Մարդու ամենագլխավոր իրավունքը կյանքի իրավունքն է. Զեման
Նրանք, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը, հենց նրանք են, ովքեր ժխտում են հոլոքոստը. այդ մարդիկ պարզապես վախկոտներ են. երեկ հայտարարել է պետական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը իր պատվին տրված պետական ընդունելության ժամանակ:
«Այսօր ճաշից հետո մի չեխ երիտասարդ լրագրող, ով ոչ բավականաչափ կյանքի փորձ ունի, ինձ հարցրեց, թե որտե՞ղ է ավարտվում ցեղասպանության սահմանը: Ես նրան պատասխանեցի՝ իմ երիտասարդ ընկեր, ես մեկ օրինակ եմ բերում՝ Եվրոպայում Համաշխարհային պատերազմի ժամանակ համակենտրոնացման ճամբարներում, գազային խցերում և այլն սպանվել է 6 մլն հրեա, բայց մի քանի հազար, հնարավոր է մի քանի տասնյակ հազար մնացել են: Եվ դուք ուզում եք ասել, որ դա ցեղասպանություն չէ՞, քանի որ մի քանի հազար մարդ մնացե՞լ է: Նույն բանը վերաբերում է հայ ժողովրդի ցեղասպանությանը: Որոշ մարդիկ ասում են՝ որոշները մնացել են, դա ցեղասպանություն չէ: Իսկական անհեթեթություն: Ես ուզում եմ ասել, որ մեզ միավորում է ճակատագիրը, քանի որ իմ ժողովուրդը դատապարտված կլիներ ցեղասպանության՝ նացիստական Գերմանիայի կողմից Համաշխարհային պատերազմում հաղթանակի դեպքում»,- նախագահականի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է Չեխիայի նախագահը՝ ընդգծելով, որ նրանք, ովքեր ժխտում են այդ ցեղասպանությունը, հենց նրանք են, ովքեր ժխտում են Հոլոքոստը:
Չեխիայի ղեկավարի խոսքով՝ մարդիկ, ովքեր դա ժխտում են, «պարզապես վախկոտներ են»:
«Ես երբեք, պարո՛ն Նախագահ, սիրալիր քաղաքական գործիչ չեմ եղել: Նրանք պարզապես վախկոտներ են: Խոսում են մարդու իրավունքների մասին. որոշ մարդկանց համար մարդու ամենագլխավոր իրավունքը ցույց անելն է կառավարության դեմ: Իմ դեմ էլ են ցույց արել, այլ գործիչների դեմ էլ, դա նորմալ է: Բայց դա մարդու ամենագլխավոր իրավունքը չէ: Մարդու ամենագլխավոր իրավունքը կյանքի իրավունքն է: Եվ բոլոր նրանք, ովքեր ժխտում են այդ իրավունքը, ոչ մի իրավունք չունեն խոսել մարդու այլ իրավունքների մասին: Ես ցանկանում եմ բաժակ բարձրացնել կյանքի իրավունքի համար»,- ընդունելության ժամանակ ասել է Միլոշ Զեմանը: