Գլխավոր Լրահոս

Թուրքիան հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին

Թուրքիան հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին
Թուրքիան հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին. որոշումն ընդունվել է այսօր Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո: Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը, Բեռլինում Թուրքիայի դեսպան Հյուսեյն Ավնի Քարսլըօղլուն հետ է կանչվել Անկարա՝ խորհրդակցությունների: Բանաձևի ընդունմանը արձագանքել են Թուրքիայի վարչապետը, իշխող կուսակցությունը, կառավարությունը, արտաքին գործերի նախարարը: «Թուրքիան չի պատրաստվում ճանաչել գերմանական խորհրդարանի որոշումը մի թեմայի վերաբերյալ, որի շուրջ պատմաբաններն անգամ չեն կարող ընդհանուր հայտարարի գալ: Մենք հետ ենք կանչել դեսպանին՝ խորհրդակցությունների: Որոշման տեքստը տեսնելուց հետո մենք անգամ մեկ վայրկյան չենք վարանել մեր հետագա քայլերի հարցում»,- ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Թուրքիայի իշխող՝ Արդարություն և զարգացում կուսակցության խոսնակ Յասին Աքթայը հայտարարել է, որ քվեարկության արդյունքը լրջորեն կվնասի հարաբերությունները Գերմանիայի հետ: «Որոշ պետություններ, որոնց բարեկամ ենք համարում, ունենալով ներքին քաղաքական խնդիրներ՝ փորձում են շեղել դրանցից ուշադրությունը»,- ասել է Աքթայը: «Թուրքիան անհրաժեշտ պատասխանը կտա Գերմանիային: Այս որոշումը զրո է և անվավեր Թուրքիայի համար»,- ասել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը: Իսկ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօցլուն Թվիթերում գրել է. «Սեփական պատմության մութ էջերը փակել չի նշանակում վարկաբեկել մյուս երկրների պատմությունը անպատասխանատու և անհիմն խորհրդարանական որոշումներով»: *** Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քվեարկության դրվեց և մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայներով ընդունվեց «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևի նախագիծը: Բանաձևը համատեղ մշակել են իշխող կոալիցիայի մաս կազմող Քրսիտոնեա­դեմոկրատական միություն (CDU) և Քրիստոնեական­սոցիալական միություն (CSU), Սոցիալ­դեմոկրատական (SDP) և ընդդիմադիր Կանաչների կուսակցությունները: ՍիվիլՆեթը հետևում է քննարկմանն ու դրա շուրջ զարգացող իրադարձություններին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում