Մեծարգո Պապ

Պապը գալիս է: Քաղաքը Պապ է դիմավորում: Ցանկացած հոգևորական Աստծո գոյության կանխավարկածի շրջանակներում է: Ցանկացած հավատ դրախտի կանխավարկածի շրջանակներում է: Մարդիկ ձեռք են համբուրում, ինչ-որ մեկին ասում տեր հայր: Կիրակի օրերը լցվում եկեղեցիներ:
Բայց մարդն այլ բանի մասին է: Մարդը պիտի ապրի: Ապրելու համար կա կյանքը: Մարդու ապրելու սկզբունքները ոչնչով չեն տարբերվում մի սովորական մոծակի ապրելու սկզբունքներից: Բոլորն անօգնական են: «Գլխի ճարը» մարդու մասին է: Պապը ոչնչով չի կարող նրան օգտակար լինել: Գուցե նա արդեն փրկել է իրեն, խոսք չկա, բայց նա երկրորդին փրկել չի կարող: Որովհետև Պապը դրա համար չէ: Մարդը հետաքրքիր է «կառուցված»: Սկզբից հնարում է Աստծուն: Հետո հոգևորականին կամ մոլլային: Բոլոր այս «ստեղծագործությունների» արանքում նա խաբում է, կորցնում եղբորը, վռնդում մորը, սպանում մերձավորին: Եվ սպանելու նման հնարում է Պապին, հանուն որի նույնպես կսպանի: Հանուն որի կխոնարհվի: Հանուն որի կընկնի: Պապը կա, կա նաև՝ իմամը: Կաթողիկոսն էլ կա: Պապն ինքն իրեն հերիք է, կաթողիկոսն էլ, մինչդեռ մյուսները՝ ոչ: Որովհետև ո՞վ է Պապը: Պապն Աստծո բուտաֆորիան է: Աստված ինքնախնամ է, Պապով զբաղվում են բոլորը: Մարդը նույնպես ինքնախնամ է, մինչդեռ Պապով զբաղվում են բոլորը: Եվ ինքնախնամ մարդը, որ Աստված չունի, խնամում է Պապին, որպեսզի ունենա: Ո՞վ է մարդը: Մարդը զոհաբերվողն էր: Քրիստոսը եկավ, որպեսզի ասի՝ կամ ապրում եք սպանելով, կամ զոհաբերվում եք, երրորդ տարբերակ չկա: Քրիստոսը եկավ ասելու՝ պարզապես, ինքդ քեզ համար ապրել չկա, քո ինքնախնամությունը կամ զոհաբերվելն է ուրիշի համար, կամ այդ ուրիշին սպանելը: Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն, օրինակ, պատրաստ չէ զոհաբերվել: Մեր հոգևորականները, որոնք շրջապատված են շքեղություններով, նույնպես պատրաստ չեն: Որովհետև, խոստովանենք, Աստծո գոյության դաշտում շքեղությունը նույնիսկ միջավայր չունի, որպեսզի ձևակերպվի: Եվ մարդը ստեղծում է Պապ, որին ոչ մի կերպ վիճակված չէ զոհաբերվել: Հայերս ստեղծում ենք կաթողիկոս: Մինչդեռ Պապի կամ կաթողիկոսի կարիք չկա դրախտի համար: Ոչ մեկի կարիքը չկա: Եթե դրախտը քո ներսում չէ, ամբողջ աշխարհն էլ Պապ դառնա ու գա քո դուռը, դժոխքից չես պրծնի:
«Աղոթի՛ր», մարդ, որ Աստված չլինի: Որպեսզի կռապաշտությունդ «գունավորի» կյանքդ: Որովհետև եթե հանկարծ պարզվեց, որ Աստված չկա, ի՞նչ ես դնելու քո կռապաշտության անունը: Եվ եթե պարզվեց, որ Աստված կա, որպես ի՞նչ ես ներկայացնելու Պապի կամ բարձրաստիճան որևէ հոգևորականի հանդեպ երկյուղածությունդ: Ինչո՞վ է երկյուղածությանդ պակասը փաստարկվելու հանդեպ նրա, ով Պապ չէ: Եվ ինչքանո՞վ էր վատ կամ լավ կյանքդ, քանի դեռ Պապը Հայաստանում չէր: Էլի Պապեր են եղել Հայաստանում: Գոնե Հովհաննես Պողոս 2-րդն այստեղ անձամբ է օրհնել տասնյակ հազարավոր հայերին: Էլի չե՞նք կեղծում ընտրությունները, էլի չե՞նք սպանում հացի համար: Կեղծում ենք և սպանում: Որովհետև Պապերն անցողիկ են, իսկ ապրելու կիրքը՝ մնայուն: Վերջերս սպանեցին հայտնի լեզվաբանի գյուղատնտես ամուսնուն: Արդարություն գտնելու հարցով առաջինը ու՞մ դիմեց այդ կինը՝ Սերժ Սարգսյանին՝ «մեծարգո Նախագահ, իմ ընտանիքը հարգում և վստահում է ձեզ»: Մարդու ձեռքը չէր դողացել սա գրելիս: Լեզվաբանն իր խոնարհումն էր ցուցաբերել «մեծարգո»-ին: Որպեսզի մխիթարություն գտնի: Լեզվաբանը մտածել էր, որ արդարությունը պիտի հաղթանակի հենց իր ամուսնու սպանության հանգամանքների բացահայտման մեջ: Իրենից առաջ էլ են խոնարհվել՝ բարձրացնելով պարոն Սարգսյանին: Ընտրությունները խոնարհումի քաղաքական ինստիտուտն են, զի բացառված չէ, որ ընտրում ես մեկին, ում օրոք սպանվելու եք ամբողջ ցեղով: Որովհետև ընտրելը քիչ է, պետք է քաղաքացի լինել. քաղաքացի լինելը խոնարհումի պետական ինստիտուտն է, ահա թե որտեղից է սկսվում «Աստված» այն միջավայրում, որտեղ Պապը և կաթողիկոսը անցողիկ են, մի աջհամբույրի մսացու:
Պապը գալիս է: Եվ խոնարհների մի մեծ շքերթ ուղեկցելու է նրան Գյումրիում, Էջմիածնում, նույնիսկ Հանրապետության հրապարակում, ուղեկցելու է հացի և տեսարանի բոլոր կանոններով: Տեսնել ցանկացողների թիվը մեծ է լինելու: Եվ ոչ ոք իրեն հաշիվ չի տալու՝ իսկ հետո՞, տեսանք Պապին, ի՞նչ է լինելու հետո: Որովհետև հրաշք են ուզում մարդիկ: Իսկ Պապը չի եկել հրաշքներ կատարելու: Պապը գալիս է, որովհետև նրան բերում են: Նրան բերում են Վատիկանից՝ ձեռամբ մեր՝ զուտ հայկական ապագա փրկիչների: Պապը գալիս է, որպեսզի դառնա ֆոն: Եվ մի նեղվեք՝ Պապը ձեզ համար չի գալիս: Նա գիտի այն մեկին, ում համար որ գալիս է: Նա լինելու է Պապի աջ կողմում: Հետևեք հեռուստաընկերությունների Պապական գովազդներին և փորձեք հասկանալ՝ այդ սրբազան այցի մեջ որտե՞ղ եք դուք: Պապը չի գալիս ձեզ ազատելու կեղծարարություններից, որոնց մասնակցելու եք կամ չեք դիմադրելու, ապագա խաբեություններից, որոնց զոհն եք լինելու, ապագա սպանություններից, որոնք դեռ մինչև Պապի այցելությունն էին մտահղացվել: Միայն թե դրանից հետո, Աստծուն փառք, ոչ ոք չի գրելու՝ Մեծարգո Պապ, իմ ընտանիքը հարգում և վստահում է Ձեզ:
Մհեր Արշակյան










