Գլխավոր Լրահոս

Եթե ես լինեի...

Եթե ես լինեի...
Եթե ես նախագահ լինեի, երբեք չէի լուսանկարվի զենքով: Նախագահից պիտի խաղաղություն հորդի, նա պիտի լինի «խաղաղության հերոսը»: Եթե ես լինեի վարչապետ, հաճախ կմտածեի մահվան մասին: Գոնե պատերազմի անունից: Դա խանգարում է գողանալ: Եթե ես լինեի խորհրդարանի ղեկավար, պատերազմ կհայտարարեի «հայրենասիրություն» բառին: Դա օրենքներ գրելուց ոչինչ չհասկացողների բառն է: Դա կուշտ մարդու հերթական չասելիքն է: Երբ կուշտ մարդը «ասելիք» ունի, նա բավարար կուշտ չէ: Եթե ես լինեի խորհրդարանի պատգամավոր, չէի մոռանա մարդու դեմքը: Նրան ապրողներ են պետք: Եթե ես լինեի սոցիալական ապահովության նախարար, կփորձեի հիշել թե ինչպես են սիրում աղքատության մեջ: Մյուսներն այդ ինքդ ես: Եթե ես կաթողիկոս լինեի, իմ գործունեության ծրագիրը կլիներ «Գիրք Ժողովողին»: Համենայնդեպս, կաթողիկոսը չպետք է խաղա փրկությունը: Եթե ես լինեի պաշտպանության նախարար, իմ առաջին ընկերը կլիներ հակառակորդի պաշտպանության նախարարը: Գուցե դրանից հետո նա գտնի չզինվելու համար անհրաժեշտ բառերը: Եթե ես լինեի ԿԸՀ նախագահ, բոլորն իմ աչքերում կկարդային «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» մտքի առօրեականությունը: Եթե ես լինեի Ազգային վիճակագրական ծառայության պետ, գաղտնիքներ չէի ունենա: Մինչեւ գաղտնիքը կդառնար պետական կառավարման հմայք: Եթե ես լինեի Ոստիկանության պետ, ոչ մի հանցագործի տականք չէի ասի: Նրանք զուգահեռ խաղի կանոնների զոհերն են: Զուգահեռ խաղի կանոնները միշտ հանցածին են: Եթե ես լինեի Ազգային անվտանգության ծառայության պետ, ամեն օր հրաժարական կտայի: Մինչեւ ժողովուրդը կբյուրեղացվի «ազգային անվտանգությունից»: Եթե ես դատավոր լինեի, ես կլինեի ունայնության եւ օրենքի միջեւ կապը: Այդ կապի մեջ ուրիշ մեկի համար տեղ չէր գտնվի: Ես կլինեի օրենքին շղթայված միակ բանտարկյալը, որը կորցնելու այլ բան չունի: Եթե ես գործարար լինեի, իշխանություններից ոչ մեկին դեմքով չէի իմանա: Որովհետեւ գործարարությունը նույնպես ստեղծագործական աշխատանք է եւ այն պալատականություն չի սիրում: Եթե ես ուսուցիչ լինեի, կսովորեցնեի, որ ամենակատարյալը, հատկապես ակամայից, ստացվում են հարազատների եւ ընկերների հանդեպ արվող ստորությունները: Եթե ես լինեի բժիշկ, ես հավանաբար կլինեի խոստովանեցնող բժիշկ; Դե թող դրանից հետո գնա ու ստորություններ անի: Եթե ես աղքատ լինեի, ես կլինեի ինքնասիրության աճուրդի միակ լոտը: Այսինքն, ամենաանգինը: Եվ որպես զոհ էլ ինձ չէին դիտարկի: Եթե ես հանճար լինեի, կբղավեի, որ լավագույն ստեղծագործությունը լինում է անանուն: Բառերը հավակնոտության մի օղակն են: Եթե ես զինվոր լինեի, կպատմեի բոլորին, որ պատերազմը սնվում է մեր ատելությամբ: Եթե ես լրագրող լինեի, իմ հերոսը կլիներ այն զինվորը, որի միակ հերոսությունը խաղաղության այս օրն է:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում