Գլխավոր Լրահոս

Ցեղասպանության մասին բանաձևում փորձ է արվել իրերը կոչել իրենց անուններով. Բունդեսթագի փոխնախագահ

Ցեղասպանության մասին բանաձևում փորձ է արվել իրերը կոչել իրենց անուններով. Բունդեսթագի փոխնախագահ
Էդելգարդ Բուլմահնը մայիսի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Գերմանիայի Բունդեսթագում շրջանառվող` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևում փորձ է արվել իրերը կոչել իրենց անուններով և ցույց տալ ժամանակին գործող գերմանական իշխանությունների մեղքի բաժինը Հայոց ցեղասպանության հարցում. այսպիսի հայտարարություն է արել Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը Երևանում մայիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպմանը: Ինչպես հաղորդում են ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Բուլմահնը կարևորել է Գերմանիայի կողմից պատմությանն առերեսումը և պատմության խորքից իրողությունների վերհանումն ու խնդիրների հաղթահարումը, ինչպես դա եղել է Հոլոքոստի զոհերի հարցում: Բունդեսթագի փոխնախագահը նշել է, որ բանաձևում առկա ուղերձները նաև Թուրքիային են ուղղված: Հանդիպմանը Էդելգարդ Բուլմահնն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը և Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Նա հույս է հայտնել, որ զինադադարը կպահպանվի, պայմանավորվածությունները չեն մնա թղթի վրա և կյանքի կկոչվեն. հակառակ դեպքում կլինի իրավիճակի կրկնություն, որը, նրա համոզմամբ, չպետք է թույլ տալ: Բուլմահնը համաձայնություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի այն տեսակետին, ըստ որի, հակամարտության կարգավորումը չպետք է ունենա ռազմական լուծում: *** «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևի նախագծի քննարկումը Բունդեսթագում նախատեսված է հունիսի 2-ին: Հայոց ցեղասպանության հարցը Գերմանիայի խորհրդարանում քննարկվել էր նաև 2015թ. ապրիլի 24-ին: «1915/16 թթ. հայերի տեղահանության և ջարդերի մասին» բանաձևն այդ ժամանակ, սակայն, քվեարկության չէր դրվել։ Խորհրդարանական խմբացկությունները երկու ժամ տևած բանավեճից հետո ընդհանուր հայտարարի չէին եկել բանաձևում 1915-ի իրադարձությունների նկատմամբ «ցեղասպանություն» եզրի հստակ կիրառման շուրջ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում