամյան, Գագիկ Ծառուկյան, Բարսեղ Բեգլարյան, Սերժ Սարգսյան, Գագիկ Խաչատրյան եւ այլք։ Սրանց մեծ մասը չի էլ թողնի, որ բանը հասնի գրիչը ձեռքս վերցնելուն։ Իմ վերածնության առաջին իսկ օրը ինձ կտեղեկացնեն բարերարների պատկառելի կարգավիճակը։ Գուցե նույնիսկ հընթացս տեղեկացնեն, երբ առողջությունս արդեն վերականգնվում է, բայց մտքերս դեռ մահվան հետ են։

Իսկ ապրել պետք է, հասկանում եք։ Այսինքն, պետք է գրել, որովհետեւ դա իմ ամենաֆիզիկական աշխատանքն է։ «Ներդրումներն» արվել են, որովհետեւ «կոնկրետ քյար ա»։ Առողջացանք, որովհետեւ մեզ որպես կծու գրչի էին բանի տեղ դրել։ Եթե գրչի մարդ չլինեի, մահից հետո կլինեի ավելի աղքատ, քան մինչեւ մեռնելս էր՝ այն իմաստով, որ տուն-տեղ վաճառեցի, ու հիմա որպես մեռած իմ հետեւից «տարա» իմ ընտանիքին։ Նրանց ապրելն իմ մեռած լինելուց ավելի գերադասելի չէ։ Ես չառողջացա, իսկ նրանց վիճակը ավելի վատացավ։ Բայց որոշակի հեղինակության հաշվին առողջանալն իմ ընտանիքին ազատեց փողոց ընկնելուց։ Սակայն այստեղ բախվում ենք այլ խնդրին։ Ենթադրենք, իմ վերածնության առաջին թույլատրելի զոհը Մհեր Սեդրակյանն է։ Կամ՝ Առաքել Մովսիսյանը։ Այս մարդկանց «ներդրումների» մասին ոչ մի տեղեկություն չկա։ Ոչ միայն չկա, թքած են ունեցել։ Ոչ միայն թքած են ունեցել, այլ օր առաջ սպասել են, որ մեռնեմ։ Գուցե նույնիսկ «եկեղեցի» են խառնել էս գործին։ Չշտապենք։ Բայց ինչ-որ մեկին կոնկրետ ծեծել են իմ արդեն առողջ գոյության օրերին։ Ուրեմն, գրում ենք Մհեր Սեդրակյանի մասին։ Իսկ իմ արարքը բարոյակա՞ն է։ Բարոյականը թողնենք մի կողմ։ Իմ արարքը ճի՞շտ է։ Ոչ։

Սամվել Ալեքսանյանի ինդուլգենցիան այսուհետեւ նաեւ Մհեր Սեդրակյանի եւ Առաքել Մովսիսյանի ինդուլգենցիան է, այդ «ներդրումն» իմ գլխում է, ոչ թե՝ Ալեքսանյանի գրպանում։ Որովհետեւ եթե Ալեքսանյանն իմ ձեռքին դարձավ անպատիժ, այսինքն, իր «վրա» գրող մեկին արանքից հանեց, այսինքն, լուծեց զուտ իր անձնական անպատժելիության հարցը գոնե իր մասով, նշանակում է, կրկնակի մեծացրեց Մհեր Սեդրակյանի իմ թիրախը լինելու հնարավորությունը։ Որովհետեւ իմ զոհերի շրջանակը նեղացավ, ինդուլգենցիաները բաժանվեցին, բայց հո մնացին մարդիկ, որոնք ոչնչով լավը կամ վատը չեն Սամվել Ալեքսանյանից։ Չենք գրի հայտնի օլիգարխի մասին, կգրենք հայտնի քրեականի մասին։ Խաչը իմ հիվանդությունը չէ, այլ՝ իմ առողջ օրերի կծու գրչի եւ հիվանդ օրերի անզորության «հարազատությունը»։ Եթե այդ օրերի արանքում մեկը խցկվեց, նա չի կիսում իմ Խաչը, նա տակնուվրա է անում այն։ Նա Խաչը զրկում է իր բնությունից եւ դրանից փորձում է սարքել եկեղեցի։ Որ պահից ես առողջացա, մեկի ինդուլգենցիան տարածվում է բոլորի վրա, որովհետեւ բոլորը դառնում են իմ առողջության բաժնետերերը՝ մարդասպանը, գողը, անբարոյականը։

Քաղցկեղից բուժվելու այս ողբերգությունը մեր օրերի հեռուստաընկերությունների եւ էլեկտրոնային լրատվամիջոցների մեծ մասի հիվանդությունն է՝ նրանք կարող են քննադատել կամ հողին հավասարեցնել բոլորին՝ սակայն Սերժ սարգսյանի ընտանիքն անուն առ անուն անձեռնմխելի է։ Նրանք բոլորը արդեն մտել են սեփական առողջության համար անընդհատ մուրալու մի դաշտ, որտեղ արվող «ներդրումը» կաթիլային է եւ ամենակարեւորը՝ հենց լրագրողի գրպանից։ Մեր լրագրողների մեծ մասը Խաչի ընկալումը չունի։ Ապրել պետք է, խոսք չկա, բայց այդ պահից, երբ հանրային «նշանակության» գողը, մարդասպանը կամ թալանչին դարձան քո առողջության բաժնետերը, իրենք ակամայից դառնում են մյուս գողերի, մարդասպանների ու թալանչիների «բարեխոսը»։

«Խաչը ինձ արդեն ավելորդ դարձրած իմ առողջությունն է,որի ինտելեկտուալ միակ բաժնետերը իմ գրչից ազատագրվածներն են»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում