Հունիսի 28-ի ուշ երեկոյան Ստամբուլի «Աթաթյուրք» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների արդյունքում զոհվել է առնվազն 36 մարդ, վիրավորվել՝ մոտ 150-ը. այսպիսի տվյալներ է բերել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը դեպքի վայրում տված ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ փաստերը մատնանշում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, այդուհանդերձ, «ահաբեկիչների ինքնության բացահայտմանն ուղղված աշխատանքը շարունակվում է»:
Բինալի Յըլդըրըմի տեղեկացմամբ՝ երեք հարձակվողները մահապարտներ էին, որոնք պայթյունից առաջ օգտագործել են նաև հրազեն: Բոլոր երեքը պայթեցրել են իրենց:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել հարձակումը խստորեն դատապարտող հայտարարությամբ՝ կոչ անելով աշխարհին և «հատկապես արևմտյան տերություններին վճռական դիրքորոշում որդեգրել» ահաբեկչական կազմակերպությունների հարցում: Նա խոստացել է, որ Թուրքիան կշարունակի պայքարը բոլոր ահաբեկչական կազմակերպություններին դեմ այնքան ժամանակ, մինչև ահաբեկչությանը վերջ դրվի:
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ նախնական տեղեկություններով Ստամբուլում պայթյունի հետևանքով տուժածների թվում հայեր չկան: Նախնական տեղեկություններով #Ստամբուլ|ի օդանավակայանում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան
Civilnet











