Ազգային ժողովը հոկտեմբերի 21-ին հավանություն տվեց կառավարության ծրագրին։ Ծրագիրն ընդունվեց ձայների 85 կողմ, 7 դեմ և 6 ձեռնպահ հարաբերակցությամբ։
Մինչ քվեարկությունը վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ կարճ եզրափակիչ ելույթով և շնորհակալություն հայտնեց շահախնդիր քննարկման, դիտարումների ու առաջարկությունների համար։ Կարապետյանն ասաց նաև, որ անկախ այն բանից, թե ինչպես կքվեարկվի կառավարության ծրագիրը, իրենք բաց են ցանկացած առաջարկի, խորհուրդների համար և պատրաստ են համատեղ աշխատել։ «Պարզապես խնդրում ենք առաջարկությունները և քննադատությունները ներկայացնել առարկայական և կիրառական, որպեսզի պարզ լինի, թե ինչն եք ուզում փոխել և ինչպես»,- ասաց նա։
Անդրադառնալով քննադատություններին՝ Կարապետյանն ասաց, որ եղան քննադատություններ, որոնց տրամաբանությունը դժվար էր հասկանալ, սակայն ասվեցին բաներ, որոնք իրականում պահանջում են վերլուծություն, ինչը և իրենք պատրաստվում են անել։ «Շատ լավ պատկերացնում ենք այն բեռը և այն շտանգան, որը բարձրացնում ենք։ Հավանականություն կա՞, որ, ժողովրդի լեզվով ասած, գրիժա կստանանք, կա։ Կստանա՞նք, թե՞ չէ, ցույց կտա ժամանակը, սակայն կարծում եմ, որ եթե միասնական լինենք և պահենք մեր քաղաքացիական դիրքորոշումը, հաջողություն կունենանք»,- եզրափակիչ խոսքում ասաց վարչապետը։
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ելույթ ոնեցավ վարման կարգով և ասաց, որ չի ցանկանում ժխտողական ազդակով սկսել, բայց նաև չի կարող լիովին աջակցել կառավարությանը մինչև չտեսնի կոնկրետ ռեալ քայլեր և այդ առումով ձեռնպահ կքվեարկի։ Արզումանյանը նշեց նաև, որ հասարակությունը չի կարող զրկվել հույսերից, և ինչ-որ հույսեր Կարեն Կարապետյանի նշանակմամբ առաջացել են։
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հայտարարեց, որ իրենք չեն կարող վստահություն հայտնել իշխող կուսակցության կողմից ներկայացված որևէ կառավարությանը, որովհետև անցած տարիները նման հիմքեր թույլ չեն տալիս։ «Մենք ծրագրի քվեարկությունը համարում ենք վստահության քվեարկություն և մեր անվստահությունը հայտնելու ենք դեմ քվեարկելով»,- ասաց նա։
Գործադիրը կառավարության ծրագիրն ընդունել էր հոկտեմբերի 18-ի արտահերթ նիստում։ Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումները սկսվել էին երեկ։ Խորհրդարանին ծրագիրը ներկայացրել էր վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ծրագիրը ներկայացնելուց հետո նա պատասխանել էր պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին մենաշնորհներին, ստվերին, կոռուպցիային։
Civilnet











