Գլխավոր Լրահոս

Գումարները վստահե՞լ կոռումպացվածներին, թե՞ ոչ

Գումարները վստահե՞լ կոռումպացվածներին, թե՞ ոչ

Լուսանկարում՝ Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսը։

Հարկային օրենսգրքի՝ կարելի է ասել սկանդալային փոփոխությունների նախագծի հետ կապված նոր շերտեր են ի հայտ գալիս: Չնայած այն հանգամանքին, որ գործարարների գերակշիռ մեծամասնությունը, այդ թվում՝ մերձիշխանական, դեմ են փոփոխություններին, իշխանությունը, երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած, փորձում է անցկացնել դրանք:

Նախագծի նկատմամբ քննադատական ֆոնին Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խիստ դրական է գնահատում այդ փոփոխությունները՝ կարծիք հայտնելով, որ օրենքի ուժ ստանալուց հետո այդ փաստաթուղթը կնպաստի բյուջեի եկամուտների ավելացմանն ու բնակչության համար ավելի լավ ծառայություններ ապահովելուն:

«Այս երկիրը լավ դպրոցի, լավ ճանապարհների, լավ կառավարման կարիք ունի: Եվ դրա համար յուրաքանչյուրը պետք է ներդրում անի,- ասել է Սանչեսն ու հավելել: - Կրթությունը, առողջապահությունն այստեղ շատ ցածր մակարդակի վրա է, չկա կապիտալի ներդրում, չկան ենթակառուցվածքներ: Առանց այս ամենի՝ հնարավոր չէ երկիրը զարգացնել, իսկ հիմա դրա համար լավ հնարավորություն է ստեղծվել»:

Տիկին Սանչեսը փաստացի հորդորում է ըմբռնումով մոտենալ և հանգիստ բացել գրպանները իշխանությունների համար, քանզի, ըստ ԱՄՀ-ի գնահատականի, մեր գրպաններից հավաքագրված հավելյալ գումարները պետք է նպաստեն երկրում գործարարության համար առավել բարենպաստ ու գրավիչ միջավայր ձևավորելուն:

Դժվար կլիներ վիճել տիկին Սանչեսի հետ, եթե չլիներ մի փոքր նրբություն: Միջազգային մի շարք կազմակերպությունների գնահատականներով՝ Հայաստանում կրիտիկական բարձր է կոռուպցիայի մակարդակը, և այն համակարգային բնույթ է կրում:

Օրինակ՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլի»՝ 2015թ. Հայաստանում Կոռուպցիայի ընկալման համաթիվը կազմել է 35, և այդ ցուցանիշով մենք 168 երկրների ու տարածքների շարքում զբաղեցնում ենք ոչ պատվաբեր 95-րդ հորիզոնականը:

Քաղաքացիների կողմից կոռուպցիայի ընկալման նման բարձր համաթիվ ունենալու պարագայում որքանո՞վ է նպատակահարմար հավելյալ գումարներ հավաքագրել ու տնօրինման հանձնել մի կառավարության, որին  քաղաքացիները բացարձակապես չեն վստահում և կոռումպացված են համարում:

ԱՄՀ-ն և ՀԲ-ն միլիոնավոր դոլարների վարկային միջոցներ են տրամադրում այս իշխանությունների տնօրինմանը: Ի՞նչ վստահություն ունեն, որ դրանք, օրինակ, գյուղական ճանապարհի ասֆալտ դառնալու փոխարեն՝ չեն հանգրվանի ինչ-որ մի բարձրաստիճան չինովնիկի շվեյցարական հաշվեհամարի վրա կամ չեն վերածվի ինչ-որ մի շքեղ առանձնատան Բեվերլի Հիլսում:

Այս իրավիճակում, երբ ԱՄՀ-ն խորհուրդ է տալիս ավելի շատ գումարներ հատկացնել կառավարությանը, կա՛մ համոզված է, որ ՀՀ իշխանությունները կոռումպացված չեն, և «Թրանսփարենսին» ու հեղինակավոր մյուս միջազգային կազմակերպությունները սխալվում են, իսկ ՀՀ իշխանությունները արդյունավետ են տնօրինում բյուջետային միջոցները, և պետք է վստահել նրանց ու ավելի շատ գումար տալ:

Իսկ եթե ԱՄՀ-ն հավատում է ՀՀ իշխանությունների կոռումպացվածության վերաբերյալ մի շարք միջազգային կազմակերպությունների հետազոտությունների արդյունքներին, այդ դեպքում ինչքանո՞վ է տրամաբանական Հայաստանում նրա կոչը՝ ավելի շատ գումար վստահել կառավարությանը:

Առավել հավանական է, որ ԱՄՀ-ն ՀՀ կառավարությանը նոր վարկային միջոցներ տրամադրելու համար պայման է առաջադրել Հարկային օրենսգրքում նման փոփոխություններ կատարել: ՀՀ իշխանություններն էլ, որոնք մշտապես ֆինանսական սուր քաղցի մեջ են, որովհետև տապալել են երկրի ներդրումային միջավայրը և այժմ չեղած ներդրումների փոխարեն ստիպված են նորանոր վարկեր ներգրավել, հնազանդվել են ԱՄՀ-ի պահանջներին ու ամեն գնով փորձում են կյանքի կոչել գործարար շրջանակներին հարվածող այդ փոփոխությունները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում