Գլխավոր Լրահոս

Սառնասիրտ լինել և ըմբռնումով մոտենալ. Պոլսի պատրիարքությունը՝ քննադատներին

Սառնասիրտ լինել և ըմբռնումով մոտենալ. Պոլսի պատրիարքությունը՝ քննադատներին
Պոլսի Հայոց պատրիարքությունը՝ Պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի գլխավորությամբ, կրոնական ժողով է գումարել, որի ընթացքում քննակվել է Աթեշյանի՝ Բունդեսթագի ընդունած բանաձևի կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հղած նամակի շուրջ բարձրացած աղմուկն ու քննադատությունը: Արամ Աթեշյանի նամակից հետո սոցցանցերի օգտատերերը քննադատել են նրան՝ նշելով, որ ներողության հասնող այդ քայլը Պատրիարքարանին վայել չէր։ Նամակը խստորեն դատապարտել է նաև Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթը: Հունիսի 13-ին տեղի ունեցած կրոնական ժողովի արդյունքում Պատրիարքությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է արել «սառնասրտություն ցուցաբերել և ըմբռնումով մոտենալ այդ նամակին»: Միևնույն ժամանակ, կրոնական ժողովը նպատակահարմար է համարում, որ ապագայում նման ուղերձները մշակվեն ընդլայնված կազմով խորհրդակցությունների ժամանակ: Պատրիարքության հայտարարությունը որոշ կրճատումներով՝ ստորև: «Թուրքիայի Հայոց պատրիարքությունը իր պատմության ընթացքում փորձել է բարյացակամ և երկխոսությանը միտված հարաբերություններ մշակել երկրի ղեկավարության հետ, միևնույն ժամանակ, գործադրել է բոլոր ջանքերը, որպեսզի չանտեսվի երկրի հանրային կարծիքի զգայունությունը այն հարցերում, որոնք վերաբերում են ամբողջ հայությանը: Կրոնական ժողովն ավանդաբար կարծիք չի հայտնել քաղաքական և իրավական հարցերի շուրջ: Համայնքի անունից հանդես գալու լիազորությամբ օժտված մարմինների բացակայության պայմաններում այդ պարտականությունը ստանձնել է Սրբազան պատրիարքը: Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոսի հիվանդության պատճառով այդ պարտականությունը ստանձնել է Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որը գիտակցելով այդ պարտականությունը և ընդառաջելով համայնքային մի շարք կազմակերպությունների և անվանի բարերարների պահանջին՝ գրել է այդ նամակը: Սրբազան Հայրը հետևել է նախկին պատրիարքների և բարձրաստիճան հոգևորականների օրինակին: Նամակը, կարծում ենք, տեղին է, սակայն նպատակահարմար ենք համարում, որ ապագայում, որպեսզի ամբողջ պատասխանատվությունը չբեռնվի միայն Պատրիարքական աթոռի վրա, նման ուղերձները գրվեն ընդլայնված կազմով խորհրդակցական հանդիպումներում՝ հաշվի առնելով հարցի զգայունությունը: Ափսոսանքով ենք հետևում նրան, որ նամակի բովանդակության վերաբերյալ քննադատությունը գերզգայունության պատճառով անցել է քննադատության սահմանները՝ վերածվելով նախատինքի, սպառնալիքի և նվաստացման: Մեր համայնքի անդամներին կոչ ենք անում որդեգրել բարեխիղճ և սառնասիրտ կեցվածք և ըմբռնումով մոտենալ սույն նամակին՝ հաշվի առնելով մեր երկրում տիրող քաղաքական իրականությունը՝ 100 տարի առաջ օսմանյան հայերի նկատմամբ Մեծ Եղեռնի կապակցությամբ»:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում