Գլխավոր Լրահոս

Թուրքիայի վարչապետը մերժում է կապը Բրյուսելի հետ բանակցությունների և Ցեղասպանության բանաձևի միջև

Թուրքիայի վարչապետը մերժում է կապը Բրյուսելի հետ բանակցությունների և Ցեղասպանության բանաձևի միջև

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը որևէ կապ չի տեսնում ԵՄ-ի հետ փախստականների ճգնաժամի վերաբերյալ համաձայնության և Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկվելիք բանաձևի ֆոնին Գերմանիայի հետ լարվածության միջև:

«Գերմանիայի և Եվրամիության հետ մեր հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են: Հատկապես վերջին շրջանում մենք զգալի առաջընթաց ենք գրանցել այցագրային ռեժիմի ազատականացման, ռեադմիսիայի համաձայնագրի և ապօրինի միգրացիայի կանխարգելման ուղղությամբ: Թուրքիան սպառնացող և պլաններ մշակող երկիր չէ»,- հունիսի 1-ին ասել է Յըլդըրըմը:

Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, փախստականների ճգնաժամի շուրջ Անկարայի բանակցությունները կշարունակվեն իրենց հունով՝ անկախ Բունդեսթագում Ցեղասպանության բանաձևի ընդունման փաստից:

Հունիսի 1-ին հրապարակվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը գերմանական Bild պարբերականին, որում, նա, մասնավորապես, ասել է, որ «Եվրամիությունը չպետք է կուրորեն վստահի Էրդողանին»՝ փախստականների ճգնաժամի լուծման հարցում, այլ պետք է փնտրի խնդրի սեփական լուծումները:

Սերժ Սարգսյանի համոզմամբ՝ «պետք չէ միմյանց հետ կապել Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձի վերաբերյալ քվեարկությունն ու Թուրքիայի և ԵՄ-ի՝ փախստականների շուրջ համաձայնագրի հնարավոր խզումը»:

***

Այսօր Գերմանիայի Բունդեսթագում կքննարկվի «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևի նախագիծը:

Մայիսի 24-ին Երևանում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպմանը Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևում «փորձ է արվել իրերը կոչել իրենց անուններով և ցույց տալ ժամանակին գործող գերմանական իշխանությունների մեղքի բաժինը Հայոց ցեղասպանության հարցում»:

Հայոց ցեղասպանության հարցը Գերմանիայի խորհրդարանում քննարկվել էր նաև 2015թ. ապրիլի 24-ին: «1915/16 թթ. հայերի տեղահանության և ջարդերի մասին» բանաձևն այդ ժամանակ, սակայն, քվեարկության չէր դրվել։ Խորհրդարանական խմբացկությունները երկու ժամ տևած բանավեճից հետո ընդհանուր հայտարարի չէին եկել բանաձևում 1915-ի իրադարձությունների նկատմամբ «ցեղասպանություն» եզրի հստակ կիրառման շուրջ:

Պաշտոնական Անկարան վերջին օրերին Բեռլինին անընդմեջ հորդորում է հանել օրակարգից բանաձևը, որը, թուրք պաշտոնյաների պնդմամբ, վնաս կհասցնի թուրք-գերմանական հարաբերություններին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում