Գլխավոր Լրահոս

Հայաստանում տնտեսության աճի համար երկու շարժիչ կա․ Պյոտր Սվիտալսկի

Հայաստանում տնտեսության աճի համար երկու շարժիչ կա․ Պյոտր Սվիտալսկի

Հայաստանի տնտեսության աճի համար երկու հիմնական շարժիչ կա՝ փոքր և միջին ձեռնարկությունների զարգացում և օտարերկրյա ներդրումների ներգրավում․ այսպիսի տեսակետ հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ Երևանում կազմակերպված տնտեսական խորհրդաժողովին։

«Ազատ շուկայական տնտեսություն․ Հայաստանի ապագայի տեսլականը» խորագիրը կրող խորհրդաժողովին պարոն Սվիտալսկին նշեց, որ իր՝ Հայաստանի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը վերջինիս ուղերձը հստակ էր․ «Բիզնես միջավայրի բարելավում, մենեջմենթի, կառավարման եվրոպական մշակույթի ներդրում, ինչը նրա կարևոր առաջնահերթություններից է»։

Դեսպան Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ն համոզված է, որ պետք է նպաստի Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանը, և դա Հայաստանի հետ աշխատելու իրենց առաջնահերթություններից է։

Նպաստել ՓՄՁ-ների զարգացմանը

«Կարծում եմ՝ հայերից շատերը, ոչ միայն փորձագետները, այլև հասարակ մարդիկ, բավական քննադատաբար են խոսում Հայաստանի տնտեսության այս փուլի մասին։ Այստեղ շատ փորձագետներ համոզված են, որ աճին նպաստող ավանդական գործոնները մեծապես սպառվել են, և Հայաստանը պետք է որոնի աճը խթանող այլ շարժիչներ, շեշտադրում անի բավարար տնտեսական աճի տեմպ ունենալու վրա, որպեսզի կարողանա հաղթահարել տնտեսական և սոցիալական բազմաթիվ առկա խնդիրները»,- ասաց Սվիտալսկին՝ հավելելով, որ իրենց  վերլուծություններով՝ Հայաստանում տնտեսական աճը խթանող երկու շարժիչ կա՝ փոքր և միջին ձեռնարկությունները և օտարերկրյա ներդրումները։

«Եթե ԵՄ-ն համեմատենք Հայաստանի հետ, ապա ԵՄ-ում զբաղվածության և ՀՆԱ-ի 70 տոկոսը ապահովում են փոքր և միջին ձեռնարկությունները, մինչդեռ Հայաստանում այդ թիվը կազմում է 30 տոկոս։ Հայաստանն այս առումով հետ է մնում ոչ միայն Մոլդովայից, Ուկրաինայից, Վրաստանից, այլև անգամ Բելառուսից։ Պատահական չէ, որ ԵՄ-ն մեծ ծրագիր է սկսում Հայաստանում՝ աջակցելու ՓՄՁ-ներին»,- ասաց դեսպան Սվիտալսկին։

Նա նշեց, որ այդ հարցում ԵՄ-ի հիմնական գործընկերը Գերմանիայի զարգացման գործակալությունն է՝ GIZ-ը, և իրենց նպատակն է նպաստել բիզնես միջավայրի բարելավման ջանքերին և բիզնեսների համար ֆինանսական ռեսուրսների մատչելիությանը։ Դեսպան Սվիտալսկիի խոսքով՝ ԵՄ-ի համար առաջնահերթություն է նաև իրավական երաշխիքների ապահովումը, երբ սկսնակ ընկերություններն արդեն հաջողեն և դառնան հաստատուն ընկերություններ։ «Հայաստանում, կարծում եմ, ՓՄՁ-ները հատուկ ուշադրության և մեծ աջակցության կարիք ունեն»,- կրկնեց Սվիտալսկին։

Օտարերկրյա ներդրումների համար միջավայրը պետք է բարելավվի

Տնտեսական աճի մյուս շարժիչը, ըստ Պյոտր Սվիտալսկիի, պետք է լինեն օտարերկրյա ներդրումները։

«ԵՄ-ն Հայաստանում խոշորագույն ներդրողն է, բայցևայնպես մենք կարծում ենք, որ օտարերկրյա ներդրումների համար միջավայրը պետք է բարելավվի։ Մենք համոզված ենք, որ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու Հայաստանի ներուժը շատ ավելի մեծ է, քան ներկայիս ցուցանիշներն են․

«Իհարկե, կան մի շարք խոչընդոտներ, որոնք պետք է հաղթահարել ավելի շատ ներդրում ներգրավելու համար, մասնավորապես՝ քաղաքական խոչընդոտներ․ Ղարաբաղի հարցի կարգավորումը, օրինակ, դրանցից մեկն է։ Բայցևայնպես մենք կարծում ենք, որ Հայաստանի ներուժը շատ ավելի մեծ է, քան ներկայիս ցուցանիշներն են»։

Սվիտալսկիի խոսքով՝ որպեսզի այս երկու գործոնները կյանքի կոչվեն, պետք է անմիջապես վերացվեն բիզնես գործունեության ճանապարհին եղած սահմանափակումները։ Նա նշեց, որ դա այն է, ինչ վարչապետը վստահեցրել է իրենց։

«Ոչ մի ՓՄՁ, ոչ մի օտարերկրյա ներդրող չի գա, եթե ներդրումների համար հիմնական չափորոշիչները բարելավված չեն»,- նշեց Սվիտալսկին։ 

Բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերի թվում դեսպան Սվիտալսկին առանձնացրեց նաև մաքսակետերում «հսկիչ գին» կոչվող պրակտիկայի վերացումը, երբ մաքսավորը ապրանքի մաքսազերծման համար կամայական որոշումներ կարող է ընդունել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում