Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը ապրիլի 27-ին հաստատել է 30 մլն դոլար արժողությամբ վարկ՝ «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի ֆինանսական առողջացման արդյունաքահենք ծրագրի» համար:
Ինչպես ասված է Համաշխարհային բանկի հաղորդագրության մեջ, ծրագիրը կօժանդակի կառավարության, բավարար և հուսալի էլեկտրաէներգիայի մատակարարման ջանքերին, բարելավելով էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների ֆինանսական վիճակը և կառավարումը և էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության ֆինանսական վիճակը:
«Էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների ֆինանսական վիճակի և կառավարման բարելավումը և էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության հետ ավելի լավ կառավարվող ֆինանսական հարաբերությունը կարևորագույն նշանակություն ունեն մատչելի սակագներով բավարար և հուսալի էլեկտրաէներգիայի մատակարարումը պահպանելու համար»,- ասել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին:
Համաշխարհային բանկի հաղորդագրության համաձայն` ծրագիրը կապահովի արդյունքային չորս ուղղություն՝ կդադարեցվի էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների դրամական միջոցների արտահոսքը հիմնական գործունեությանը չառնչվող ուղղություններով, կնվազեցվեն թանկ առևտրային վարկերը և դեբիտորական պարտքերը և կվճարվի բնական գազի դիմաց Երևանի ՋԷԿ-ի կրեդիտորական պարտքը, կսահմանվեն էլեկտրաէներգիայի մատակարարման արժեքի փոփոխություններն արտացոլող սակագներ և կպահպանվի Երևանի ՋԷԿ-ի՝ համակցված շոգեգազային ցիկլով կայանի գազատուրբինի արտադրական հզորությունը:
«Ծրագրի շահառուները երկրի բոլոր էլեկտրաէներգիա սպառողներն են, ինչպես նաև արտադրող պետական ընկերությունները և էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերությունը: ՀԱԷԿ-ի և Երևանի ՋԷԿ-ի, ինչպես նաև ՀէՑ-ի ֆինանսական առողջությունը կապահովի բավարար միջոցներ՝ էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության համար պահանջվող պահպանման և նոր ներդրումների ուղղությամբ անհրաժեշտ ծախսերի մի մասի համար: Ավելին, ցանցին միացած 140 000 տնտեսվարողներ և այլ իրավաբանական անձինք ևս կշահեն, քանի որ ծրագիրը կօգնի հուսալի կերպով էլեկտրաէներգիայի նրանց պահանջարկի լիարժեք ապահովմանը»,- ասել է Համաշխարհային բանկի ծրագրի ղեկավար Արթուր Կոչնակյանը:
Վարկը կտրամադրվի 14,5 տարի արտոնյալ և 25 տարի ընդհանուր մարման ժամկետով:
1992թ. Համաշխարհային բանկին և 1993թ. Միջազգային զարգացման ընկերակցությանը անդամակցելուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին տրամադրվել է շուրջ 2.3 միլիարդ դոլար:
Civilnet











