Գլխավոր Լրահոս

Նժդեհը, Պետրոս Մեծն ու ռուսական զենքը

Նժդեհը, Պետրոս Մեծն ու ռուսական զենքը

Դեռ ապրիլի 15-ի նիստում ՀՀ կառավարությունը, նպատակ ունենալով օպերատիվ արձագանքել Չորսօրյա պատերազմի դասերին, ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի դրույթներն իրականացնելու մասին որոշում: Ըստ այդմ՝ ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվեց իրականացնել հսկողություն համաձայնագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ: Իսկ պաշտպանության նախարարին հանձնարարվեց հստակեցնել Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը, ՌԴ համապատասխան մարմինների հետ քննարկել և ստորագրել տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները և գները:

Սակայն մինչև հիմա պաշտոնական տեղեկություն չկա, թե վարկով ձեռք բերված զենք-զինամթերքի մատակարարման գործընթացն ինչ փուլում է, հստակեցված են արդյոք ժամկետները, որքան զենք է մտել Հայաստան և որքան դեռ կա ստանալու:

Գրեթե ինտենսիվ պատերազմի մեջ գտնվող Հայաստանին աջանահերթ ժամանակակից զենք-զինամթերքի համալրում է անհրաժեշտ՝ Հայաստանի ու Արցախի սահմանները պաշտպանելու ու սահմանին կանգնած զինվորների կյանքն առավելագույնս ապահովագրելու համար: Թերևս ավելորդ է նշել, որ գնված զենք-զինամթերքը Հայաստան հասցնելը հրատապ խնդիր է, որը կարծես թե գործող վարչակազմը դեռ չի կարողանում լուծել:

Ռուսների հետ այսպես ասած լեզու չգտնելը առաջին հերթին պայմանավորված է երկու երկրների ղեկավարության միջև անվստահելի հարաբերություններով և անմիջական շփումների գրեթե բացակայությամբ:

Ռուսական վարկով ձեռք բերված զենքի մատակարարման գործընթացը բարդանում է նաև այն պատճառով, որ առաջիկայում ակնկալվում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ակտիվացում: Հունիսի վերջերին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ ծրագրվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում: Նախատեսվող հանդիպման վերաբերյալ Ադրբեջանից ու Ռուսաստանից ստացվող ազդակներից կարելի է եզրակացնել, որ նրանք որոշակի ակնկալիքներ ունեն այդ հանդիպումից:

Նկատի ունենալով, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը ակտիվ փուլ է թևակոխում` Ռուսաստանի միջնորդական գերակայությամբ, Հայաստանին զինելը այս փուլում հազիվ թե բխի Ռուսաստանի ռազմավարական շահերից:

Հ.Գ.

Այս ընթացքում Երևանի կենտրոնում կանգնեցվեց Գարեգին Նժդեհի արձանը, որին Մոսկվայում համարում են Հիտլերի դաշնակից: Այդ հարցին պաշտոնապես արձագանքեց նաև ՌԴ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակը: Մերձկրեմլյան փորձագիտական շրջանակները Նժդեհին համեմատում են ուկրաինական բանդերականների հետ: Իսկ թե ինչպես է պաշտոնական Մոսկվան վերաբերվում բանդերականներին, հավելյալ մեկնաբանելու կարիք չկա:

Երևանում Նժդեհի արձանի տեղադրումը Կրեմլում հաստատապես ընկալվել է որպես հայկական կողմի դեմարշ՝ ընդդեմ Ռուսաստանի: Այլ հարց է, թե այդ դեմարշը մտածված է արվել, թե պատահական այդպես ստացվել է: Խնդիրն այն է, թե դեմարշ ընկալված այդ քայլը որքանով կօգնի կամ կխանգարի ռուսական զենքը տեղ հասցնելուն:

Հաշվի առնելով մեր իշխանությունների վասալային հոգեբանությունը առ Մոսկվա` չի կարելի բացառել, որ Նժդեհի արձանը Պետրոս Մեծի արձանի նմանությամբ է արվել, որպեսզի հարկ եղած դեպքում Կրեմլին հավաստիացնեն, որ դա ոչ թե Գարեգինն է, այլ Պետրոսը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում