Գլխավոր Լրահոս

Կառուցելով կամուրջներ. հայ-քրդական ֆորում՝ Լորդերի պալատում

Կառուցելով կամուրջներ. հայ-քրդական ֆորում՝ Լորդերի պալատում
Սեպտեմբերի 12-ին Լոնդոնում՝ Լորդերի պալատում, տեղի է ունեցել «Քրդական առաջընթացի կենտրոնի» և «Կոմիտաս ինստիտուտի» համատեղ հանրային ֆորումը՝  «Հայեր, քրդեր և թուրքեր. դեպի ցավոտ անցյալի խաղաղ հանգուցալուծում» խորագրով: Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Բիթլիսի և Մուտքիի (Մոտկան) համաքաղաքապետեր Հուսեյին Օլանը և Օզջան Բիրլիքը, «Կոմիտաս ինստիտուտի» տնօրեն Արա Սարաֆյանը, քաղաքագետ Թունջ Այբաքը: Ֆորումին քննարկվել են հայ-քրդական կամուրջների կառուցման հեռանկարները, Բիթլիսում վերջին զարգացումները: 2013թ. հունիսին «Կոմիտաս ինստիտուտը» սկսել էր քրդերի և հայերի միջև կամուրջների կառուցմանը միտված քաղաքացիական նախաձեռնություն, որի նպատակն է հաշտության գալ 1915թ. ժառանգության հետ և առաջ գնալու խաղաղ ճանապարհ նախանշել: Կարճ ժամանակահատվածում նախաձեռնությունը ծավալվել է. դրա շրջանակում կազմակերպվել են Բիթլիսի հայերին վերաբերող մի շարք ցուցահանդեսներ, Հայոց ցեղասպանության թեմայով համաժողով, Բիթլիսի փողոցներից մեկը վերանվանվել է Ուիլիամ Սարոյանի պատվին: Քուրդ քաղաքապետերն այցելել են Սբ Սարգիս եկեղեցի Հայ-քրդական ավելի սերտ հարաբերությունների ջատագովներ Հուսեյին Օլանն ու Օզջան Բիրլիքը լոնդոնյան այցի շրջանակում այցելել են Քենսինգթոնում հայկական Սբ Սարգիս եկեղեցի, հանդիպում ունեցել Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հետ, քննարկել հայկական սփյուռքի և քրդական համայնքների միջև շփումները: Հանդիպմանը մասնակցել է Հարինգեյի քաղաքապետ Ալի Գյուլ Օզբեքը և «Կոմիտաս ինստիտուտի» տնօրեն Արա Սարաֆյանը: Հայկական եկեղեցի այցի նախօրեին քուրդ պաշտոնյաները հանդես են եկել հայտարարությամբ, որում մատնանշել են Հայոց ցեղասպանության փաստը և հայերի հետ կամուրջներ կառուցելու ցանկություն հայտնել: «Ժամանակակից Թուրքիան դեռ կրում է այն օրերի սպիերը, այդ թվում՝ Բիթլիսում և Մուտքիում, որտեղից մենք ծագում ենք: Թուրքիայի Հանրապետությունը շարունակում է հերքել հայերի հետ տեղի ունեցածը»,- ասված է քաղաքապետերի հայտարարության մեջ: Շեշտելով, որ իրենք չեն կարող չեղարկել 1915-ի «սարսափելի ժառանգությունը»՝ Օլանն ու Բիլրլիքը՝ որպես Բիթլիսի և Մուտքիի քաղաքապետեր, բարեկամության ձեռք են մեկնել բոլոր հայերին: «Մենք ցանկանում ենք ձեզ հետ նոր կամուրջներ կառուցել, փոխարինել անցյալում քանդվածները: Ապագան մեր ձեռքերում է»,- եզրափակել են քուրդ գործիչները: Ստելլա Մեհրաբեկյան

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում