Այն օրվանից, երբ Սերժ Սարգսյանը հասավ Բաղրամյան 26, Հայաստանից հեռացել է 296 988 մարդ:
Այսինքն, 2008-ից ի վեր Հայաստանից հեռացել է յուրաքանչյուր 9-րդ բնակիչը:
Դա նշանակում է, որ Հայաստանից հեռացել է երեք Գյումրիի բնակչություն:
Կամ՝ երկու Լեռնային Ղարաբաղ՝ գումարած 20 հազարանոց մի քաղաք:
Ահա պաշտոնական թվերը, որոնք ցույց են տալիս Հայաստանից մեկնողների և Հայաստան ժամանողների տարբերությունը.
2008 - 23 059
2009 - 24 978
2010 - 46 486
2011 - 43 820
2012 - 42 784
2013 - 31 188
2014 - 41 235
2015 - 43 438
Սերժ Սարգսյանի նախագահության ութ տարիներին պանդուխտ է դարձել 296 988 հայաստանցի: Սարսափելին այն չէ, որ Սերժ Սարգսյանի նախագահության մնացած երկու տարիներին Հայաստանից կհեռանա ևս 70-80 հազար մարդ: Սարսափելին այն է, որ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն չեն ուզում հեռանալ ընդհանրապես:
Հանուն հավերժության՝ Սահմանադրություն գրեցիք՝ անունը դնելով բարեփոխում։
Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում՝1994-ից ի վեր, առաջին անգամ Արցախը, այսինքն՝ Հայաստանը, 800 հեկտար հող կորցրեց։
Հանրապետական Ձեր ընկերներն ասացին՝ անմշակ, ամայի հող է։
Հարյուր հայ էր ընկել այդ հողի վրա։
Պետական պարտքը հասցրեցիք եռապատկեցիք և հասցրիք 5 միլիարդի։
2008թ. հոկտեմբերի 2-ին խորհրդարանի ամբիոնից դիմում էիք հայությանը, անունը դնում «Հայկական հրաշքի բանաձև»:
Ձեր ելույթի մի հատվածը կրում էր «Մեր ու մեր տնտեսության մասին» ենթախորագիրը: Ահա այն ամբողջությամբ.
«Ես կրկին ուզում եմ բարձրաձայնել, որ Հայաստանի համար եկել է մեծ ու համարձակ տնտեսական նախագծերի ժամանակը, այսպես ասած՝ գերծրագրերի ժամանակը։ Այդօրինակ ծրագրերը ոչ միայն կարևորագույն ռազմավարական խնդիրներ են լուծում, այլև լայնամասշտաբ ազդեցություն են ունենում տնտեսության և հասարակության վրա. դրանք հազարավոր նոր աշխատատեղեր են ստեղծում, դառնում են տարբեր ձեռնարկությունների ստեղծման պատճառ, նոր շուկաներ են բացում և ամբողջական ոլորտների, այդ թվում՝ գիտության զարգացման խթան դառնում։ Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը լավագույն վկայությունն է այն բանի, որ այսօր, նույնիսկ ամենահամարձակ նպատակադրումները մեր երկրում կարող են իրականություն դառնալ հետևողականության, սեփական ուժերի հանդեպ վստահության ու աշխատանքի շնորհիվ։
Եվ ես այսօր չեմ խոսելու ընդհանուր տնտեսական քաղաքականության և մեր որդեգրած մոտեցումների մասին։ Առանձնացնեմ միայն երեք նախաձեռնություն, երեք ծրագիր, որոնք առաջիկա տարիների ընթացքում լինելու են մեր աշխատանքի և մեր ուշադրության ուղղակի կենտրոնում։
Եվ այսպես. ես ուզում եմ, որ Հայաստանում գործարար հետաքրքրություններ ունեցող ու ապագայի ծրագրեր մշակող արտերկյա և հայրենի բոլոր գործարարները, մեր քաղաքացիներն ու աշխարհասփյուռ մեր հայրենակիցները մեկ անգամ ևս տեղեկացված լինեն, որ.
ա) առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանն սկսում է նոր ատոմակայան կառուցել,
բ) առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել, և
գ) առաջիկա ամիսների ընթացքում համահայկական բանկ ու ներդրումային հիմնադրամ է ստեղծվելու, որոնք մեծամասշտաբ ծրագրեր են ֆինանսավորելու։
Հարցնում եք՝ կկարողանա՞նք, պատասխանում եմ, որ կկարողանանք։ Հեշտությամբ կկարողանանք, եթե միասին գործենք»։
Թաթուլ Հակոբյան











