Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն այսօր հերքել է արևմտյան լրատվամիջոցներում տարածված այն պնդումները, թե Սիրիայում Անկարայի ռազմական օպերացիայի թիրախը քրդերն են, այլ ոչ թե ջիհադականները:
«Նրանք կա՛մ ոչինչ չգիտեն աշխարհի մասին, կա՛մ նրանց աշխատանքն է չքողարկված ստեր հաղորդել»,- Al-Monitor կայքը մեջբերում է Յըլդըրըմին, որը մեկնաբանել է վերոհիշյալ հայտարարությունները: Նման եզրակացություն, մասնավորապես, արել էր գերմանական Der Spiegel պարբերականը՝ «Թուրքիայի օպերացիան Սիրիայում. ԻՊ-ը պատրվակ է, թիրախը քրդերն են» վերնագրով իր հոդվածում:
«Մեր զինվորների առաքելությունն է՝ ապահովել մեր սահմանային անվտանգությունը, մեր քաղաքացիների կյանքն ու ունեցվածքը: Մնացած լուրերը պարզապես սուտ են»,- ասել է Յըլդըրըմը:
***
Օգոստոսի 24-ին Թուրքիան Սիրիայի հյուսիսում սկսել է «Եփրատի վահան» ռազմական օպերացիան, որում ներգրավվել են ինչպես ցամաքային, այնպես էլ օդային ուժեր: Անկարան ի դեմս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարել է, որ պայքարում է ոչ միայն «Իսլամական պետության», այլև Սիրիայի քրդական զինուժի դեմ: Թուրքիայի օպերացիային աջակցություն է հայտնել ԱՄՆ-ը՝ կոչ անելով քրդական զինուժին վերադառնալ Եփրատի արևելյան ափ, հակառակ դեպքում՝ սպառնալով զրկել ամերիկյան օգնությունից:
Թուրքական օպերացիան և Անկարայի իրական մտադրությունները ՍիվիլՆեթի տաղավարում վերլուծել է արևելագետ Սարգիս Գրիգորյանը, որը նույնպես այն համոզման է, որ Թուրքիայի հիմնական թիրախը Սիրիայի քրդերն են:
Civilnet











