Չնայած այն իրողությանը, որ Թուրքիան փակ է պահում Հայաստանի հետ սահմանը և մերժում է Երևանի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, իսկ Արցախի հարցում բացահայտ աջակցում է Ադրբեջանին, Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշռում այդ երկրի տեսակարար կշիռը զգալի է եղել 1991-ից ի վեր:
Այս՝ 2016 թվականի առաջին հինգ՝ հունվար-մայիս ամիսների ընթացքում, ինչպես արձանագրված է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության արտաքին առևտրի տվյալների բազայում, Հայաստանը Թուրքիայից ներմուծել է գրեթե 50 միլիոն դոլարի ապրանք (ավելի հստակ՝ 49 միլիոն 388 հազար 900 դոլար) և Թուրքիա է արտահանել ընդամենը 243 հազար 200 դոլարի արտադրանք: Այսպիսով, հինգ ամիսների ընթացքում Հայաստանը Թուրքիայից ներմուծել է ավելի քան 200 անգամ ավելի արտադրանք, քան արտահանել է:
Հայ-թուրքական առևտուրը իր ծաղկման շրջանին է հասել Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին: Այսպես, 2008-2016 թթ. ընթացքում Թուրքիայից Հայաստան է ներկրվել ավելի քան 1.7 միլիարդ դոլարի արտադրանք, նույն ժամանակահատվածում Հայաստանից Թուրքիա արտահանվել է 11 միլիոն դոլարի ապրանք ընդամենը, այսինքն՝ 155 անգամ պակաս: Թուրքիայից Հայաստան ներկրումների գագաթնակետը Աբդուլլահ Գյուլի Երևան այցի տարում էր՝ 2008-ին, երբ ներկրվեց ավելի քան 268 միլիոն դոլարի արտադրանք:
Ճիշտ է նաև, որ 2015-ին, նախորդ տարիների հետ համեմատ, հայ-թուրքական ապրանքաշրջանառությունը զգալի անկում ապրեց: Թուրքիայից Հայաստան ներմուծումը կազմեց շուրջ 137 միլիոն դոլար, իսկ արտահանումը՝ գրեթե 1.5 միլիոն:
Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստան-Թուրքիա ապրանքաշրջանառությունը (ԱՄՆ դոլարով), ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, եղել է հետևյալը.
Տարեթիվ Արտահանում Ներմուծում
2015 1.497.800 136.958.200
2014 1.494.300 232.268.800
2013 1.595.600 210.702.200
2012 927.800 213.468.300
2011 1.049.400 240.248.200
2010 1.291.300 210.381.200
2009 1.197.500 177.648.800
2008 1.850.900 268.187.300
Ռոբերտ Քոչարյանի նախագահության 10 տարիներին Թուրքիայից Հայաստան է ներկրվել գրեթե 600 միլիոն դոլարի ապրանք, արտահանվել՝ շուրջ 18 միլիոնի:
Տարեթիվ Արտահանում Ներմուծում
2007 3.033.000 130.631.300
2006 2.370.500 95.422.900
2005 2.473.400 66.928.000
2004 2.021.200 44.804.700
2003 1.154.700 40.886.700
2002 1.435.800 38.232.000
2001 1.130.000 33.755.900
2000 1.527.900 40.462.400
1999 1.128.500 40.152.200
1998 2.987.500 56.779.800
Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ընթացքում, ավելի ճիշտ՝ 1995-ից (այդ տարվանից են պահպանվել պաշտոնական վիճակագրական տվյալներ) մինչև 1997-ը ներառյալ, Թուրքիայից Հայաստան է ներկրվել 46 միլիոն դոլարի ապրանք, արտահանվել՝ գրեթե 16 միլիոն դոլարի արտադրանք:
Տարեթիվ Արտահանում Ներմուծում
1997 7.152.700 38.395.900
1996 6.031,200 6.254.500
1995 2.598.300 2.589.500
Ի դեպ, Հայաստանից Թուրքիա ամենից շատ արտադրանք արտահանվել է 1997-ին՝ ավելի քան 7 միլիոն դոլար:
Այսպիսով, վերջին 22 տարիներին՝ 1995 թվականից ի վեր (այդ տարվանից են պահպանվել պաշտոնական վիճակագրական տվյալներ), Հայաստանը Թուրքիայից ներկրել է շուրջ 2.4 միլիարդ դոլարի ապրանք, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում Հայաստանից Թուրքիա է արտահանվել շուրջ 45 միլիոն դոլարի ապրանք, այսինքն՝ 53 անգամ պակաս:
Թուրքիայից Հայաստան ապրանքը հասնում է հիմնականում Վրաստանի տարածքով, քանի որ Անկարան շարունակում է շրջափակման տակ պահել Հայաստանի հետ ցամաքային սահմանը 1993-ի ապրիլի 2-ից:
Թաթուլ Հակոբյան
Թաթուլ Հակոբյան











