Վիկտոր Դալլաքյանը հեռանում է Հանրապետականից, որպեսզի վերադառնա ակտիվ քաղաքականություն: Այս մարդուն դժվար է հասկանալ: Այսինքն, չորս տարի առաջ Հանրապետականին անդամագրվելը ակտիվ քաղաքականության մեջ մնալու համար չէր, այլ դուրս գալու: Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ նշանակվելը ակտիվ քաղաքականություն չէր: Այսինքն, չորս տարի Հանրապետականի հետ Հայաստանը հակաքաղաքակրթական վակխանալիայի «բիբլիական» օջախ դարձնելը «ակտիվ քաղաքականություն» չէր: Այսինքն, չորս տարի առաջ էլ գիտեր ինչ է անում, հիմա էլ:
Մյուս կողմից Դալլաքյանի այդ հայտարարությունը հետաքրքիր է՝ Հանրապետական լինելը կյանքը դասավորելու նման մի բան է: Այդտեղ իսկապես ակտիվ քաղաքականության տարր չկա: Հանրապետականներից ո՞վ է այսօր ակտիվ քաղաքականության մեջ՝ ոչ ոք: Բոլորը վակխանալիայի մեջ են՝ մսխում են երկիրը ինչպես կարող են: Վիկտոր Դալլաքյանը հեռանում է մսխողներից: Ինչպես՝ ՕԵԿ-ը: Բայց ի տարբերություն ՕԵԿ-ի, դեռ կուսակցություն չունի, որ անունը փոխի ու նոր իմիջով հանդես գա: Բայց եթե ՕԵԿ-ը, ինչպես պաշտոնական ցուցանիշներն են վկայում, Գյումրիում ու Վանաձորում հարություն առավ մեռելներից, Դալլաքյանին ի՞նչն է խանգարում կրկնել այս սխրանքը: Ըստ իս՝ ոչինչ:
Հայաստանն է մեղք: Այս Հայաստանը, թվում է, այլևս որևէ մեկի անբարոյականության համար բավարար դեմք և տարածք չունի: Թվում է, թե այս Հայաստանը արդեն միայն կարող է գետնի տակն անցնել: Գոնե իր փրկիչներից պրծնելու համար: Որովհետև քաղաքականություն վերադարձող որևէ մեկի խաղադրույքն այլևս մեր հիշողությունը չէ: Ի՞նչը հիշենք: Հիշում ենք, խնդրեմ, որ մարտի 1-ն ավելի շատ ՕԵԿ-ի վրա է ծանրացած, քան ՀՀԿ-ի, բայց ՕԵԿ-ը կրկին ձիու վրա է: Հիշում ենք, որ Սերժ Սարգսյանը և Հանրապետականը 2008-ից մինչև հիմա Հայաստանի վրայից քերել են քաղաքակրթության բոլոր արտահայտությունները, որ Հայաստանում երբեք այսքան սոված, անիրավված, անարժանապատիվ և երազանք չունեցող մարդ չի եղել: Հիշում ենք: Բայց Վիկտոր Դալլաքյանը վերադառնում է այնպես, ասես պահանջում ենք նրա վերադարձը: 2008-ին ինքը հանդիպել է Սերժ Սարգսյանին և ներկայացրել պարտադիր կատարման չորս կետ, որոնցից ոչ մեկը գոնե մինչև 2012-ը Սերժ Սարգսյանը չի կատարել: 2012-ին պարոն Դալլաքյանը անդամագրվում է ՀՀԿ-ին՝ կուսակցական տոմսը վերցնելով անձամբ Սարգսյանից:
Ես հասկանում եմ, որ քաղաքականության մեջ ամեն ինչ կարելի է ոչ թե պահի, այլ տեսիլքի թելադրանքով: Այդ տեսիլքը մարդկանց չի ճանաչում: Մարդիկ այդ տեսիլքի մեջ կարող են նույնիսկ արյունահեղության զոհեր լինել: Քաղաքականության գործիքներն սկսվում են մտքից և կարող են ավարտվել ատոմային ռումբով: Քաղաքականության տեսիլքը անբարոյականություն էլ չի ճանաչում, ինչպես նաև՝ բարոյականություն, որովհետև նրա խնդիրը բարոյականն ու անբարոյականը քննելը չէ: Որովհետև քաղաքականության հիմնական գործիքը միտքն է: Այդտեղ ամեն ինչ տեխնոլոգիա է՝ և՛ դավադրությունը, և՛ սպանությունը, և՛ համագործակցությունը: Սակայն այնտեղ սեր և միություն չկա: Հավատ էլ չկա: Քաղաքականությունն Աստված չունի: Եվ ես հասկանում եմ, որ հրապարակային ոչ մի քաղաքական գործիչ այս ամենն ասելու համարձակություն չի ունենա: Սակայն Հայաստանում իշխում են հատկապես նրանք, ովքեր քաղաքականության անբարոյականության մասին ինչ-որ բան են լսել ու հատկապես տեղյակ են, որ անբարոյականներն են լավ ապրում:
Տղե՛րք, մի քիչ էլ կրթվելը չէր խանգարի: Քաղաքականությունն այնուամենայնիվ մի բանի հետ հաշվի է նստում՝ ուրիշի արժանապատվության: Որովհետև ինքն իր պարտվողական լինելու մասին էլ է մտածում: Ուրիշի արժանապատվությունը գետնով տալը քաղաքականության մեթոդոլոգիայի մեջ չկա: Հանրապետականը ուրիշի արժանապատվությունը հողին հավասարեցրած կուսակցություն է: Դալլաքյանը մասնակցել է դրան: Եվ նույնիսկ հիմա է մասնակցում, երբ ասում է, որ եթե իր ընտանիքին մի բան պատահի, մեղավորը Սերժ Սարգսյանն է: Ինքն այդ մարդուն լքում է, երբ ոչնչով վնասել չի կարող: Եվ վերադառնում է ընդդիմադիր դաշտ, երբ որևէ տեղ զբաղեցնել չի կարող: Հետևաբար, նրա խաղադրույքը արժանապատվություն չունեցող Հայաստանի քաղաքացին է, որի համար Վիկտոր Դալլաքյանի ընդդիմադիր դաշտ վերադառնալն ու իր Հայաստանից արտագաղթելը նույն բանն է: Այսինքն, երկուսն էլ իրեն չեն վերաբերում:
Մհեր Արշակյան











