Կառավարությունը հունիսի 16-ի նիստին հաստատել է Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական տարածքներում, բացառությամբ «Դիլիջան» ազգային պարկի տարածքի, քիմիական արդյունաբերության բնագավառում թույլատրելի գործունեության տեսակների ցանկը:
Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, մասնավորապես, ցանկում ընդգրկվել են քիմիական ոլորտի հետևյալ գործունեության տեսակները՝ օճառ, կոսմետիկական միջոցներ, օծանելիք։
«Օճառի արտադրության մեջ բացակայում է վտանգավոր նյութերի և թափոնների առկայությունը, իսկ արտադրական գործընթացն իրականացվում է փակ ցիկլով, որի արդյունքում թափոններ չեն առաջանում: Օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրությունը կազմում է դեղագործական արդյունաբերության բաղկացուցիչ մաս, որտեղ բացակայում են վտանգավոր լուծիչները, իսկ արտադրանքը թողարկվում է ջրային հիմքի վրա, որն ինքնին անվտանգ է: Նշված գործունեության տեսակների թույլտվությունը հնարավորություն կտա մի կողմից բացառելու Դիլիջան համայնքի վարչական տարածքներում քիմիական արդյունաբերության այն գործունեության տեսակները, որոնք կարող են վտանգել հանրության համար առավել բարենպաստ շրջակա միջավայր ստեղծելու գործընթացին, իսկ մյուս կողմից թույլատրվող գործունեության տեսակների միջոցով` ստեղծել աշխատատեղեր համայնքի բնակիչների համար»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ:
Civilnet











