Գլխավոր Լրահոս

Պապի այցը ոչ մի ներդրում չարեց Հարավային Կովկասում խաղաղությանը. Թուրքիայի ԱԳՆ

Պապի այցը ոչ մի ներդրում չարեց Հարավային Կովկասում խաղաղությանը. Թուրքիայի ԱԳՆ
Հռոմի Պապն ու Գարեգին Երկրորդը աղավնիներ են բաց թողնում Արարատ լեռան ուղղությամբ: Պաշտոնական Անկարան հայտարարել է, որ Հռոմի պապի այցելությունը Ծիծեռնակաբերդ, Հայաստանում և վերադարձի ճանապարհին արած նրա հայտարարությունները «մեկ անգամ ևս վկայում են 1915թ. իրադարձությունների վերաբերյալ հայկական մեկնաբանությանը նրա անվերապահ հակվածության մասին»: «Իրականում, այցից առաջ արված հայտարարություններն, ինչպես նաև այցի նախապատրաստությունը հաստատել էին փաստը, որ այդ այցը շահագործվում է: Ֆրանցիսկոս պապը, ցավոք, ինչպես և անցյալ տարի, հուսախաբ արեց Թուրքիային և թուրք ժողովրդին»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: «Պատմական իրադաձությունների հարցում Ֆրանցիսկոս պապի կողմնակալությունը չի համապատասխանում ո՛չ տարբեր խմբերի միջև խաղաղության ու բարեկամության ուղղությամբ նրա ջանքերին, ինչպես նա մշտապես շեշտում է, ո՛չ էլ այս տարվա փետրվարի 3-ի Վատիկանի մամուլի ծառայության՝ 1915թ. իրադարձությունների վերաբերյալ հաղորդագրությանը, որում շեշտադրվում էր համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու մեր առաջարկը»: «Այսպիսով՝ մենք ափսոսանքով նշում ենք, որ Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան և ոչ մի ներդրում չկատարեց Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը, հատկապես ճգնաժամային այս ժամանակահատվածում, որի վկայությունն են ապրիլին տեղի ունեցած բախումները Լեռնային Ղարաբաղում՝ շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում: Իրականում, կեղծ բարեպաշտություն դրսևորողներից, - ինչպիսին Սուրբ Աթոռն է, - ակնկալվում է, որ կթողնեն բարեկամության և խաղաղության ժառանգություն, ինչպես նաև կորդեգրեն հաշտողական դիրքորոշում, որը հարգում է օրենքը»: Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հաջորդ քայլը լինելու է Անկարայում Վատիկանի թիվ մեկ դիվանագետին ԱԳՆ կանչելը: Թերթը նշում է, որ Վատիկանի դեսպանը, որը վերջերս է ժամանել Անկարա, դեռ չի հանձնել իր հավատարմագրերը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հետևաբար հավանական է, որ Թուրքիայի ԱԳՆ կկանչվի դեսպանության առաջին խորհրդական Անջելո Ակկատինոն: Անկարան, սակայն, ըստ նույն աղբյուրների, դեռ չի դիտարկում Վատիկանում իր դեսպանին հետ կանչելու հարցը: *** Հունիսի 24-26-ը կայացավ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան: Հունիսի 24-ին ՀՀ նախագահի նստավայրում Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, շեղվելով նախապես գրված տեքստից, կրկին գործածել է «ցեղասպանություն» եզրը: Պաշտոնական Անկարան քննադատել է այդ հայտարարությունը՝ այն որակելով որպես «խաչակրաց արշավանքների մտածողությանը բնորոշ հայտարարություն»: Վատիկանը, ի դեմս խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդիի, հակադարձել է Թուրքիային՝ ասելով, որ Պապը «թուրք ժողովրդին չի վիրավորել, և նրա նպատակը ժողովուրդների միջև կամուրջներ կառուցելն է»: Հայաստանից վերադառնալու ճանապարհին պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հռոմի Սրբազան քահանայապետն ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե Հայաստանում չասեր առնվազն նույնը, ինչ անցյալ տարի Սբ Պետրոս տաճարում: *** Այս տարվա սկզբին Թուրքիան հայտարարել էր, որ որոշել է վերադարձնել Վատիկանում իր դեսպանին, որը հետ էր կանչվել` ի նշան բողոքի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագի և Հայոց ցեղասպանության դատապարտման: Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել, որում վկայակոչում է Վատիկանի մամուլի ծառայության հաղորդագրությունը` թվագրված փետրվարի 3-ով: 2015թ. ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ էր մատուցել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Պատարագի ժամանակ Պապը Հայոց ցեղասպանությունն անվանել էր «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» և անցյալ դարի երեք մեծ ողբերգություններից մեկը: Պապի կողմից պատարագի մատուցումն ու նրա հնչեցրած հայտարարությունը մեծ դժգոհություն էին առաջացրել Թուրքիայում: Թուրքիայում Վատիկանի դեսպանը կանչվել էր Թուրքիայի արտգործնախարարություն` բացատրութուն տալու նպատակով: Խորհրդակցության համար նաև հետ էր կանչվել Վատիկանում Թուրքիայի դեսպանը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում