Գլխավոր Լրահոս

Լեգիտիմության անեծքը

Լեգիտիմության անեծքը

Զինված բանդայի գործով կարծես թե կարիք կա ավելի բաց խոսելու: Ո՞վ է կասկածում, որ հասարակ ժողովուրդը համաձայն է Սերժ Սարգսյանի իշխանությունից ազատվել ցանկացած գնով՝ լինի հեղաշրջում, լինի արյուն թափել, թե՝ խաթրով, միայն թե այդ մարդը և իր իշխանությունն ուղղակի փոշիանան, հետքերը չերևան:

Ո՞վ է կասկածում, որ Հայաստանն այլևս ադեկվատ չէ իր մարտահրավերներին՝ ոմանք փախչում են, ոմանք մտածում են զինված հեղաշրջման մասին, ոմանք արդեն դատվում են, մեծամասամբ միայն վարկերի տակ են ու միայն պարտքեր են կուտակում: Հասարակ մարդկանցից ոչ մեկը գրեթե գլուխը բարձին դնելու հանգիստ ակնթարթ չունի: Այս իրավիճակի բնորոշումը հատուկ բառապաշար չի ուզում, քաղաքական մարտահրավերներն ու հոտառությունն այստեղ ասելիք չունեն՝ Հայաստանի քաղաքացին ուզում է ոչնչացնել Սերժ Սարգսյանին և իր իշխանությանը: Նման բան հավանաբար նույնիսկ Զիմբաբվեում չկա: Այնտեղ միջազգային հանրությունն օգնեց, որպեսզի Մուգաբեն իշխանությունը կիսի ընդդիմության հետ․ Հայաստանում դա հնարավոր չէ: Դեռ առջևում ազատագրված 5 շրջաններից զրկվելու մոտալուտ հեռանկարն է: Սերժ Սարգսյանն այլ տարբերակ չունի: Նա արդեն «պաշտոնապես» պետք է շարժվի Ստալինի ճանապարհով՝ ձերբակալի և ոչնչացնի բոլոր ընդդիմախոսներին: Որովհետև Հայաստանն արդեն եռում է․ ոչ ոք, գրեթե ոչ ոք չգիտի՝ որտեղից սկսի, որպեսզի պետությունը մնա պետություն, ինքն էլ՝ քաղաքացի կամ մարդ: Հայաստանն անառողջ է, որովհետև բոլորի գլխում մեկ բան է՝ ո՞վ է լինելու այն Նաիրի Հունանյանը, որը հենց Սերժ Սարգսյանի հետ կմաքրի իր հաշիվները: Հասկանու՞մ եք, սա առողջ չէ, բայց սա ավելի է խորանալու: Նաիրի Հունանյան չի գտնվելու, փոխարենը մարդիկ առողջություն են կորցնում: Լեգիտիմության «անեծքն» այդպիսին է՝ այն իր հետևից անդունդ է քարշ տալիս իրեն շրջանցողին: Հընթացս ընկնում է ժողովրդի և պետության որակը: Եվ խնդիրն ամենևին Ղարաբաղը և ազատագրված շրջանները կորցնելը չէ: Լեգիտիմն էլ կարող էր կորցնել դրանք: Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, նույնիսկ եթե լեգիտիմ լիներ: Նա նման է մարդու, որն օրինական բոլոր փաստաթղթերով 7 տարի առաջ բանկից վարկ է վերցրել և 7 տարվա ընթացքում մեկ լումայի մուծում չի կատարել: Վարկը սա է՝ աշխարհը քեզանից տարածքային և տնտեսական «բանկրոտ» է պահանջում՝ պետությունների դեպքում դա դեֆոլտն է և անկախության կորուստը:

Ժիրայր Սեֆիլյանն ինչո՞ւ պետք է երկու ավտոմատով հեղաշրջում անի: Որովհետև իշխանությունը ամեն զենք դիտարկում է հենց հեղաշրջման գործիք: Գուցե անցել է Սեֆիլյանի մտքով հեղաշրջումը և միջոցներ է ձեռք առել, գուցե չի անցել․ խնդիրն այն է, որ Հայաստանում գրեթե չկա մեկը, ով համաձայն չէ թեկուզ արյունահեղության ճանապարհով հեղաշրջմանը: Սերժ Սարգսյանը պետք է քրեական հետապնդման ենթարկվի ՀՀ քաղաքացուն հենց այս անառողջ մտքերին հանգեցնելու համար: Ասում եմ ձեզ՝ սա քաղաքական նպատակահարմարության, աշխարհի հետ համընթաց գնալու, Ղարաբաղի հարցի տակից հնարավորինս անցավ դուրս գալու խնդիր չէ․ Ղարաբաղի հարցը ավելի հեշտ և ընկալելի կլուծվի, եթե այդ մարդը հեռանա: Նույնիսկ եթե հաջորդ լուծողը հենց ընտրվելու առաջին օրն է ասում, որ «Աղդամը» մեր Հայրենիքը չէ: Լեգիտիմությունը մի կարգավիճակ է, որը, ֆուտբոլային կանոններով ասած, խաղից դուրս վիճակ չի սիրում․ Սերժ Սարգսյանն այսօր խաղում է միայն խաղից դուրս վիճակում, և միջազգային մրցավարներից ոչ ոք դա չի նկատում: Լեգիտիմությունը սիրում է գործունեության սահմաններ, խաղի կանոններ, որովհետև ինքը ինստիտուտ է, ինքն իր ներսում ունի իր «հավաքարարը», իր «հաշվապահը», իր «բժիշկը», իր «խոհարարը», իր «հարկային մարմինը», իր TV-ն, իր «շախմատիստը», իր գործարարը, իր «հոգևորականը», իր «զինվորը», իր ոստիկանը: Լեգիտիմությունը իր հանցագործն է ունենում միայն էն դեպքում, երբ մնացած բոլոր կառույցները չեն աշխատում: Կամ նույնիսկ մեկը չի աշխատում:

Ինքն իր մեջ լեգիտիմությունը չի սիրում ունենալ օլիգարխ։ Լեգիտիմությունը տնտեսություն է, լեգիտիմ միջավայրն ունի իր կրթությունն ու դաստիարակությունը: Այդ միջավայրում բալանսավորված է ամեն ինչ: Լեգիտիմության մեջ մենաշնորհ չկա, որպեսզի, ասենք, «շախմատիստին» տրվի ամեն ինչ, իսկ «խոհարարին»՝ ոչինչ: Լեգիտիմության մեջ առաջնորդ չկա, որովհետև լեգիտիմությունը մի ինստիտուտ է, որն Աստծուց է, բայց Աստծո բացակայության պայմաններում: Երբ մեկն իրեն հռչակում է առաջնորդ լեգիտիմության անունից, սկսում է աշխատել «անեծքը»: Այն իր հետևից տանում է բոլորին՝ «առաջնորդին» և նրան հանդուրժողին, նրան աստվածացնողին և դատապարտողին: Լեգիտիմության տնտեսությունը փլուզվում է՝ այդպես էլ գոնե մեկ օր շունչ չքաշած: Մյուսներն սկսում են մտածել ինքնապահպանման մասին, քանի որ տեսնում են, որ դա է ապրելու ճանապարհը: Հայաստանի հետ հենց սա է արել Սերժ Սարգսյանը: Մարդիկ արդեն միմյանց խժռելու մասին են մտածում, որովհետև իրենց «մարմնի» վրա մեկն անխորտակելի է և զոհեր է ուզում: Իրենք էլ միմյանց են զոհաբերում: Այս մասին պետք է նաև Ղարաբաղը մտածի: Ազատագրված տարածքներն այսօր լեգիտիմության անեծքի տակ են: Այսինքն՝ դրանք դատարկվել են փոխզիջման ընկալումից: Այսինքն՝ խաղաղությունից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում