Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քվեարկության դրվեց և ընդունվեց «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևի նախագիծը: Բանաձևը համատեղ մշակել են իշխող կոալիցիայի մաս կազմող Քրսիտոնեադեմոկրատական միություն (CDU) և Քրիստոնեականսոցիալական միություն (CSU), Սոցիալդեմոկրատական (SDP) և ընդդիմադիր Կանաչների կուսակցությունները: ՍիվիլՆեթը հետևում է քննարկմանն ու դրա շուրջ զարգացող իրադարձություններին:
19:30
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալական հեռագրեր է հղել Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկին, կանցլեր Անգելա Մերկելին և Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտին՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ: Սարգսյանը խորին շնորհակալություն է հայտնել նրանց և Գերմանիայի բոլոր այն քաղաքական և հասարակական ուժերին, որոնք իրենց վճռական խոսքն ասացին այս հարցում։ Նա համոզվածություն է հայտնել, որ բանաձևն իր ուրույն դերը կունենա ցեղասպանությունների ճանաչման և կանխարգելման գործում։
«Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն իսկապես պատմական քայլ էր. պատմական՝ ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի, Գերմանիայի և գերմանացի ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։ Այն խորհրդանշում է ժողովրդավարության, համամարդկային արժեքների գերակայությունը և ընդգծում Գերմանիայի հետևողական դերն այդ արժեքների պահպանման գործում: Այն ուղերձ է ամբողջ աշխարհին առ այն, որ մարդկության դեմ գործված նույնիսկ հարյուրամյա վաղեմության հանցագործությունները ոչ միայն չեն մոռացվում, այլև դատապարտվում են՝ ճշգրիտ բնորոշմամբ»,- ասված է Սերժ Սարգսյանի խոսքում:
18:00
Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Անկարայում Գերմանիայի գործերի հավատարմատար Ռոբերտ Դոլգերը:
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ որոշումն
«ամոթալի է» Գերմանիայի խորհրդարանի հեղինակության համար:
Տարածած հայտարարության մեջ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, թե իրենք Գերմանիայի խորհրդարանից սովորելու ոչինչ չունեն: Անկարան գերմանական կողմին մեղադրել է 1915թ. դեպքերի հարցում կողմնակալ լինելու մեջ: Թուրքիայի ԱԳՆ-ն Գերմանիային մեղադրել է նաև հակաթուրքական և հակաիսլամական տրամադրվածություն ունենալու մեջ: Անկարայում նշել են, թե Բունդեսթագը պատմությունը մեկնաբանել է իր ձևով:
«1915թ. վիճահարույց իրադարձությունների շուրջ հաշտեցումը հնարավոր է միայն երկխոսության, կարեկցանքի և արդարամիտ տեսակետների հիման վրա: Այս ըմբռնումով էլ Թուրքիան փորձում է հարգել Օսմանյան կայսրության հայերի հիշատակը, կիսել նրանց տառապանքը, պահպանել հայկական մշակութային ժառանգությունը և գործուն քայլեր կատարել երկու հարևան պետությունների հաշտեցման ճանապարհը հարթելու համար: Այս առումով չկա որևէ բան, որ Թուրքիան պետք է սովորի Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանից:
Եթե Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը ցանկանում է իմանալ, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել Օսմանյան կայսրության փլուզման ընթացքում, կարող է նպաստել պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծմանը, որը կգործի անկախ` գիտական հենքով, և բաց կլինի յուրաքանչյուրի համար, ինչպես Թուրքիան հաստատակամորեն առաջարկել է` սկսած 2005-ից»,- ասված է հայտարարության մեջ:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հիշեցնում է նաև «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը առ այն, որ հայերի պատմածը չի արտացոլում բացարձակ ճշմարտությունը և կարող է քննարկվել ազատորեն»:
17:55
Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը երկրի
«ներքին գործն է». այսպես է մեկնաբանել բանաձևի ընդունումը Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
17:30
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների շուտափույթ կարգավորման հույս է հայտնել. դաշինքը, նրա խոսքով, որևէ կերպ ներգրավված չէ Գերմանիայում տեղի ունեցած քվեարկության մեջ:
«Կցանկանայի հիշեցնել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, իսկ Հայաստանը՝ արժեքավոր գործընկերը: Քվեարկությունը, որը տեղի ունեցավ գերմանական խորհրդարանում, այն հարցը չէ, որի մեջ ներգրավված է ՆԱՏՕ-ն: Ես լիահույս եմ, որ մենք որքան հնարավոր է շուտ կլինենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ականատեսը: Կարևոր է, որ բոլորս մասնակցենք երկրների միջև հակամարտությունների կանխարգելմանն ու լարվածության թուլացմանը»,- Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասել է Սթոլթենբերգը:
17:00
Թուրքիայի հետ մեր կապերը լայն են և ամուր. Մերկել
«Գերմանիային Թուրքիայի հետ կապող շատ բան կա, և եթե նույնիսկ առանձին հարցերում տարակարծիք ենք, մեր կապերի լայն շրջանակը, մեր բարեկամությունը, մեր ռազմավարական կապերը հզոր են»,- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Ինչպես հաղորդում է Daily Mail պարբերականը, Մերկելն ասել է, որ ինքը սատարում է Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությանը և հանդես է գալիս Անկարայի հետ լավ հարաբերությունների օգտին:
15:55
Թուրքիան հետ է կանչել Բեռլինում իր դեսպանին
Թուրքիայի կառավարությունը այսօր Բունդեսթագի ընդունած բանաձևը որակել է
«զրո և անվավեր»:
«Թուրքիան անհրաժեշտ պատասխանը կտա Գերմանիային: Այս որոշումը զրո է և անվավեր Թուրքիայի համար»,- ասել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
Բեռլինում Թուրքիայի դեսպան Հյուսեյն Ավնի Քարսլըօղլուն հետ է կանչվել Անկարա՝ խորհրդակցությունների:
Իսկ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօցլուն Թվիթերում գրել է.
«Սեփական պատմության մութ էջերը փակել չի նշանակում վարկաբեկել մյուս երկրների պատմությունը անպատասխանատոի և անհիմն խորհրդարանական որոշումներով»:
15:30
Թուրքիայի խորհրդարանը հանդես կգա համատեղ հայտարարությամբ. Hurriyet Daily News
15:20
Թուրքիայի իշխող՝ Արդարություն և զարգացում կուսակցության խոսնակ Յասին Աքթայը հայտարարել է, որ քվեարկության արդյունքը լրջորեն կվնասի հարաբերությունները Գերմանիայի հետ:
«Որոշ պետություններ, որոնց բարեկամ ենք համարում, ունենալով ներքին քաղաքական խնդիրներ՝ փորձում են շեղել դրանցից ուշադրությունը»,- ասել է Աքթայը:
15:10
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնի հետ:
Ինչպես հաղորդում են ԱԺ մամուլի ծառայությունից, նա բարձր է գնահատել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծի ընդունումը: Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը նոր ուղի կբացի ցեղասպանությունների միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում:
«Համոզված եմ, որ 100 տարի առաջ տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունը ճանաչելու և դատապարտելու շնորհիվ հնարավոր է կանխել մարդկության դեմ նոր ցեղասպանությունների իրագործումը: Այս քայլով Գերմանիան վերահաստատեց իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և մարդու իրավունքների պաշտպանությանը»,- ասել է Շարմազանովը:
Բունդեսթագի փոխնախագահն իր հերթին նշել է, որ բանաձևում իրերը կոչվել են իրենց անուններով: Էդելգարդ Բուլմահնը կարևորել է պատմության հետ առերեսվելու և պատմության խորքից իրողությունների վերհանման և խնդիրների հաղթահարման անհրաժեշտությունը:
15:00
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է, որ ողջունում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի կողմից հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը:
«Միջազգային հանրությունը հարյուր մեկ տարի սպասում է, որ Թուրքիան կառերեսվի իր պատմությանը»,- ասված է հայտարարության մեջ:
14:40
Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն:
14:35
Գերմանացի խորհրդարանական Ալբերտ Վեյլերն իր ելույթը եզրափակում է՝ հայերեն ասելով՝ շատ շնորհակալություն և թուրքերեն՝ tesekular:
14:25
Ես չեմ վիրավորվում, երբ թուրք ազգայնականները փորձելով ինձ վիրավորել, հայ են անվանում. Օզդեմիր
14:15
Գերմանիայի թուրքերը պետք է սովորեն հնարավոր ամեն ինչ այստեղ, ոչ Թուրքիայում. Օզդեմիր
Ջեմ Օզդեմիր
14:00
«Կանաչների կուսակցության
» համանախագահ
, թուրքական ծագումով գերմանացի պատգամավոր Ջեմ Օզդեմիրը
ելույթից առաջ ողջունել է դահլիճում ներկա ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:
13:58
Ինչպես գրում է Deutsche Welle պարբերականը, քննարկմանը ներկա չեն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սիգմար Գաբրիելը՝ խուսափելու դժվար քվեարկությունից:
13:55
Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը հայտարարել է խիզախության դրսևորման և անցյալի մութ էջերի հետ առերեսվելու անհրաժեշտության մասին: «Անցյալի հետ առերեսումը մեզ համար կարող է ցավոտ լինել, սակայն միևնույն ժամանակ կարող է լինել ազնիվ և ինքնաքննադատական մոտեցում սեփական անցյալի նկատմամբ: Դա կարևոր է այլ պետությունների հետ հարաբերությունների կառուցման տեսանկյունից, որի համար պետք է խիզախություն` փոխըմբռնման և հաշտեցման հասնելու համար»,- ասել է նա:
13:30
Բանաձևի քննարկումների ընթացքում Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչները ակցիա էին կազմակերպել Բունդեսթագի շենքի մոտ: