Խաղաղության ապահովագրությունը

Թալիշ, ԼՂՀ, ավերված բնակարան: Լուսանկարը՝ Ռուբինա Մարկոսյանի, ՍիվիլՆեթ:
Պետությունը պետք է ապահովագրի հայ զինվորի կյանքը: Դա է Հայաստանի Հանրապետություն ունենալու գինը: Որովհետև հայ զինվորը աղքատ է: Որովհետև հայ զինվորը, անկեղծ լինենք, ոչ մեկն է: Նա բարոյական հենք է բոլոր նրանց համար, ովքեր ոչնչով չեն կարող օգտակար լինել հայ զինվորին: Մինչդեռ էդ բարոյական հենքի զգացողության համար մարդը կանգնած է ծերունու ականջ կտրելու և գնդակահարելու ունակ հակառակորդի դեմ: Նշանակում է՝ ինքն էդպիսի գազանություններից ապահովագրված չէ: Նշանակում է, նրա հարազատները պետք է կարողանան ապրել այդպիսի մահվան բեռով: Իսկ դրա համար պետք է, որ հնարավոր զոհն ապահովագրվի:
Նա, սակայն, իշխանության բարոյական հենքը չէ: Խոսրով Հարությունյանը գիտի ուր փախչել, երբ ադրբեջանցին կմտնի Հայաստան: Բոլորը գիտեն: Միայն զինվորը չգիտի: Որովհետև նա փախուստի հակոտնյան է, նա այդպես է կառուցված: Նրան այնպիսի սահման են դեմ տվել, որտեղ ինքն ինքնակարգավորվել է: Ուրեմն նրա կյանքը պետք է ապահովագրվի: Որովհետև նա չի կարող իրեն ինքնակարգավորել ակնհայտ գազանությունների և մահվան առաջ, իսկ իշխանությունը շարունակի բյուջեի փողերն ուտել խաղաղության ախորժակով: Այդ զինվորն, ի վերջո, կարող է վերադառնալ հաշմանդամ: Նա կարող է վերադառնալ մի կյանք, որտեղ ոչ ոք նրա կարիքն այլևս չունի: Նա, ի վերջո, կարող է չզոհվել: Բայց նրա կյանքը, որը վերքերի, հոգեկան և ֆիզիկական հաշմությունների ամբողջություն է, պետք է արժեք ունենա: Պետություն ունենալը գին ունի, որովհետև նրա արժեքը զինվորն է: Պետության գործն է այսուհետև մտածել զինվորի մասին, որի ուշքն ու միտքը գուցե ծառայությունից հետո արտագաղթելն է: Ունեցել ենք, չէ՞, այդպիսի զինվորներ: Հայ զինվորը, կյանքը ցույց տվեց, մեր միակ հարստությունն է, որովհետև մյուս հարստությունը, ասենք, «Հրազդան Ցեմենտը», զինվորինը և նույնիսկ սովորական քաղաքացունը չէ:
Հայ զինվորը չի արտադրում, բայց նա արտադրության հողն է, չի մշակում, բայց նա մշակման գործիքն է: Հայ զինվորը քրտնում է, չի քնում, մաշում է իրեն, նա 18 տարեկան է և ամեն ինչ չգիտի այն հողի մասին, որը պաշտպանում է: Նրա հենման կետը ծնողներն են, որոնք ատում են պատերազմը, բայց նրա վրա իշխանություն չունեն: Նրա հենման կետը սիրած աղջիկն է, որը գուցե ամենևին էլ այս երկրի հետ չի կապում լավ կյանքի ծրագրերը: Իշխանությունն ամեն ինչ արեց հաշմելու ոչ միայն խաղաղության քաղաքացուն, նա զինվորին նույնպես հաշմված ուղարկեց սահման: Բայց զինվորը թափ տվեց իրեն: Որովհետև մահվան հեռանկարն իր կարգավորումներն ունի: Խաղաղության զինվորին մենք տանուլ ենք տվել: Խաղաղության զինվորը մեռել է: Ուրեմն, այս պետությունը պետք է մտածի պատերազմի զինվորի մասին, եթե ուզում է ուտել պատերազմի հացը: Փողը կա, և կա այնքան, որ մի քանի այսպիսի պատերազմի՝ զենքի և ապահովագրության գումարներով, կհերիքի: Բայց էդ փողը բյուջեում չէ: Սա է խնդիրը: Զինվորը մեռնում է էդ փողի հետ կապ չունենալով, սակայն օգնում է, որ պետության «պռնկին» վիշապի նման նստածների կապվածությունն էդ փողին չտուժի: Հետևաբար, այս մարդիկ նստած են զինվորի վզին:
Ի՞նչ է ապահովագրությունը: Դա մահվան ընկալման դեմ քո կռիվն է: Դու պատահականության վրա իշխանություն չունես: Չես իմանա, թե հակառակորդիդ մտքով երբ ինչ կանցնի: Եվ չես ասի, թե քո զգոնությունը երաշխիք է չմեռնելու: Որովհետև հիմա չեն սպանում աչքերիդ մեջ նայելով: Հիմա սպանում են հեռավորությունից, հակառակորդի խորը թիկունքից «գործուղվող» մի արկը հերիք է: Ապահովագրությունը ողբերգության և կյանքի բալանսն է: Ողբերգությունը կա, բայց կյանքը շարունակվում է: Ապահովագրությունն առանց մարտահրավերի ընկալման չի լինում: Զինվորը չկա, բայց կյանքը որպես մարտահրավեր շարունակվում է: Ուրեմն, ինչու՞ է պետք ապահովագրել զինվորի կյանքը: Բանն այն է, որ իշխանությունն առ այսօր խաղաղության մասին չի մտածել, ապրելու միակ հրամայականն այս տարիներին եղել է ինքը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որովհետև առաջին պատերազմից Սարգսյանն ամենաշահածն է դուրս եկել: Ապահովագրությունը պետք է, որպեսզի բյուջեն մնա պետությանը, ոչ թե իշխանությանը: Իսկ եթե բյուջեն վերադարձվի պետությանը, իշխանությունը կսկսի մտածել խաղաղության ուղիների մասին, զինվորի կյանքի ապահովագրությունը կդառնա խաղաղության ապահովագրություն: Իշխանությունը ելքեր կմտածի հակամարտությունը խաղաղ վերջացնելու մասին (սա Ադրբեջանի իշխանությանն էլ է վերաբերվշում), այսինքն, զինվորի ապրելու ուղիների մասին: Խաղաղությունը կդառնա երկու երկրների իշխանության միակ գործը:
Եվ պետք չէ ասել, թե պետությունն այսպես թե այնպես մտածում է զոհված զինվորի ընտանիքի մասին: Այսօրվա զոհերի մեջ քիչ չեն նախորդ պատերազմի զոհերի երեխաները, որոնց կյանքը եղել է սոցիալական առումով ողորմելի: Մենք չենք ունեցել այդ իշխանությունը, որը զինվորին դիտարկի որպես իր արդյունավետ աշխատանքի և ստեղծագործական ազատության նախապայման: Մենք այսօր առավելևս չունենք այդ իշխանությունը: Զոհերի հարազատներին տրվող նպաստները նրանց չեն զրկել զինվորի արժանապատիվ մահից, բայց նրա մեջ հեռացրել են պետությունը որպես այդպիսի մահվան բովանդակություն: Հետևաբար, այս իշխանությունը պետք է թափ տա իր գրպանները և հեռու մնա բյուջեից, որպեսզի բյուջեն նույնպես դառնա պետության բովանդակություն: Բյուջեն նույնպես պետք է մասնակցի ապրողների կյանքին: Եվ ամենակարևորը՝ մենք չենք կարող ընտրել մեռնողներին սահմանի վրա, բայց մենք կարող ենք ընտրել «բյուջեի վրա» ապրողներին:
Մհեր Արշակյան










