Գլխավոր Լրահոս

«Դուք մաֆիա խաղացած կա՞ք». զրույց ոստիկանի հետ

«Դուք մաֆիա խաղացած կա՞ք». զրույց ոստիկանի հետ
Բարձրաստիճան ոստիկանին հարցնում եմ. -Ինչու՞ եք Սերժ Սարգսյանին կրծքով պաշտպանում: -Մեզ համար մեկ է՝ ում կպաշտպանենք: -Բա որ մեկ է, ինչու՞ եք նրա դեմ դուրս եկածներին ծեծում: -Բա հենց դրա համար, որ մեր համար մեկ է՝ ում ենք ծեծում: -Այսի՞նքն: -Շատ պարզ, մենք խնդիր չունենք որեւէ մեկի կողքին կանգնելու: Մեր խնդիրն էն է, որ մեզ հետո չասեն, թե ինչու՞ չծեծեցիք: Ու չեն ասում: -Ո՞վ չի ասում: -Ղեկավարությունը: -Դուք հատու՞կ եք ընտրում ծեծողներին: -Չէ, մեթոդն է նրանց դարձնում ծեծող: Էս ոլորտը հաստատուն գումարի աղբյուր է, մենք էստեղ դեմ չենք, որ մարդիկ հերոսանալու հույսեր ունենան: Էդ մեր խայծն է: Դու գրել ես էդ մասին: Հենց բռնում ենք էդ հովի վրա, հասկանում ենք՝ սա հրամանները լավ կկատարի: -Գիտե՞ք, ես նախ ծեծողների կիրքը չեմ հասկանում: Բաժին տարված մեր հարեւանը պատմում է, թե ինչ հաճույքով եք դա անում՝ հայհոյանք, տարերային, անսպասելի հարվածներ: -(Քմծիծաղ) Մենք հեռատես ենք: Էդ էսօրվա համար չենք ծեծում: «Սասնա ծռերի» հերն էլ անիծած: -Այսինքն, ո՞նց՝ հեռատես եք: -Մենք «հավաքագրում» ենք էդ մարդու վախը: Դու գրե՞լ ես իր մասին: -Դեռ ոչ: Բայց գրելու եմ: -Քեզ ասե՞լ է, որ իր անունն ու ոստիկանության բաժինը չհրապարակես: -Ասել է: -Ընտրություններին ինքը լինելու է մեր «կլիենտը»: -Դուք անձամբ մարդ ծեծե՞լ եք: -Նեղացնում ես: Ես ոչ մեկին չեմ խփել երբեք: -Բա ինչպե՞ս եք թույլ տալիս, որ ուրիշները խփեն: -Հիմա պիտի նստեմ, քեզ բացատրեմ, թե ինչու՞ է Գասպարյան Վովան աղոթում, իսկ Երանոսյան Լյովան հայհոյում: Երկուսն էլ լավ հայր են, գիտե՞ս: Էրեխեքն իրենց արեւով են երդվում: -Դուք ուզում եք ասել, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը ձեր համար առաջին տեղում է, իսկ օրենքը՝ երկրո՞րդ: -Ոչ: Ես դա չեմ ուզում ասել: Բայց իշխանությունն առաջին տեղում է: -Համակարգում ծեծողն ապագա ունի՞: -Հիմի տես, ուղեղդ աշխատացրու: Էս համակարգն արդեն ապագա է: Պարապ տանը պիտի նստեր, չէ՞: Պիտի նստեր: Հիմա փող է ստանալու: Երաշխավորված: Մենակ էնպես աչքի չընկնի, որ մեզ դնի հարվածի տակ: Իր ծեծող լինելու գնահատականը մենք չենք տալիս: Տվողը տալիս է: Էն Հիդրոմետի տղու նման: Մի երկու անգամ ցիկլոնների մասին խոսեց, դարձավ ձեր թմրանյութը, արդեն առանց իրա եղանակի տեսություն չեք պատկերացնում: Մեր ծեծողը գնահատվում է ձեր... -Հակազդեցությամբ... -Ապրի արեւդ (ծիծաղում է)... -Ձեր շարքայինները փող չեն ստանում, նրանք ինչու՞ են այդքան «նվիրված» ձեր հրամաններին: -Ո՞վ ասաց չեն ստանում: Նրանց ուրախացնում է ժամանակին ստանալը: Մեծ փող չէ, բայց ժամանակին է: Մի խայծ էլ կա՝ ոստիկանությունն ամբողջ իշխանության կառուցվածքն ունի՝ կատարիր հրամանը եւ արա ինչ ուզում ես: Մեկ ուրիշ խայծ՝ փայ մտիր, բայց գող մի դարձիր: Դա արատավորում է մեր համազգեստը: Կամ, եթե ուզում ես անպատիժ լինել ծառայությունից դուրս, եղիր, բայց առանց ոստիկանական համազգեստի: -Բայց դրանք համարյա ԿԳԲ-շնիկի կամ հարկային ծառայողի արտոնություններ են: -Ասում եմ՝ չէ՞, մեր աշխատանքը իշխանության կառուցվածքն ունի՝ ամեն ինչ կարելի է, եթե արդեն կատարել ես քո ընտրությունը: -Ձեր ղեկավարը, ինչպես մենք ենք հասկանում, սիրում է խաղալ: Դա ի՞նչ հաշիվ է: -Գասպարյան Վովա՞ն: -Այո: Սիրում է, չէ՞, աղոթել, րոպեների տարբերությամբ կարող է ժպտալ եւ բղավել: -Ես Գասպարյանին քո հետ չեմ քննարկի: -Մի րոպե: -Մի րոպե, ես ասեմ՝ ձեզանից երկար ժամանակ կպահանջվի հասկանալու, որ էդ խաղը մեզ է պետք, ձեզ պետք չէ: -Այսինքն: -Անցանք առաջ: -Ասում են՝ ծառայության առաջին օրից երազում է նմանվել Վանո Սիրադեղյանին: -Ասեցի՝ Գասպարյանին հանգիստ թող: Դու Վանո Սիրադեղյանին տեսե՞լ ես: -Դե ինչպե՞ս ասեմ: Ինքն ինձ մի խնջույքի ժամանակ հարցրեց՝ կարո՞ղ եմ պատմվածք գրել «Թուլեքի թագավորությունը» վերնագրով: -Հետո՞: -Էդ օրից գրում եմ: -Ինձ գիտե՞ս ինչն է ուրախացնում: Կարող եք ասել ինչ ուզում եք, կարող եք հայհոյել ոստիկանին, կարող եք նույնիսկ ծեծել, սպանել, էդ մեզ ձեռք է տալիս, միայն թե գլխի չընկնեք, թե մենք ինչ ենք անում: -Ո՞վ ասաց, լավ էլ գլխի ենք ընկնում: -Չեք ընկնում: Մեր բան ու գործը հո ծեծելն ու գործ սարքելը չէ: Մենք վահան ենք, ամեն ինչ պիտի անենք, որ ձեր թեման լինենք մենք: Դրա համար էլ ծեծում ենք ու գործ ենք սարքում: -Էդ ամեն ինչի գաղափարախոսը դու՞ք եք: -Ե՞ս: Ես նույնիսկ էս ամեն ինչի մասին մեր բակի գարաժում մտածողը չեմ: Ես ինքնուրույն եմ գլխի ընկել սա: Թե չէ ինչի՞ պիտի քեզ ամեն ինչ ասեի: -Իսկ դուք ինչպե՞ս այսքան վերեւ հասաք: -Ես ավելի վերեւում էլ եմ եղել: Սա ի՞նչ է: -Ինչ-որ չեմ հիշում: -Մի փնտրիր ողջերին մեռելների մեջ (երկուսով մի քանի րոպե ծիծաղում ենք): Վերջացրեցի՞նք: -Միայն մի հարց: Եթե կարելի է՝ դա էլ ու վերջ: Կասե՞ք ինչու Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում ոչ մի լրագրող չսպանվեց: Թե՞ ով որ սպանվելու էր, արդեն վերացվել է նրա նախագահ դառնալու ճանապարհին: -Դու  մաֆիա խաղացած կա՞ս: -Ըհը: -Մաֆիայի ժամանակ չգիտես, չէ՞, թե էս գիշերվա զոհն ով է: Հիմա դուք: Կարող եք ապրել, կարող եք կարմիրներով իրար դեմքով իմանալ ու վերջում հաղթել: Բայց դուք մաֆիայի գիշերվա թիրախն եք: Առանց թիրախի չեն խաղում: Մի վստահ եղիր, որ իշխանությունը կվրիպի: Գիշերն է ուշանում:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում