Գլխավոր Լրահոս

Թուրքիան ղարաբաղյան բանակցություններում ներգրավված է եղել 1992-1993-ին

Թուրքիան ղարաբաղյան բանակցություններում ներգրավված է եղել 1992-1993-ին
Վերջին օրերին շատ է խոսվում Թուրքիայի՝ ղարաբաղյան հարցում հնարավոր ներգրավվածության մասին: Այդ խոսակցությունները, որ հիմնականում գալիս են Անկարայից, սկսվեցին այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելեց Բաքու, իսկ հաջորդ երկու օրերին հյուրընկալեց նախ Թուրքիայի, ապա Հայաստանի նախագահներին: Թե ինչքանով են հիմնավոր թուրքական ներգրավվածության մասին լուրերը, թողնենք մի կողմ և ընդգծենք, որ 1992-1993-ին Թուրքիան ներգրավված է եղել: Ընդ որում, այդ ներգրավվածությունը ընթացել է Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն պատրաստելուն զուգահեռ, որի վրա աշխատում էին երկու երկրների դիվանագետները: Հիշենք, թե ինչպես է դա եղել: 1992-ի վերջերին ղարաբաղյան կարգավորման բանակցություններում սկիզբ դրվեց 5+1 ձևաչափով (Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի նախագահների ներկայացուցիչները և ԵԱՀԿ, այն ժամանակ՝ ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովի նախագահը) շփումներին: Դա ստվերային կամ աշխատանքային խումբ էր, որը Մինսկի խմբի համար պետք է փաստաթղթեր պատրաստեր: Այդ ձևաչափով տեղի ունեցան մի քանի փուլ բանակցություններ, որոնցից առաջինը Ժնևում 1992-ի վերջերին: Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ չէր Անկարայի ներգրավմանը, թեև թուրքերն ակնհայտ ադրբեջանանպաստ կեցվածք էին որդեգրել: Հայաստանի նախագահը ակնկալում էր, որ Անկարային ներգրավելով ավելի դյուրին կլինի մեղմել Թուրքիայի կողմնապաշտությունը: 5+1 ձևաչափով շփումների ընթացքում՝ 1993-ի մարտի 8-ին Թուրքիայի արտգործնախարար Հիքմեթ Չեթինը հեռախոսազրույց ունեցավ Տեր-Պետրոսյանի հետ: 1993-ի հունվարի առաջին օրերին Մոսկվայում կայացած 5+1 ձևաչափով հանդիպման ընթացքում պատրաստվում էր ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագիր, սակայն Բաքուն անսպասելի հետ կանչեց իր պատվիրակին: Հունվարի 18-24-ը ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովի նախագահ, իտալացի դիվանագետ Մարիո Ռաֆայելլին այցելեց Բաքու, Երևան և Ստեփանակերտ, մինչ տարածաշրջան գալը Թուրքիայում հանդիպեց ԵԱՀԿ-ում այդ երկրի ներկայացուցչի, իսկ այցի վերջում, մարտի 1-ին՝  Մոսկվայում, բանակցեց իր ռուս գործընկեր Անդրեյ Կոզիրևի հետ: Չեթինը զրույցի ընթացքում առաջարկեց ինչ-որ ձև գտնել, որպեսզի Անկարան և Մոսկվան համագործակցեն Բոսնիայի և Ղարաբաղյան հակամարտությունների կարգավորման հարցում: Կոզիրևը համաձայնություն տվեց Չեթինի առաջարկին` միասին այցելել Բաքու և Երևան, գուցե նաև՝ Ստեփանակերտ: Բորիս Ելցինի՝ Ղարաբաղյան հարցում հատուկ բանագնաց Վլադիմիր Կազիմիրովին զարմացնում է Կոզիրևի համաձայնությունը` Չեթինի հետ միասին այցելել հակամարտության շրջան: Թուրքիան արդեն հասցրել էր ապացուցել, որ չի կարող ղարաբաղյան կարգավորման հարցում խաղալ կառուցողական դեր: Չեթինը Մոսկվայից մեկնեց Բաքու` նախապատրաստելու իր և Կոզիրևի համատեղ այցը: Թուրքիայի արտգործնախարարը հանդիպեց Էլչիբեյի հետ, և Մոսկվային ու Վաշինգտոնին տեղեկացրեց, որ Ադրբեջանի նախագահը, ընդհանուր առմամբ, ողջունում է ռուս-թուրքական նախաձեռնությունը: ԱՄՆ պետքարտուղար Ուորեն Քրիստոֆերը, սակայն, Չեթինի հետ հեռախոսազրույցում կասկածի տակ է դնում ռուս-թուրքական նախաձեռնության նպատակահարմարությունը: Ամերիկացիները կարևորում էին Մինսկի խմբի գործունեությունը և ձգտում զսպել Ռուսաստանին: Չեթինը, իր հերթին, ողջունում է ամերիկացիների հնարավոր միացումը ռուս-թուրքական նախաձեռնությանը: Սակայն ո՛չ Կոզիրև-Չեթին համատեղ այցը կայացավ և ո՛չ էլ կրակը դադարեցվեց, քանի որ Թուրքիան նախապայման էր դնում` հայերը պետք է հեռանան Շուշիից և Լաչինից: Մարտի կեսերից հետո Ժնևում կայացավ 5+1 ձևաչափով նոր հանդիպում: Այս օրերին ղարաբաղյան ուժերը շարունակում էին առաջխաղացումը և վերահսկողության տակ վերցնում ավելի վաղ գրավված Մարտակերտի գյուղերը: Թվում էր` նրանք կշարունակեին խորանալ Մարտակերտի ուղղությամբ, սակայն հակառակորդի համար անակնկալ փոխեցին ուղղությունը դեպի Քելբաջար, առանց որի գրավման չափազանց դժվար կլիներ Մարտակերտի պաշտպանությունը: Ադրբեջանը հրաժարվեց 5+1 ձևաչափից այն բանից հետո, երբ ղարաբաղյան ուժերը մտան Քարվաճառ (Քելբաջար): Ուշագրավ էր, որ Քարվաճառի գործողությունը համընկավ 5+1 ձևաչափով Ժնևյան վերջին հանդիպման հետ: Երբ Արցախյան ուժերը մտան Քարվաճառ, Բաքուն հրաժարվեց 5+1 ձևաչափից, իսկ Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը: Ավելին, հենց 5+1 ձևաչափով բանակցությունների ընթացքում էր, որ Հայաստանն ու Թուրքիան աշխատում էին դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրության վրա: Այդ փաստաթղթի վրա աշխատող հայ դիվանագետները տարբեր զրույցներում ակնարկել  են, որ եթե չլիներ Քարվաճառի գործողությունը, ապա մեծ էր հավանականությունը, որ Հայաստանն ու Թուրքիան կհաստատեն դիվանագիտական հարաբերություններ և միմյանց մայրաքաղաքներում կբացեն դիվանագիտական ներկայացուցչություններ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում