Հայաստանը ընտրող չունի

Հայաստանը ընտրող չունի: Ամեն ինչ ունի, բայց ընտրող չունի: Ունի սոված, ունի կուշտ, ունի հարուստ, ունի աղքատ, ունի հիմար, ունի խելոք, ունի թոշակառու, ունի երիտասարդ, ունի ծեր, ունի մայր, ունի անբուժելի հիվանդ, ունի ստրուկ, ունի պայքարող, ունի մահապարտ, ունի զինվոր, ունի դասալիք, ունի փիլիսոփա կամ բանաստեղծ, գիտնական և երաժիշտ: Բայց ընտրող չունի:
Որովհետև ընտրությունը ոչ մի կապ չունի ծեր կամ հիվանդ, առողջ կամ երիտասարդ լինելու հետ: Կարող է լինել երիտասարդ և զառանցող, կարող է լինել զինվոր և անհայրենիք: Հայաստանցին Հայաստան չունի: Ունի Ռուսաստան, ունի Ամերիկա, Բելգիա, ունի Կանադա կամ Ավստրալիա: Բայց Հայաստան չունի: Որովհետև ինքնին Հայաստանը փող չէ: Հայաստանցին կամ ավելի ճիշտ՝ հայը, ամեն ինչ չափում է սեփական օգուտով: Նորմալ է: Նույնիսկ քարն է դիտարկել հացի աղբյուր, քարից հաց է քամել: Ընտրությունը փող չէ: Ընտրությունն ի՞նչ է՝ գաղափարների, տեսիլների կռիվ: Այս ՏԻՄ ընտրություններից հետո բոլորն ուզում են հասկանալ՝ որտե՞ղ տանուլ տվեցին: Ամենապարզի մեջ՝ ընտրությունը փող չէ: Ընտրակաշառքը ընտրության արդյունք է, բայց ինքը գործարք է․ մարդը վերցնում է փողը և գործ է անում, այս դեպքում գնում է ընտրատեղամաս և «պտիչկա» դնում քվեաթերթիկում: Ինքը աշխատանքը կատարեց ազնվորեն՝ ոչ մի կետում չսխալվեց: Կարևորը, որ դրա համար փողն արդեն ստացել էր: Մարդը սկզբից տեսնում է փողը: Ընտրությունը կանխիկ փող է՝ ի տարբերություն բոլոր այլ աշխատանքների, երբ փողն ստանում են անելուց հետո: Չես կարող ասել՝ մարդը կատարեց իր ընտրությունը թեկուզ փողով: Մարդը չկատարեց իր ընտրությունը: Չես կարող ասել՝ ինքը ծախեց իր երկրի ապագան փողով: Ինքը չծախեց իր երկրի ապագան: Կանխիկ գործարքներում երկրի ապագա չկա: Կանխիկ գործարքների հիմնական բովանդակությունը քեզանից բացի մյուսների վրա թքած ունենալու մտայնությունն է կամ «շնից մազ պոկելու» խերը:
Հայ մարդն ընտրական գործընթացը պետք է կապի այնպիսի հասկացությունների հետ, որոնք կառուցված են հեռանկարների վրա: Փողն անհեռանկար բան է Հայաստանում: Հայ մարդը փողի հետ կապված է ապոկալիպսիսային զգացումներով՝ թող էսօր լինի, վաղը մի բան կմտածենք: Բոլոր թանկացումները, բանկերի բարձր տոկոսներով վարկերը սրանով են բացատրվում՝ ապագայի բացակայությամբ: Մարդիկ մտնում են ռիսկի տակ, բայց այնպես, որ այդ ռիսկը հենց այսօր արդարացնի իրեն: Որքան էլ գլուխ ջարդեք ՏԻՄ ընտրություններում իշխանության հաղթանակի վրա, պատճառը ընդդիմության պառակտվածությունը չէ, պատճառը քաղաքական ծրագրերի բացակայությունը չէ, պատճառը այդ ամենում առանձին վերցրած մեկ ընտրողի հենց այսօրվա «քյարի» բացակայությունն է: Նույնիսկ սպառնալիքը «փող» է, որովհետև փողը կյանքի երաշխիք է․ եթե ես սպառնում եմ վիզդ պոկել Բալասանյանի դաշինքի օգտին չտրվելիք ձայնի համար, դու անմիջապես աշխատեցնում ես ինքնապահպանման բնազդդ՝ ախպեր, շառ ու փորձանքից հեռու: Ինչո՞ւ զինվորը Հայաստանի քաղաքացի չէ իր էությամբ: Որովհետև նա քաղաքացի լինելու առաջին սանդղակի վրա է, ինքը Հայրենիք է պաշտպանում, որի սահմաններին կանգնած մտածում ես, թե ի վերջո ի՞նչ է էդ Հայրենիքը: Գուցե նույնիսկ ի վերջո կարողանում ես ձևակերպել, գուցե մայրդ, հայրդ, քույրդ, եղբայրդ կարողանում են ի վերջո քո պատկերացումներում միաձուլվել էդ Հայրենիքի հետ և իմաստավորվել, բայց գալիս է հրամանատարդ ու ասում՝ ախպեր, եթե ընտրություններում քվեդ Սերժին (կամ՝ Պողոսին) չտվեցիր, վիզդ կթռցնեմ: Եվ վերջ: Դե գնա ու մտածիր, թե ինչ է Հայրենիքը:
Պաշտպանելիք սահմանդ դրանից չպղծվեց, բայց դու արդեն հասկացար, որ ադրբեջանցի զինվորից բացի՝ մի ավելի շոշափելի, բայց անհասկանալի թշնամի ունես: Ու երբ ասում ես «ադրբեջանցի», հետո հայ հրամանատար, անմիջապես հասկանում ես, որ երկու դեպքում էլ խնդիրն ինքնապահպանման մեջ է, «մինչև տեսնենք՝ ինչ է լինում, ախպեր»: Ու անմիջապես հասկանում ես, որ «ադրբեջանցին» արդեն սոսկ սահմանի մյուս կողմում կանգնած թշնամի չէ, որովհետև արդեն գիտես, որ թշնամի լինելու համար ադրբեջանցի պետք չէ լինել: Ու այսպես զինվորը բանակից «զորակոչվում» է «լիարժեք» քաղաքացիություն, որտեղ արդեն Հայաստան չկա: Որտեղ սահմանին քո հայտնագործած Հայրենիքը քննություն բռնելու տեղ չունի: Կարծես թե Սովետ չի տեսել, բայց տեսած Հայաստանը բանական հենակետեր չունի: Կորչե՛ն գաղափարները, կորչե՛ն կուսակցությունները, կեցցե՛ նոր Սահմանադրությունը կամ գյուղապետը, եթե փողն արդեն տվել են: Հասկացա՞ք՝ ինչի մասին է խոսքը՝ մարդիկ փողով կտրում են «սեփական տեսիլքներ» ունենալու քաղաքացու կամ հայի հնարավոր պոռթկումը: Ու էսպիսի բաների համար հատուկ ժամապահներ են պահում՝ Սուրեն Խաչատրյան, Սամվել Ալեքսանյան, Սամվել Բալասանյան, Գագիկ Ծառուկյան, Ռուբեն Ջաղինյան և, ընդհանրապես, քրեաօլիգարխիկ ամբողջ աշխարհը: Այս ամենը չգիտի՞ վարչապետ Կարեն Կարապետյանը: Իհարկե, գիտի: Պատրաստվո՞ւմ է ինչ-որ բան անել: Իհարկե, չի պատրաստվում: Որովհետև կռվողն ինքը չէ: Ինքը իմիտացիան է: Ամեն ինչի իմիտացիան՝ պայքարողի, զինվորի, ընտրողի, բանաստեղծի, փիլիսոփայի, հարուստի, թոշակառուի, աղքատի: «Աղքատ» բառը փոքրատառով ենք գրում, բայց ինքը իշխանության միակ «նվաճումն» է․ Հայաստանի հերն անիծում է աղքատը: Որովհետև աղքատությունը չի սիրում կողմնակի թիթիզություններ՝ ընտրություններ, կուսակցություններ, գաղափարներ: Եվ 2017-ին Հայաստանը նույնպես ընտրող չի ունենալու․ մարդիկ, այս պետությունը դրա ժամանակը չունի: Այլ հարց է, որ գուցե ընտրությունները կամաց-կամաց ավելի քաղաքակիրթ և պակաս կեղծ լինեն: Բայց դեռևս մի երկար ժամանակ Հայաստանը կունենա ամեն ինչ, որը չի խանգարի, որ այս երկիրն ընտրող չունենա: Վերջին 20 տարում իշխանությունը Հայաստանում վերացրել է միայն ընտրողին: Մնացած ամեն ինչը սրա կողմնակի ազդեցությունն է:
Մհեր Արշակյան










