Գլխավոր Լրահոս

Վանաձորում «Հայկական վերածնունդ»-ի քաղաքապետի թեկնածուին մեղադրանք է առաջադրվել

Վանաձորում «Հայկական վերածնունդ»-ի քաղաքապետի թեկնածուին մեղադրանք է առաջադրվել

Վանաձոր համայնքի ավագանու անդամ՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությունից, Արկադի Փելեշյանին մեղադրանք է առաջադրվել՝ հոգևոր հովիվ Ռաֆայել Գրիգորյանին ծեծելու համար, հաղորդում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Համաձայն Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 2-ին՝ Վանաձոր համայնքում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձոր համայնքի ավագանու թեկնածուների ցուցակի առաջին համար Արկադի Փելեշյանը հոկտեմբերի 4-ին` ժամը 21-ի սահմաններում, գնացել է Վանաձոր քաղաքի Վարդանանց 28 հասցեում գտնվող Վանաձորի «Ավետարանական հավատքի քրիստոնեաների» եկեղեցի կրոնական կազմակերպության մասնաշենք։ Նախնական քննության տվյալներով՝ նշված ընտրությունների ժամանակ իրեն չսատարելու ու իր կարծիքով իր օգտին չքվեարկելու համար Արկադի Փելեշյանը վիճաբանել է իր  ծանոթի` կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ Ռաֆայել Գրիգորյանի հետ, որի ընթացքում ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխի ու դեմքի շրջանին` ծեծի ենթարկելով նրան:

Փելեշյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ (Ծեծը) հոդվածով։ Առաջադրված մեղադրանքում Փելեշյանն իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունք տալ, հաղորդում են Քննչական կոմիտեից:

Նախաքննությունը շարունակվում է:

***

Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը իրենց թեկնածուի մասնակցությամբ միջադեպից հետո հայտարարել էր, որ Արկադի Փելեշյանը ծեծի է ենթարկել Ռաֆայել Գրիգորյանին, քանի որ վերջինս 500 հոգու 10 –հազարական դրամ է բաժանել՝ հօգուտ ՀՀԿ-ի թեկնածուի: Ճշտող հարցին, թե ունի արդյոք ինքը ապացույցներ, փաստեր, Բիշարյանը բացասական պատասխան էր տվել:

Ռաֆայել Գրիգորյանը պատրաստվում է դատական կարգով պատասխանատվության կանչել Հեղինե Բիշարյանին։

Վանաձորում քաղաքապետի ընտրությունների մասին

Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայացած քաղաքային իշխանությունների ընտրություններում առաջին տեղը զբաղեցրել էր ՀՀԿ-ն՝ ստանալով ձայների 37.6%-ը (13 մանդատ): Երկրորդ տեղը զբաղեցրել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (27.5%, 10 մանդատ), երրորդ տեղը՝ «Հայկական վերածնունդը» (13.34%, 5 մանդատ), չորրորդը՝ «Բարգավաճ Հայաստանը» (7.25%, 3 մանդատ): Անցողիկ 6 տոկոս շեմը հաղթահարել էր նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը (6.36%, 2 մանդատ)։

Հոկտեմբերի 8-ին «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները ստորագրել էին համագործակցության հուշագիր, որով պարտավորվել էին Վանաձորի քաղաքապետի պաշտոնում պաշտպանել «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանի թեկնածությունը։

Ստորագրված հուշագիրը, սակայն, կյանքի չկոչվեց։ Հոկտեմբերի 10-ին Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստին փակ գաղտնի քվեարկությամբ, որն անցավ բավական թեժ մթնոլորտում, քաղաքապետ ընտրվեց իշխող Հանրապետական կուսակցության թեկնածու Մամիկոն Ասլանյանը՝ ստանալով 19 ձայն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում