Տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի միջև:
Իրանական կողմը դրական է արձագանքել հայկական կողմի՝ Իրանից Հայաստան ներմուծվող գազի ծավալներն ավելացնելու առաջարկին: Ինչպես հաղորդում է կառավարության պաշտոնական կայքը, հարցը քննարկվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հեռախոսազրույցում:
«Զրուցակիցները բարձր են գնահատել երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում: Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը դիմել է Էսհաղ Ջահանգիրիին՝ Իրանից Հայաստան ներմուծվող գազի ծավալներն ավելացնելու հարցով, քանի որ Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով հուլիսի 10-ից օգոստոսի 10-ը Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է: Իրանական կողմը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին:
***
Օրերս «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, վկայակոչելով Վրաստանի գազատրանսպորտային ընկերության պաշտոնական ծանուցումը, հաղորդել էր, որ 2016թ. հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 10-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի:
«Գազպրոմ Արմենիա»-ի հաղորդագրության համաձայն՝ գազամատակարարումը դադարեցվում է Վրաստանի տարածքում «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական, գծային փականների փոխարինման, ինչպես նաև սողանքի շրջանում գազատարի նոր կառուցված հատվածի ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով:
Ընկերությունը միևնույն ժամանակ տեղեկացրել էր, որ ՀՀ սպառողների անխափան գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստարան կայանի հաշվին:
Civilnet











