Գլխավոր Լրահոս

Ինչու է Սերժ Սարգսյանը խուսափում բանակցություններից

Ինչու է Սերժ Սարգսյանը խուսափում բանակցություններից
Արդեն ակնհայտ է, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացը՝ չնայած Սերժ Սարգսյանի դիմադրելու փորձերին, առաջիկայում ակտիվանալու է: Եվ միանգամայն հնարավոր է, որ բանակցությունները ճակատագրական լինեն Հայաստանի համար: Մայիսի 16-ին Վիեննայում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի՝ միջնորդների մասնակցությամբ հանդիպումից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում հայտարարեց. «...Մենք նպատակադրված ենք գործը ավարտին հասցնելու, որպեսզի շարժվենք հակամարտության լիարժեք կարգավորման ուղղությամբ: Հավանաբար կողմերի միջև բավական լարված իրադրության պատճառով դա կարվի փուլ առ փուլ, և կարգավորման առաջին փուլի ուղենիշերը համաձայնեցնելու հնարավորություն կա»: Իր հերթին անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայի հանդիպմանը, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 17-ին ադրբեջանական «ԱՊԱ»-ի հետ զրույցում կիսել է Լավրովի լավատեսությունն ու համաձայնել նրա կողմից տրված գնահատականների հետ. «Ես համամիտ եմ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի գնահատականի հետ, որ երեկվա բանակցությունները ստեղծում են լավ հնարավորություններ բովանդակային բանակցությունների մեկնարկի համար` հիմնված հակամարտության կարգավորման հանրահայտ փուլային մոտեցման վրա»: Ե՛վ Լավրովը, և՛ Մամեդյարովը ակնհայտ, առանց քողարկելու հայտարարում են, որ բանակցային սեղանին դրվելու է հակամարտության կարգավորման փուլային տարբերակը: Հակամարտության կարգավորման Ադրբեջանի պատկերացրած փուլային տարբերակը բնականաբար չի բխում ՀՀ և ԼՂՀ պետական շահերից: Թերևս այս պատճառով էր, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 18-ին «Ինտերֆաքս» գործակալության հետ զրույցում ասել է. «Որևէ կասկած չկա, որ վերջին տարիներին բանակցային գործընթացի բոլոր փուլերում, ներառյալ մտքերի փոխանակման փուլում, մոտեցումը եղել և շարունակում է մնալ նույնը, և դրա մասին բազմիցս ասել ենք, դրա մասին նշել են նաև համանախագահները, այդ թվում՝ Լավրովը. կարգավորումը պետք է լինի փաթեթային՝ փուլային իրականացմամբ»: Այսինքն, Նալբանդյանը հայտարարում է, որ Լավրովի ասած, Մամեդյարովի գոհունակությանն արժանացած փուլային տարբերակը վերաբերում է ոչ թե հակամարտության կարգավորմանը, այլ բանակցային գործընթացին: Ընդհանրապես, փուլային ասվածը կարող է վերաբերել երկու հասկացության՝ բանակցային գործընթացին և բուն կարգավորման գործընթացին: Բանակցային գործընթացի փուլայինը հասկանալի է: Օրինակ, առաջին փուլում քայլեր են ձեռնարկվում հրադատարի ռեժիմը պահպանելու համար, շփման գծում ներդրվում է մոնիտորինգի համակարգ, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմներ և այլն: Այս փուլերից հետո նոր սկսվում է հակամարտության կարգավորման բովանդակային գործընթացը: Սա այն է, ինչի մասին ասում է Էդվարդ Նալբանդյանը, ու կցանկանար, որ իրականության մեջ հենց այդպես էլ լիներ: Իսկ Լավրովի ասած փուլային տարբերակը վերաբերում է շատ կոնկրետ հակամարտության կարգավորմանը: Իր հերթին բուն կարգավորման փուլային տարբերակը հիմնականում կարող է երկու դրսևորում ունենալ. ա) Ստորագրվում է հակամարտության կարգավորման ամբողջական փաստաթուղթ: Այդ փաստաթղթի մեջ, օրինակ, հստակեցվում է ԼՂՀ  կարգավիճակը, այսինքն՝ ֆիքսվում են շատ կոնկրետ ժամկետներ, թե երբ պետք է հանրաքվե անցկացվի: Միաժմանակ սկսվում է հայկական զորքերի աստիճանական դուրսբերումը «անվտանգության գոտիներից», վերադառնում են փախստականները, տեղակայվում են խաղաղապահ ուժեր և այլն: Այսինքն, կախված այն բանից, թե ինչ բովանդակությամբ փաթեթ է ստորագրվել, այդ փաստաթղթում ամրագրված գործողություններն իրականացվում են փուլային տարբերակով: բ) Այս տարբերակը փուլայինի ամենավտանգավոր դրսևորումն է Հայաստանի համար: Այս տարբերակը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ, օրինակ հինգ շրջանների՝ փոխադարձ վստահության մթնոլորտ ձևավորելու և կոնֆլիկտի մասշտաբը նվազեցնելու հիմնավորմամբ: Միայն դրանից հետո սկսվում են բուն բանակցությունները նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում կարգավիճակի շուրջ: Այս տարբերակով հայկական կողմը տարածքներ է հանձնում ոչ մի բանի դիմաց, սա զիջումային, ամենավատ ու վտանգավոր տարբերակն է: Գաղտնիք չէ, որ Ադրեբջանը միշտ էլ հակված է եղել հակամարտության կարգավորման փուլային վերջին տարբերակին: Դատելով Լավրովի հայտարարությանը Մամեդյարովի դրական գնահատականից՝ կարելի է լուրջ կասկածներ ունենալ, որ այս պահին բանակցային սեղանին դրված է հակամարտության կարգավորման փուլային տարբերակը, որով Սերժ Սարգսյանին ստիպում են այս փուլում զորքերը դուրս բերել ազատագրված տարածքներից, որից հետո խոսել ճանաչման մասին: Ինքնաթիռում տված հայտնի հարցազրույցում Սերժ Սարգսյանը չի հերքել, որ Վիեննայում քննարկվել է հայկական զորքերի դուրսբերման խնդիրը: «Չգիտեմ, էդ որ ադրբեջանցիներն են պնդում զորքերի դուրս բերման մասին, դրանից հետո մոնիտորինգ հաստատելու, բայց ես գործ ունեմ Ադրբեջանի նախագահի հետ , որը այդպիսի բան չհայտարարեց այնտեղ: Դրա մասին (զորքերի դուրսբերման) խոսք եղավ մեկ այլ կոնտեքստում, բայց դա այսօրվա հադիպմանը քիչ էր վերաբերում»,- նշել էր Սերժ Սարգսյանը՝ չմանրամասնելով, թե ինչ համատեքստում է քննարկել ազատագրված տարածքներից զորքերի դուրսբերման խնդիրը: Միգուցե քննարկվել է հակամարտության հենց փուլային տարբերակը, որը ենթադրում է առաջին հերթին զորքերի դուրսբերում, հետո՝ մնացածը: Հասկանալի է, որ եթե սեղանին դրվելու են հակամարտության կարգավորման հենց այդ սկզբունքները, դա ոչ թե հակամարտության կարգավորում է, այլ Հայաստանի և Արցախի կապիտուլյացիա: Հենց այդ պատճառով է, որ Սերժ Սարգսյանը փախնում էր բանակցային սեղանից, սակայն նրան ստիպեցին նստել: Իսկ նստելուց հետո արդեն փորձում է թաքցնել իրականությունը: Սերժ Սարգսյանը իրականում հայտնվել է փակուղու մեջ՝ մի կողմից ռեսուրսների բացակայության պատճառով չի կարող դիմադրել արտաքին ճնշումներին, մյուս կողմից հող հանձնելու փորձի դեպքում երկրի ներսում նրա քաղաքական ու անձնական անվտանգությունը լուրջ ռիսկի տակ կհայտնվի:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում