Գլխավոր Լրահոս

Նորոգ հանգուցեալ թուրք գրողն ու հայկական հարցը

Նորոգ հանգուցեալ թուրք գրողն ու հայկական հարցը

Օգոստոսի 29-ին կյանքից հեռացավ թուրքական գրականության նշանավոր  դեմքերից մեկը՝ վիպագիր ու սցենարիստ Վեդաթ Թյուրքալին։ Նա 97 տարեկան էր, Թուրքիայի Հանրապետության պատմության ուղեկիցը, որը գրականության վերածեց երկրի բոլոր իրադարձությունները։

Վեդաթ Թյուրքալին համոզված կոմունիստ էր, Թուրքիայի ձախակողմյան շարժման անդավաճան ներկայացուցիչ։ Նա ու նրա գաղափարակիցները  այլախոհներ էին, ընկալվում էին քեմալականության գաղափարական հակառակորդներ ու Խորհրդային Միության կողմնակիցներ, ուստի գրողի կյանքը հեշտ չի եղել։

Նա երախտագիտությամբ էր հիշում իր մանկության ընկեր ու գաղափարակից Հայկ Աչըքգյոզին, որը բանտում կտտանքների ենթարկվելով` այդպես էլ չտվեց իր գաղափարակից ընկերոջ՝ ապագայի մեծ գրող Վեդաթ Թյուրքալիի անունը։ Գրողի խոստովանությամբ՝ Հայկը վճռական նշանակություն է ունեցել իր կյանքում․ «Այդ տարիներին, երբ Թուրքիայի կոմունիստական կուսակցության վրա ճնշումներ էին գործադրվում, Հայկը, ես ու կինս գաղտնի  բջիջ էինք ստեղծել։ 1951թ․ սկսվեց սոցիալիստների աննախադեպ որս, ձերբակալվեցին Թուրքիայի առաջատար մտավորականներ, քաղաքական գործիչներ ու գրողներ։ Նրանց թվում էր նաև Հայկը։ Հայտնի Սանասարյան Հանում տարատեսակ խոշտանգումների ենթարկվելով՝ այդպես էլ իմ անունը չտվեց։ Թեպետ հետո յոթ տարի բանտարկվեցի, սակայն դա այլ էր»։

1951թ․ ձերբակալվեց ու յոթ տարի բանտում եղավ։ Բանտային տարիներից հետո Աբդուլքադիր Փիրհասանը գրաքննությունից խուսափելու նպատակով ընդունեց Վեդաթ Թուրքալի անունը։ Հետագայում էլ քաղաքական պայքարի բոցերում մնաց՝ հավատարիմ իր համոզումներին։

Նույնիսկ 96 տարեկանում մասնակցում էր ցույցի՝ հանդես գալով քրդերի իրավունքների պաշտպանությամբ։ Հետաքրքրասերներին նա մեկ նախադասությամբ պատասխանեց․ «Այս երկրում խաղաղություն չի լինի, եթե քրդերը, հույները, հայերն ու մյուս ժողովուրդները ազատ չապրեն»։ Սակայն թե՛ նրա գրականության մեջ, թե՛ քաղաքական տեսադաշտում հայկական հարցը երկար ժամանակ պարզապես բացակայում էր։ Ընդհանրապես թուրքական գեղարվեստական գրականության մեջ հայկական թեման գրեթե չէր շոշափվում։

Վեդաթ Թյուրքալին՝ «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» գրությամբ պաստառը ձեռքին, 2012թ․, Ստամբուլ։

2004թ․ «Ակoս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը հետևյալ դիտարկումն արեց, թե Թուրքիայի ձախ շարժման ներսում չափազանց քիչ է քննարկվել հայկական հարցը։ Ի պատասխան` գրողը նկատեց, թե այդ մասին իրենց սերունդը տեղյակ չի եղել, և ինքն էլ հայկական իրադարձությունների մանրամասների մասին շատ ավելի ուշ է իմացել։ Դինքը, որը փորձում էր համոզել հայաստանցիներիս, թե Թուրքիայի բնակչության մի զգալի մասը տեղյակ չէ պատմական եղելությանը, չէր կարողանում հավատալ, որ ընդամենը 30 տարի առաջվա իրադարձությունների մասին 1940-ականների ձախ գործիչները չեն իմացել։

Արդեն 2014թ․ Վեդաթ Թուրքալին հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք մտավորականներին անվանեց այսպես կոչված մտավորականներ։ Ավելին՝ երկարատև քաղաքական ուղին նրան բերել էր այն համոզման, որ քրդական հարցի լուծման համար նախևառաջ անհրաժեշտ է հայկական հարցը լուծել։

Վեդաթ Թյուրքալիի գրականության մեջ էլ տեղ գտավ հայկական թեման։ 2014թ․ նրա նոր վեպում, որը հիմնականում նվիրված է 1980թ․ սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումից մինչև 1999թ․ Թուրքիայի պատմությանը, անդրադարձ է կատարվում «հայերին ու քրդերին պատուհասած զուլումին» (նկատի ունի Հայոց ցեղասպանությունն ու քրդերի դեմ 1980-ականների հալածանքները - խմբ․)։ Լրագրողի հարցին, թե գիտակցված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին գիրքը հրատարակել, գրողը պատասխանել է․ «Չէի նախատեսել, բայց այդպես լավ եղավ։ Եթե ֆիլմ նկարահանվի, թե՛ հայերի, թե՛ թուրքերի համար օգտակար կլինի»: Թյուրքալին գիրքը նվիրել է իր ընկեր Հայկ Աչըքգյոզին:

Թեպետ վերջին տարիներին թուրք գրողներն առավել հաճախ են անդրադառնում   հայկական թեմային, ակնարկում կոտորածների մասին, սակայն շարունակում են տպագրվել ու մեծ ընդունելության արժանանալ թուրքական պաշտոնական տեսակետներին համահունչ գրքեր։ Ահմեթ Գյունբայ Յըլդըզ անունով թուրք գրողի «Ֆիգան» վեպը, որը 2009-ից վերահրատարակվել է 36 անգամ, պատմում է Էրզրումում (Կարին) հայերի ու թուրքերի կռվի մասին, ուր հայերը ներկայացրված են ծայրահեղ բացասական, իսկ թուրքերը՝ ծայրահեղ դրական գույներով։ Այս առումով շատ խոսուն է վեպից հետևյալ դրվագը․ 12 տարեկան թուրք երեխան հայ հասակակիցների հետ ռազմի խաղեր խաղալուց առաջ օձ է սպանում, իսկ գրողական երևակայությունը սպանված օձի ու հայի երեխայի միջև կապ է ստեղծում։

Գրականությունը մարդկանց հույզերի ու մտածումների խտացված արտահայտությունն է, հասարակության յուրահատուկ հայելին։ Այն, պատմական փաստերի շրջանցումով հանդերձ, ավելի ճշմարտացիորեն կարող է ներկայացնել մարդկային հույզերն ու հոգեվիճակը։ Թուրք ընթերցողը կարիք ունի առնչվել հայկական թեմային գեղարվեստական գրականության միջոցով։ Այդ պատճառով յուրաքանչյուր թուրք գրողի համար հայկական թեման, հայ մարդու պատմությունը հսկայական աղբյուր է և նույնիսկ՝ գայթակղության քար։

Մնում է ընտրություն կատարել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում