Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է ապրիլի 25-ին, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը ուշագրավ խոստովանություն է անում՝ ըստ էության հերքելով ապրիլյան քառօրյա պատերազմից հետո զինվորականների այն հայտարարությունները, որ հետախուզությունը տեղյակ էր նախապատրաստվող հարձակման մասին:
Պատերազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո սկսեցին հարցեր հնչել այն մասին, թե արդյոք մեր հետախուզությունը տեղյա՞կ էր Ադրբեջանի կողմից նախապատրաստվող լայնամասշատաբ պատերազմական գործողությունների մասին, և արդյոք բանակը, հատակապես առաջնագծում տեղակայված ստորաբաժանումները, հավուր պատշաճի պատրա՞ստ էին դիմագրավելու ադրբեջանական ագրեսիային:
Կրակի դադարեցումից հետո՝ ապրիլի 6-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը, հակադարձելով մեղադրական շեշտադրումներ պարունակող հարցադրումներին, հայտարարեց.
«Մենք ունեցել ենք համապատասխան տեղեկություն մեր հետախուզությունից, որը պարբերաբար տվյալներ է հավաքում հակառակորդի կազմի, տեղափոխությունների և նրանց հնարավոր գործողությունների մասին: Հենց դա է հայկական ուժերին օգնել դիմակայել հակառակորդին ամբողջ առաջնագծով և հասնել հաջողությունների»:
Այս հայտարարությունից քսան օր անց երկրի փաստացի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, պատասխանելով Bloomberg գործակալության հարցերին, այդ խնդրի հետ կապված բառացիորեն նշում է.
«Ստույգ տեղեկություններ, անշուշտ, չունեինք, որ ապրիլի 1-ը կարող է այդպիսի իրադարձությունների սկիզբ դառնալ, և իհարկե, եթե ունենայինք, ադրբեջանցիները շատ-շատ մեծ կորուստներ կկրեին, և այս մի քանի մետրը, որ իրենք գրավել են, այդ էլ չէին կարողանա գրավել»:
Համեմատեք պաշտպանության նախարարի ասածները գերագույն գլխավոր հրամանատարի ասածների հետ: Մեկնաբանությունները թերևս ավելորդ են: Պարզապես պետք չէ զարմանալ, որ իշխանության նկատմամբ վստահության մնացորդները այլևս մսխված են: Ռազմական ղեկավարության նկատմամբ վստահությունը խիստ կարևոր գործոն է, և պատերազմական իրավիճակում այդ վստահության խաթարումը խիստ վտանգավոր է և հղի անցանկալի հետևանքներով:












