Երևանի նախկին քաղաքապետ, ռուսական «Գազպրոմբանկի» նախկին փոխնախագահ Կարեն Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել Հայաստանի վարչապետի պաշտոնում իր հնարավոր նշանակումը:
Հայաստանյան մամուլի հրապարակումների համաձայն՝ հինգշաբթի տեղի է ունենալու իշխող Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի, ապա Խորհրդի նիստը, որտեղ որոշվելու է վարչապետի փոփոխության հարցը: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն իր հերթին «Ազատությանն» ասել էր, թե գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկության հարցը լիարժեքորեն չի քննարկվել:
Մամուլի հրապարակումների համաձայն՝ վարչապետի փոփոխությանը հետևելու են մի շարք նոր նշանակումներ․նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշանակվելու է արտգործնախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավար։ Պաշտոնին հրաժեշտ է տալու նաև ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը։ Խոսվում է նաև ֆինանսների և գյուղատնտեսության նախարարների հնարավոր պաշտոնանկության մասին։
Civilnet











