Գլխավոր Լրահոս

Բունդեսթագի պատգամավորն առաջարկում է արգելել Էրդողանի մուտքը Գերմանիա

Բունդեսթագի պատգամավորն առաջարկում է արգելել Էրդողանի մուտքը Գերմանիա
Սևիմ Դագդելեն Գերմանիայի Բունդեսթագի թուրքական ծագմամբ 11 պատգամավորների նկատմամբ սահմանվել է ոստիկանական հսկողություն, հաղորդում է Deutsche Welle-ն: Նման անհրաժեշտություն է ծագել այն բանից հետո, երբ հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որին կողմ էին քվեարկել նաև թուրքական ծագմամբ պատգամավորները: Ավելին, ինչպես հաղորդում է Der Spiegel պարբերականը, Գերմանիայի արտաքին գերատեսչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արել պատգամավորներին զերծ մնալ Թուրքիա այցելությունից, քանի որ հնարավոր չէ երաշխավորել նրանց անվտանգությունը: «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևը համահեղինակած՝ Կանաչների կուսակցության համանախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը փաստաթղթի ընդունումից հետո թուրք ազգայնականներից տասնյակ սպառնալիքներ ստանալու պատճառով ոստիկանության հսկողության տակ է առնվել:   Ինչպես նշում է Der Spiegel-ը, թուրքական ծագմամբ պատգամավորները չեղարկել են իրենց աշխատանքային այցերը Անկարա և, առհասարակ, այցելությունները Թուրքիա: «Աննկարագրելի է այն, որ այս պահին անհնար է այնտեղ գնալ,- ասել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Այդան Օզոգյուզը: - Էրդողանը պետք է հասկանա, որ մենք Թուրքիայի շարունակությունը չենք»: «Ես ակնկալում եմ, որ Գերմանիայի թուրքական ասոցիացիաները հստակ կդատապարտեն պատգամավորների դեմ սպառնալիքները»,- ասել է Օզուգյուզը Bild am Sonntag շաբաթաթերթին: Այդան Օզուգյուզին սատարել է Ջեմ Օզդեմիրը: «Կարելի է հավանություն չտալ բանաձևին, սակայն թուրքական կազմակերպությունները պետք է անվերապահորեն դատապարտեն մահվան սպառնալիքները»,- Frankfurter Allgemeine Sonntagszeitung պարբերականին ասել է Օզդեմիրը: Ավելի վաղ բանաձևի համահեղինակը կարծիք էր հայտնել, որ Էրդողանի արձագանքը հարցին «հարիր չէ պետության ղեկավարի»: Իսկ ահա Գերմանիայի Ձախ կուսակցության անդամ Սևիմ Դագդելենը Գերմանիայի կառավարությանն առաջարկել է դատապարտելուց բացի հստակ քայլեր ձեռնարկել: AFP-ի հետ զրույցում նա ասել է, որ նախազգուշացումներ տալը բավարար չէ: Բունդեսթագի անդամը պահանջում է, որ Գերմանիայի խորհրդարանականների դեմ բռնության կոչ անողների մուտքը Գերմանիա արգելվի: «Դա վերաբերում է նաև նախագահ Էրդողանին»,- ասել է Դագդելենը Bild am Sonntag-ին: Դագդելենը, որը Ձախ կուսակցության միգրացիոն քաղաքականության հարցերով խոսնակն է, կարծիք է հայտնել, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պետք է ավելի խիստ արձագանքի Էրդողանի հարձակումներին: *** Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանը, չնայած Թուրքիայից հնչող զգուշացումներին, ընդունեց «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևը: Այն համատեղ մշակել են իշխող կոալիցիայի մաս կազմող Քրսիտոնեա­դեմոկրատական միություն (CDU) և Քրիստոնեական­սոցիալական միություն (CSU), Սոցիալ­դեմոկրատական (SDP) և ընդդիմադիր Կանաչների կուսակցությունները: Հունիսի 9-ին Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթը նիստը բացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին քննադատական հայտարարություններով, որոնք ողջունել է դահլիճում ներկա Անգելա Մերկելը: Ստելլա Մեհրաբեկյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում